Հոլիվուդյան հայազգի կինոռեժիսոր Ռոջեր Կուպելյանը, ով ընդգրկված է եղել շուրջ 50 հոլիվուդյան ֆիլմերի արտադրությունում, այդ թվում՝ «Մատանիների տիրակալը» եռապատումը եւ «Տերմինատոր-4»-ը, եղբոր՝ Արմեն Կուպելյանի հետ միասին Հոլիվուդում ձեռնարկել են Վարդան Մամիկոնյանի մասին պատմական ֆիլմի ստեղծումը: Կուպելյան եղբայրներն արդեն յոթ տարի է աշխատում են Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի սցենարի եւ նախապատրաստական աշխատանքների վրա, բանակցություններ են վարել հոլիվուդյան հայտնի ստուդիաների հետ:
Ֆիլմի ստեղծման գաղափարը շատերին է հետաքրքրել՝ անգամ օսկարակիր դերասանների, հայտնի ֆիլմ արտադրող ստուդիաների՝ այդ թվում Մել Գիբսոնի M power production ընկերությանը եւ մի շարք այլ ստուդիաների, որոնք համագործակցության ցանկություն են հայտնել, սակայն ֆիլմի նկարահանման աշխատանքները դեռեւս չեն սկսել: Fugitive Studios Entertainment գործառնական տնօրեն, ֆիլմի հեղինակներից Արմեն Կուպելյանը news.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ արդեն յոթ տարի է աշխատում են ֆիլմի վրա, որի նկարահանման համար անհրաժեշտ է 40-50 մլն դոլար:
Ա. Կուպելյանի խոսքով՝ որեւէ արտասահմանյան ֆիլմարտադրող ստուդիա, որը ցանկանում է համագործակցել եւ որոշակի ֆինանս տրամադրել ֆիլմի նկարահանման համար, նախ եւ առաջ ցանկանում է, որպեսզի 40-50% ֆինանսավորումն արդեն լինի, իսկ մնացած գումարը ինքն է հատկացնում: «Մեր երիտասարդությանը հերոս է պետք, իսկ հայության մեջ մենք ունենք այնպիսի հերոսներ, որոնք դժբախտաբար ճիշտ ձեւով չեն ներկայացվում, արդյունքում երիտասարդները հերոսներ են փնտրում դրսում»,- ասաց Ա. Կուպելյանը՝ հավելելով, որ ֆիլմը կարեւոր է հատկապես հայ երիտասարդների համար, ու նաեւ հնարավորություն է օտարներին մեր եւ մեր պատմության մասին տեղեկացնելու:
Ա. Կուպելյանի խոսքով՝ ուրիշ երկրների կառավարությունները, օրինակ՝ Ռումինիա, Բուլղարիա, ավելի հետաքրքրված են այս նախագծի իրականացմամբ, Ռումինիայի կառավարությունը անգամ հրավիրել է այնտեղ նկարահանումներ իրականացնելու, սակայն հայ ֆիլմարտադրողները նախընտրում են ֆիլմը նկարահանել հենց Հայաստանում, եւ ֆիլմի ստեղծման աշխատանքներում օգտագործել հայերին:
«Հետաքրքրական է, որ ուրիշ երկրների կառավարությունները ավելի հետաքրքրված են ֆիլմի ստեղծմամբ, քան մեր կառավարությունը»,- ասաց Ա. Կուպելյանը: