«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք դժգոհ են ոչ միայն ՀՀ այսօրվա իշխանություններից, այլ նաեւ ընդդիմությունից՝ ի դեմս ՀԱԿ-ի, քանի որ նրանք սխալ մարտավարություն են ընտրել: «7օր»-ի փոխանցմամբ՝ պատասխանելով իրենց իսկ հարցին, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ սեպտեմբրի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը լինելու է շատ անակնկալ՝ լուրջ ու նոր շեշտադրումներով, ի՞նչ ակնկալիքներ ունի ինքն անձամբ՝ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե ոչ մի ակնկալիք էլ չունի. «Ընդհանրապես անակնկալների մասին նախօրոք չեն ասում, անակնկալը լինում է: Ես ոչ մի ակնկալիք չունեմ այդ օրվա ելույթներից, քանի որ տեսնում եմ, թե նրանք ինչպիսի սխալ ուղղությամբ են գնում»: Սեֆիլյանն ու իր համակիրները համոզված են, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվի, իսկ ՀԱԿ-ն էլ պատրաստվում է հերթական կամ արտահերթ ընտրության, ինչը սխալ մարտավարություն է: «Հույսը պետք է դնել միայն մեր ժողովրդի վրա, այլ ոչ թե սպասել, թե եվրոպացիք, ռուսները կամ ամերիկացիները ինչ են ասում: Հոգնեցինք այլեւս սպասելուց, թե ինչ կասեն: Ընդդիմությունը իր բոլոր քայլերն անպայման ուզում է այնպես համադրել, որ իմանա՝ այս քայլը եթե անեմ, ինչ կասեն ռուսները, ամերիկացիք: Դուրս պետք է գալ այս տրամաբանությունից եւ մտածելակերպից»: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ Հայաստանում պետք է ժողովրդի իշխանություն ձեւավորվի, եւ ժողովրդին պետք է առաջնորդի ոչ թե անհատը, այլ խումբը: Նա նշել է, որ այդ խմբին Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է լրջորեն օժանդակել: