Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց նկարչական փառատոնը

Սեպտեմբեր 16,2010 00:00

Նվիրված՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին

\"\"
Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրը:

Օրեր առաջ «Թումանյանական օրվա» շրջանակներում մեկնարկեց «Լոռվա ձորում» խորագիրը կրող նկարչական փառատոնը՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին: Լոռվա ձորում նման փառատոնի սկիզբը դրվել է անցած տարի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ: Իսկ այժմ 12 ճանաչված նկարիչներ արդեն մի քանի օր է, ինչ ստեղծագործում են Լոռվա ձորի տարբեր տարածքներում: Ստեղծագործական հիմնական խաչմերուկը Մոտկոր աշխարհի գյուղերն են: Այստեղ է գտնվում Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրը՝ Ահնիձորը, իր գեղեցիկ եւ անկրկնելի բնաշխարհով: «Մի քանի տարի առաջ ես առիթ եմ ունեցել ցուցահանդես կազմակերպելու՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակին,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանը,- հիմա էլ կրկին իմ գործընկերների հետ եկել ենք Հրանտի աշխարհ եւ կփորձենք վրձնահարվածներով ներկայացնել այն: Հուսով եմ, որ աշնանը հետաքրքիր ցուցահանդես կունենանք Երեւանում»:
Լոռիում գեղեցիկ աշուն է, նոր սկսվող, բայց անկրկնելի գույներով ու երանգներով: Ամեն մի նկարիչ փորձում է այստեղ՝ Ահնիձորում եւ շրջակա գյուղերում՝ Լորուտում, Քարինջում, Մարցում իր գույնը, իր բնապատկերը գտնել:
«Լոռվա աշխարհը նկարչի համար ստեղծագործական մեծ լիցքեր ունի,- ասում է ծագումով լոռեցի, ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանը,- վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո փորձում ենք ինքնատիպ բնապատկերներ գտնել եւ վրձնել»:
Այսպես, յոթ օր շարունակ 12 նկարիչներ կվրձնեն Լոռվա ձորի պատկերները, Մոտկորից՝ Հրանտ Մաթեւոսյանի աշխարհից բացի, մեր հոգեւոր կենտրոնները՝ Օձունը, Սանահինը, Հաղպատը, Ախթալան: Հենց Ախթալայում էլ սեպտեմբերի 19-ին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծումից հետո կկազմակերպվի հանպատրաստից բացօթյա ցուցահանդես, կներկայացվեն ստեղծագործական աշխատանքները եւ դրանով իսկ կկատարվի սիմպոզիումի փակումը: «Ուղիղ մեկ շաբաթ կտեւի նկարչական փառատոնը,- մեր թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- այն մեկնարկեց Դսեղում, կավարտվի Ախթալայում»:
Դսեղում նկարիչները քչախոս էին, շատ ասելիք կունենան Ախթալայում: Ախթալայում ցուցադրվելիք աշխատանքների հաջորդ հանգրվանը կլինի արդեն ավանդական դարձած «Լոռվա ձորում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ի դեպ, Լոռվա աշխարհի հոգեւոր վերածննդի մասին է վկայում Ախթալայի եկեղեցու վերաօծումը, որից հետո դարձյալ ժողովրդական տոնախմբություն տեղի կունենա Լոռվա գողտրիկ անկյուններից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել