Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախաձեռնությամբ երեկ մի խումբ գործարարներ քննարկում էին «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը: Գործարարների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ ոլորտում օրենսդրական փոփոխությունները նաեւ Համաշխարհային բանկի պահանջով է՝ ՀՀ կառավարությանը վարկի տրամադրման նախապայմաններից մեկը: Պարոն Շաբոյանի խոսքով, փոփոխությունների շրջանակում անհամեմատ ընդլայնվելու են հանձնաժողովի լիազորությունները. «Շատ հաճախ հանձնաժողովի կողմից կայացված որոշումները եւ իրականացվող քայլերը օպերատիվության առումով բավականին ցածր են, բացի այդ, գտնում ենք, որ հանձնաժողովը պետք է իրականացնի ոչ միայն պատժիչ, այլեւ կանխարգելող գործառույթ, այս առումով նախագծում բավականին փոփոխություններ են կատարվել»: Օրենքում նախատեսվող փոփոխությունների ցանկը թվարկելով՝ պարոն Շաբոյանը նշեց, որ օրենսդրության խախտումները բացահայտելու նպատակով հանձնաժողովը կունենա տեղեկատվության հավաքագրման լայն բազա՝ աղբյուրների թիվը կմեծանա: Նա նաեւ վստահեցրեց, որ օրենքի փոփոխված տարբերակով օրինազանցները պատժվելու են խստագույնս. «Նախատեսվում է պատժամիջոցների խստացում, հանձնաժողովի ստուգումների իրավասության ընդլայնում, վերահսկողության ուժեղացում, լրացուցիչ փաստերի, ապացույցների ձեռքբերման ընդլայնում, ինչպես նաեւ օրենսդրության մեջ առկա տարընթերցումների, անհստակությունների վերացում, որոնց պատճառով դատարանները երբեմն ստիպված են եղել որոշումներ կայացնել հօգուտ տնտեսվարող սուբյեկտների: Կվերանան նաեւ օրենքում առկա բոլոր բացթողումները, որոնք խոշոր տնտեսվարողները տարիներ շարունակ օգտագործել են, որ խուսափեն պատասխանատվությունից»: Դեռ հարց է, օրինազանցները խստագո՞ւյնս, թե՞ ավելի մեղմ են պատժվելու, որովհետեւ օրենսդրական նախագծով պատժամիջոցները տարբերակվելու են՝ ոմանց համար՝ մեղմ, ոմանց համար՝ խիստ: Եթե գործող օրենքով անբարեխիղճ մրցակցության համար սահմանված տուգանքը 500 հազար դրամ է, ապա առաջարկվող նախագիծը սահմանում է 300 հազար դրամ կամ հասույթի 0,1%-ը: Փոփոխություններ են նախատեսված նաեւ գերիշխող դիրքը չարաշահելու համար, չարաշահման տուգանքի շեմը կբարձրանա, բայց չի անցնի 500 միլիոն դրամը, եթե գործող օրենքով այն կազմում է նախորդ տարվա հասույթի 2%-ը, ապա նախագծով սահմանվել է մինչեւ 5%:
Ի դեպ, նախագծի քննարկմանը հրավիրված լրագրողները հնարավորություն չունեցան մասնակցել հանդիպման ընթացքին: Տպավորություն ստացանք, որ մեզ հրավիրել էին միայն կազմակերպիչների ողջույնի խոսքը լսելու, որովհետեւ նրանց կարճ ելույթից հետո լրագրողներին խնդրեցին հեռանալ՝ պարզաբանելով, թե գործարարները մեր ներկայությամբ կաշկանդված են: