Երեկ «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի եւ մի խումբ հայ ասպետների ասուլիսը: Նրանք խոսեցին օրերս Արեւմտյան Հայաստան կատարած շրջագայության ժամանակ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկանների դրսեւորած բռնություններից: Ասպետներն իրենց վրդովմունքը հայտնեցին երեխաների իրավունքների ոտնահարման առիթով: Նշեցին, որ եթե եվրոպական երկրներում արգելված չէ իսլամի հավատացյալների աղոթքը, ինչո՞ւ է նույնը Թուրքիայում քրիստոնյաներին արգելվում: Հայ ասպետները վրդովված են նաեւ Սուրբ Խաչի վրա խաչ չտեղադրելու եւ թատերականացված պատարագ խաղալու՝ թուրքական «նոր ներկայացման» մտադրությունից: