Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԳԻՐՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 16,2010 00:00

\"\"Ծնողները դժգոհում են դպրոցական բարքերից

Յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները մի լավ ծախսի տակ են ընկնում: Այս տարի՝ առավել եւս, քանի որ «Առավոտին» դիմած տարբեր դպրոցների ծնողներ վստահեցրին, որ այս տարի գրենական պիտույքների, դպրոցական այլ պարագաների գներն աճել են: «Առավոտի» ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, օրինակ՝ 7-րդ դասարանի աշակերտի նվազագույն «աշակերտական զամբյուղն» արժե 30-35 հազար դրամ, 9-րդ դասարանում այդ գումարը տատանվում է 35000- 40000 դրամի շրջանակներում, իսկ 10-րդ դասարանում՝ 25000-30000 դրամի: Պատճառն այն է, որ այս տարիքի աշակերտներն արդեն չեն օգտագործում աշխատանքային տետրեր: Դժգոհություն հայտնած ծնողների երեխաների դպրոցների անունները չենք հրապարակում, որպեսզի նրանց համար լրացուցիչ բարդություններ չառաջանան, մյուս կողմից էլ նշված խնդիրները գոյություն ունեն ՀՀ բոլոր դպրոցներում: Քանաքեռ -Զեյթուն համայնքի դպրոցներից մեկի ծնող Աշխեն Հովսեփյանը մեզ հետ զրույցում դժգոհեց. «Երեխաս սովորում է 9-րդ դասարանում: Ուստի սեպտեմբերի 1-ից ամեն օր 2000 դրամ ենք ծախսում տարատեսակ տետրերի եւ գրենական պիտույքների վրա: Բավականին ծախսատար են աշխատանքային տետրերը, որոնք արժեն 300-500 դրամ: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այդ տետրերը հիմնականում չեն էլ օգտագործվում, հազիվ դասագրքի վարժություններն են հասցնում երեխաները լուծել: Բայց ուսուցիչներից շատերը  դասարանում բաժանում են այդ տետրերը եւ երեխաներին ստիպում գնել, քանի որ իրենց ծանոթ մասնագետների հրատարակածներն են»:
Դավիթաշենի դպրոցներից մեկի ծնող Արփինե Հակոբյանն էլ նկատեց. «Դասագրքերի վարձավճարների գումարները ինչպես ցանկանում, այնպես էլ կլորացնում են: Բացի այդ, այս տարի դրանք եւս թանկացել են, ուստի ես մոտ 7000 դրամ վճարել եմ միայն դասագրքերի համար: Գիտեմ, որ նախարար Աշոտյանը դպրոցի տնօրեններին հանձնարարություն է տվել այդ գնացուցակը փակցնել տեսանելի մի տեղում, սակայն մեր դպրոցում ոչ մի գնացուցակ էլ փակցված չէ»:
Նորքի զանգվածի դպրոցներից մեկի ծնող Կարինե Հակոբյանն էլ վրդովված ասաց. «Հիասթափված վիճակ է, ամբողջ օրը գումար ենք հավաքում տարբեր իրերի համար: Դրան գումարվեց այն, որ այս տարի ստիպված էինք գնել նաեւ հանրահաշվի, հայոց պատմության դասագրքերը, քանի որ դպրոցում  մեզ ասացին, որ գրքերը չեն բավականացրել աշակերտներին, որովհետեւ նախորդ տարիների երեխաները գրքերը տարել են, որ քննություններին պատրաստվեն եւ չեն վերադարձրել: Հետո կարծես նոր բան լինի երեխաներին ահաբեկելը. անընդհատ ասում են, թե քննություն ունեք, բայց ես կրթության տեսչությունից պարզել եմ, որ 7-րդ դասարանում քննություն չկա: 5-օրյա ռեժիմն էլ ընդունելի չէ, քանի որ երեխաները օրական 7-8 ժամ դաս են անում, ժամը 15.00-ին ուժասպառ գալիս են տուն եւ արդեն չեն էլ հասցնում հաճախել, օրինակ, երաժշտական դպրոց»:
Նշված դժգոհությունների մասին պարզաբանումներ ստացանք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Գնացուցակի փակցման մասին նա ասաց. «Դա պատադիր է, ուստի դպրոցի տնօրենները պարտավոր էին այն փակցնել»: Աշխատանքային տետրերի կապակցությամբ էլ վարչության պետը հայտնեց. «Միայն երաշխավորված աշխատանքային տետրերից կարող են օգտվել աշակերտները: Այդ տետրերն օգտագործելու պարտադրանք կա միայն տարրական դասարաններում, այն էլ մայրենի եւ մաթեմատիկա առարկաներից: Իսկ բարձր դասարաններում նման պարտադրանք չկա»: Դասագրքերի հետ կապված խնդրի մասին էլ տիկին Հովհաննիսյանն ասաց. «Կրթության մասին օրենքի» համաձայն՝ նախարարությունը ճշտում է տվյալ դպրոց հաճախող երեխաների թիվը, հետո տրամադրում դասագրքերը: Դպրոցի տնօրեններն էլ նախապես հայտ են ներկայացնում, թե քանի աշակերտ ունեն եւ  քանի դասագիրք է իրենց անհրաժեշտ:  Գործում է դասագրքերի շրջանառու ֆոնդ, որի գրքերը դպրոցի տնօրենները պարտավոր են պահել իրենց գրադարաններում: Տնօրենը կարող է նաեւ դասագրքերի թիվն ավելացնելու հայտ ներկայացնել՝ կախված աշակերտների թվից: Իսկ եթե անփույթ են եղել եւ տրված գրքերը չեն վերադարձվել, ապա պիտի իրենք այդ դասագրքի տեղը լրացնեն, ոչ թե աշակերտներին հանձնարարեն ձեռք բերել այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել