Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ 66 ՀԱՅՏ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-22-ը Երեւանում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաք: Հիշեցնենք, որ արդեն կայացել են իրավաբանների, ճարտարապետների, կերպարվեստի գործիչների, ուսուցիչների համահայկական հավաքներ:
ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացանք, որ, այս պահի դրությամբ, հավաքին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանում բուհ ավարտված 66 սփյուռքահայ: Ամենաշատը Սիրիայից՝ 22 հոգի, երկրորդ տեղում Լիբանանն է՝ 10 հոգի, երրորդում ԱՄՆ-ը՝ 7 հոգի: Հավաքին կմասնակցեն նաեւ Շվեդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Ավստրալիայի, Հորդանանի, Ուկրաինայի, Ռուսաստանի քաղաքացի մեր հայրենակիցները:
Նախարարությունը նախատեսում է Հայաստանում մասնագետ դարձած սփյուռքահայերի հետ քննարկել հետեւյալ հարցերը՝ Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության, հայ համայնքների հիմնախնդիրների լուծման աջակցության գործում, Հայաստանում սովորող  սփյուռքահայ ուսանողների սոցիալական,  իրավական եւ այլ կարգի հիմնախնդիրները, լուծման հնարավոր մեխանիզմներ, սփյուռքահայ շրջանավարտների հետբուհական խնդիրներն իրենց բնակության երկրներում, Հայաստանում կրթություն ստացող սփյուռքահայ ուսանողների օգնության ֆոնդի ստեղծման եւ Երեւանում «Սփյուռքահայ ուսանողի տուն» հանրակացարանի կառուցման հնարավորության հարցեր, Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցության ստեղծում, hամակարգող մարմնի ընտրություն եւ այլն: Բացի քննարկումներից, հավաքի մասնակիցները կայցելեն Խոր-Վիրապ համալիր, կհյուրընկալվեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, կմասնակցեն ՀՀ նախագահի` Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել