Աշոտ Մանուչարյանը հույս ունի, որ իրական ազատության եւ անկախության դեռ կգանք
«Ղարաբաղն անկախ էր երկար տարիներ, 1988-ից սկսվել էր այդ գործընթացը, սակայն Ղարաբաղն անկախ էր մինչեւ 1998թ.: 1998-ից սկսվեց Ղարաբաղի անկախության լրիվ եւ շատ սրընթաց կորուստը»,- երեկ Մամուլի ազգային ակումբում այս պատկերավոր արտահայտությունը հնչեցրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ երրորդ հանրապետությունում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Աշոտ Մանուչարյանը: Ըստ բանախոսի, այս տեսակետից շատ մեծ դեր խաղաց Հայաստանի քաղաքական էլիտան. «Այն հարստացվեց նաեւ Ղարաբաղից ներմուծումներով: Համատեղ ուժերով ոչնչացվեց Ղարաբաղի անկախությունը: Որովհետեւ անկախությունը կյանք է: Դա ինչ-որ ակտ չէ կամ պիտակ չէ, որը կպցնում են եւ ասում՝ անկախ է: Կամ նա անկախ է, կամ անկախ չէ: Երբ որ անկախ էր, Ղարաբաղի հետ բոլորը հաշվի էին նստում»։ Իսկ ինչո՞ւ չկա նախկին Ղարաբաղը՝ հարցին Մանուչարյանը պատասխանեց. «Որովհետեւ Ղարաբաղի նախագահը դարձել էր մեկ այլ երկրի վարչապետ»։ Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ԼՂՀ-ն ճանաչելու «Ժառանգության» նախաձեռնությանը՝ Մանուչարյանը դա որակեց «սահմանափակ» քայլ. «Դա կազդի մեր առեւտրական քաղաքական համակարգի վրա՝ սահմանափակելով դրա առեւտրի ունակությունները եւս մեկ քայլով: Դա մեծ ազդեցություն չի թողնի մեր քաղաքականության, մեր դիրքերը էապես ուժեղացնելու վրա»։
Հայաստանի անկախության տարեդարձին ընդառաջ էլ, խոսելով անկախության մասին, Մանուչարյանը նկատեց, որ ընդհանրապես աշխարհում ներկայում կա մարդկային տեսակի պահպանման խնդիր. «Այսօրվա աշխարհը կանգնել է մի իրավիճակի առաջ, երբ խոսքը գնում է երկրագնդի վրա մարդ տեսակի շարունակական գոյատեւման կամ վերացման մասին: Եվ այդ տեսակետից շատ կարեւոր է մարդկության իմունային համակարգն այն մարտահրավերների հանդեպ, որոնք այսօր աշխարհում գոյություն ունեն: Եվ այդ իմունային համակարգն ապահովելու համար կարեւոր է մարդու տեսակների բազմազանությունը, որի պահպանման կարեւորագույն գործոններից մեկը անկախությունն է: Այդ տեսակետից անկախության դեմ ամեն մի ոտնձգություն այսօր դառնում է ոտնձգություն ոչ միայն այս կամ այն ազգի, ժողովրդի իրավունքների հանդեպ, այլեւ մարդկության գոյատեւման խնդրի հետ կապված կարեւորագույն մարտահրավեր»: Նա պատկերավոր համեմատությամբ հիշատակեց առնետների վրա կիրառված մի փորձի մասին. «Առնետի հաճույքների կենտրոնը մտցրել են մի էլեկտրոդ եւ նրա մի թաթիկի տակ կոճակ են դրել, որը սեղմելով՝ նա հաճույքներ է ստացել: Առնետն այդ կոճակը հա սեղմում է, սեղմում է, մինչեւ չի սատկում սովից, անքնությունից, որովհետեւ անդադար ուզում է հաճույք ստանալ: Փորձը հաջորդ անգամ մի քիչ ավելի բարդացրեցին. կոճակի մեկ ուրիշ էլեկտրոդ միացրեցին մյուս առնետի ցավի կենտրոնին: Եվ երբ այդ մի առնետը հաճույք էր ստանում, միաժամանակ, մյուս առնետը ցավ ու սարսափի զգացումների մեջ տառապում էր: Առնետների մի զգալի մասը, տեսնելով մյուսի ցավը, դադարում էին կոճակը սեղմել: Այդ նույն փորձը, ըստ էության, մեծ տարածքներում, հիմա, իմ կարծիքով, գնում է մարդկության շրջանում, մասնավորապես՝ նաեւ Հայաստանում»: Ըստ Մանուչարյանի, հասարակության տարբեր շերտեր կան, որոնք դուրս են եկել հաճույք ստանալու այդ պահանջի շրջանակից եւ ընթանում են ազատության հասնելու ճանապարհով: Նկատի ունի քաղաքացիական տարբեր նախաձեռնությունները, երիտասարդական շարժումները, որոնք բավական ակտիվ են ինտերնետում, եւ առանձին քաղաքական գործիչների: Այդ շերտերի առկայությունը, չնայած այն հանգամանքին, որ ազատության համար դեռ շատ արգելքներ պետք է հաղթահարել, Աշոտ Մանուչարյանին այդուհանդերձ հույս է տալիս, որ Հայաստանում կարող է լինել 88-ի պես մի շարժում, որը կբերի իրական ազատության եւ անկախության: