Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԷԼԻ՞ ՓԱԿՈՒՂՈՒՄ

Սեպտեմբեր 16,2010 00:00

\"\"ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի շուրջ քննարկումները դեռ շա՜տ կշարունակվեն:

Դեռեւս 2002թ., երբ ՀՀ մշակույթի նախարարը Ռոլանդ Շառոյանն էր, շրջանառության մեջ դրվեց թատրոնի մասին օրենքի նախագիծը, իսկ 2005թ. մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը թատրոններին առաջարկեց ծրագրային դրույթների մի հավաքածու, որը փոխարինելու էր օրենքի նախագծին: Այս նախագծերը մոռացության մատնվեցին, եւ միայն 2007թ. ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը թատրոնների քննարկմանն առաջարկեց նոր նախագիծ, որին արձագանքեցին թատերական շատ գործիչներ՝ խմբագրելով ու լրամշակելով շատ հոդվածներ:
Թատրոնի մարդիկ, արդեն երկար ժամանակ հայտնվելով ոչ օրենսդրական դաշտում եւ պաշտպանված չլինելով օրենքով, քանիցս իրենց մտահոգությունն են հայտնել այն առիթով, որ թատրոնները գործում են համահարթեցված Պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) մասին օրենքով, որը հաստատում է տնօրենի գերիշխանությունը, կամայական դարձնում աշխատավարձերի սահմանման սկզբունքները, տարակուսանքներ ծնում թատրոնների հարկման դաշտի նկատմամբ ունեցած պարտավորությունների եւ այլ խնդիրների առիթով: Օգտվելով օրենքի բացակայությունից, մշակույթի նախարարությունն էլ իր հերթին թելադրում է նոր սկզբունքներ, մասնավորաբար՝ թատրոնները զրկելով գեղարվեստական ղեկավարներից, ժանրային տարբերակումներից, առաջատար դարձնելով ձեւական գեղարվեստական խորհուրդների լիազորությունները, որոնց հետեւանքով էլ այսօր խաղացանկային ծրագրային քաղաքականությունից զրկվել են երկու ակադեմիական թատրոնները՝ Ազգային օպերային եւ Սունդուկյանի անվան: Բացի նշյալ թատրոններից, առանց գեղարվեստական ղեկավարի են գործում Երեւանի կամերային երաժշտական, Գյումրիի Վ. Աճեմյանի, Կապանի Ալ. Շիրվանզադեի, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնները: Էլ չենք խոսում այն մասին, որ օրենքի բացակայությունը առիթ տվեց մշակույթի նախարարությանը՝ գրեթե ծածուկ լուծարելու Երիտասարդական փորձարարական թատրոնը (Փոսի թատրոն) եւ նրա հաստիքները նվիրաբերելու մասնավոր թատերախմբի՝ «Գոյ» թատրոն-լաբորատորիային: Դարձյալ օրենքի բացակայությունն էր պատճառը, որ Մայր թատրոնի շենքից, որը հանդիսանում է պետական սեփականություն, օտարվեց մի հսկա հատված եւ նվիրաբերվեց «Գոյ» թատրոն-լաբորատորիա» ՍՊԸ-ին:
Կառավարման համակարգում տեղ գտած խեղաթյուրումները, ինչպես նաեւ ամիսներ շարունակ շրջանառվող այն լուրերը, որ լուծարվելու են «Ազգային օպերային թատրոն» եւ «Արամ Խաչատրյան» ՊՈԱԿ-ները՝ ձեւավորելով նոր կառույց, թե վաճառքի է հանվելու Մայր թատրոնը, խիստ անհանգստացնում են թատերարվեստի մարդկանց:
Դեռեւս մինչ արձակուրդ գնալը, Ազգային ժողովից հավաստիացնում էին, թե աշնանային նստաշրջանում վերջապես քննարկման է դրվելու թատրոնի մասին օրենքի նախագիծը: Այս առիթով կապվեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ, որը օրենքի հեղինակներից ու պատասխանատուներից մեկն է:
– Արդյո՞ք նախագիծը ստացել է բուն թատերական գործիչների փորձագիտական եզրակացությունը եւ արդյո՞ք օրենքն ընդունելուց հետո թատրոններում չեն դժգոհի, որ ամեն ինչ արվել է իրենց թիկունքում՝ ոչ իրավասու անձանց կողմից:
– Թատրոնի մասին օրենքի նախագիծը երկար պատմություն ունի: Այն շրջանառության մեջ է դրվել դեռ վաղուց, անցկացվել են քննարկումներ, որոնց ժամանակին, օրենսդիր մարմնում չաշխատելով, սակայն լինելով մշակութային օջախի տնօրեն, ինքս էլ եմ մասնակցել: Տեղյակ եմ եւ հավատացնում եմ, որ քննարկումների ընթացքում իրենց առաջարկները գրավոր թե բանավոր ներկայացրել են թատրոնների գեղարվեստական ղեկավարները, եւ կառավարությունը համակ ուշադրությամբ ու հետեւողականությամբ ցանկանում էր լսել էլի ու էլի նոր փոփոխությունների մասին: Այս ամենը նպատակ ուներ օրենքը հնարավորինս կատարյալ դարձնելու: Այսօր էլ մշակույթի նախարարությունը եւ մենք կարծում ենք, որ օրենքը դեռ թերի կողմեր ունի: Հուսով եմ՝ օրենքի շուրջ քննարկումները դեռեւս կշարունակվեն:
– Այսօր մշակույթի նախարարությունը ստեղծել է թատերական հարցերով զբաղվող հանձնաժողով, նշանակել է երկու ակադեմիական թատրոնների գեղարվեստական խորհրդի անդամներ, ըստ էության, այս ամենի մեջ դնելով աշխատանքների համար միանձնյա որոշումներ ու նախասիրություններ: Գիտենք, որ  ըստ գործող կանոնադրության, գեղարվեստական խորհուրդները հանդիսանում են տնօրեններին առընթեր խորհրդակցական մարմիններ, այստեղ օրենսդրական խախտումներ չե՞ք տեսնում:
– Բացառում եմ օրենսդրական խախտում, քանի որ ամեն մի թատրոն ունի իր կանոնադրությունը: Գեղարվեստական խորհուրդները առընթեր չեն լինում: (Գեղարվեստական խորհուրդները, ըստ թատրոնների գործող կանոնադրության, տնօրենին առընթեր խորհրդակցական մարմիններ են- Ս. Դ.): Հիմա, օրինակ, կան թատրոններ, որոնք գործում են միայն գեղարվեստական խորհուրդների թելադրանքով:
– Ըստ թատրոնի մասին օրենքի նախագծի, տարաբաժանվելու են երեւանյան եւ մարզային թատրոնները, այսինքն՝ մարզերում գործողները ունենալու են կրկնակի ենթակայություն՝ մշակույթի նախարարության եւ մարզպետարանների: Այստեղ օրենսդրական նոնսենս չե՞ք տեսնում, ի վերջո, եթե Երեւանը համայնք է, հետաքրքիր է՝ ի՞նչ կարգավիճակ են ունենալու մայրաքաղաքային թատրոնները:
– Նոր օրենք դեռեւս թատրոնների մասին չի եղել: Երեւանում գործող թատրոնները մշակույթի նախարարության ենթակայության տակ են, մարզերում՝ մարզպետարանի: Որպես իրավական միավոր, հայաստանյան թատրոնները ՊՈԱԿ-ներ են:
– Շուրջ 2 ամիս առաջ Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը ցնցումների էր ենթարկվել այն պատճառով, որ Գեղարքունիքի մարզպետը կարգադրել էր թատրոնում կատարել հաստիքային կրճատումներ, լուծարելով ստեղծագործական աշխատանքների համար առանցքային հաստիքներ: Օրենքի ընդունումից հետո նույնպիսի ցնցումների չե՞ն ենթարկվի մեր մարզային թատրոնները, որոնք առանց այն էլ այսօր գտնվում են ծանր պայմաններում՝ ենթարկվելով տնօրենների քմահաճույքներին: Ասվածի վկայություններից մեկն էլ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի նախադեպն է, որտեղ գեղարվեստական ղեկավարի աշխատավարձը սահմանված է 160 հազար դրամ, իսկ խաղացանկի հարցերով տեղակալ, գրական մասի վարիչինը՝ 34 հազար:
– Ցնցումների մասին չեմ լսել: Գուցե չափազանցված են: Մի բան կարող եմ հաստատ ու վստահ ասել. թատրոնների տնօրենները պետք է լինեն ուժեղ, որպեսզի նախ պահեն եղածը, հետո էլ զարգացնեն թատերական արտադրանքը: Իսկ որեւէ խնդրի դեպքում ոչինչ արտառոց չեմ տեսնում, եթե տնօրենը դիմի մարզպետին, ստանալով վերջինիս խորհուրդը կամ աջակցությունը: Այս հարցում արդեն ոչ նախարարությունը, ոչ էլ օրենքը կապ չունեն: Ինքս էլ եմ շատ անգամ լսել բողոքներ աշխատավարձերի չափի մասին: Ավելի շատ աշխատեն՝ ավելի բարձր կվճարվեն: Ի վերջո, այս լիազորությունները տրված են տնօրեններին: (ՊՈԱԿ-ները առաջնորդվում են սեփական ֆինանսական միջոցներով եւ հիմնադրի կողմից սահմանված չափորոշիչներով- Ս. Դ.): Կրկնում եմ՝ տնօրենը պետք է լինի բանիմաց եւ ուժեղ:

Հ. Գ. Արվեստագետները կատակում են, թե թատրոնի մասին օրենք ունենալուց հետո ԱԺ-ն գուցե ձեռնամուխ լինի գեղարվեստի, պարարվեստի, երաժշտարվեստի, կինոյի մասին օրենքների ստեղծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել