Իտալիայի իշխանությունները բռնագրավել են սիցիլիացի մի գործարարի պատկանող՝ 1,5 մլրդ եվրո կազմող ակտիվները, վերջինիս մեղադրելով մաֆիայի հետ կապերի մեջ: Իշխանությունների ասելով, մաֆիոզ կառույցների դեմ պայքարի օրենսդրության գործողության ողջ պատմության ընթացքում դա ամենախոշոր միջոցների բռնագանձման դեպքն է:
BBC-ի փոխանցմամբ, գործարար Վիտո Նիկաստրին բավականին մեծ ծավալի ներդրումներ է կատարել այն ձեռնարկություններում, որոնք աշխատում են էներգիայի վերականգնվող աղբյուրների շուկայում, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի նա կասկածվի փողերի լվացման եւ հանցավոր ճանապարհով գումարներ ստանալու մեջ: Նա համարվում է մաֆիայի «բոլոր գլխավորների գլխավոր» Մատտեո Մեսսինա Դենարոյի (նկարում) մերձավորը:
Բռնագրավված ակտիվների թվում են քամու եւ արեւի էներգիայով աշխատող 43 ընկերություններ, որոնք գրանցված են Սիցիլիայում եւ Կալաբրիում, երկրի հարավային շրջանում, որը համարվում է Իտալիայի ամենահզոր կազմակերպված հանցավոր խմբավորման՝ «Նդրանգետայի» կենտրոնը: Բռնագրավվել են նաեւ մի քանի շենքեր, հողատարածքներ, բանկային հաշվեհամարներ եւ այլ դեպոզիտներ: Նիկաստրին եւս երեք կասկածյալների հետ միասին կալանավորվել էր դեռ 2009 թվականին: