Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԵՄԱԼԻՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Խզակոթից՝ մինարե՞թ, թե՞ ժողովրդավարության հաղթանակ

Սեպտեմբերի 12-ի երեկոյան, երբ սահմանադրական հանրաքվեի արդյունքները նոր-նոր ուրվագծվում էին, Թուրքիայում եւ աշխարհում սկսվեց իրարամերժ մեկնաբանությունների տարափը՝ խիստ դրական եւ հաղթականից մինչեւ խիստ բացասականը եւ Թուրքիայի վերջը ավետողները: Իհարկե, ներկայիս Թուրքիան եւ թուրքական հասարակությունն այնքան բարդ են, բազմազան եւ խայտաբղետ, որ կանգ առնելն ինչ-որ միանշանակ բնորոշման վրա՝ թվում է անլուրջ եւ գուցե նաեւ անհնարին:
1980 թվականի հեղաշրջման պարագլուխների հեղինակած օրթոդոքս-քեմալական սահմանադրությունը, իհարկե, այդ տարիներին զերծ պահեց երկիրն աննախադեպ բախումներից եւ ուղղակի փողոցային մարտերից, որոնք տեղի էին ունենում աջերի, ձախերի, իսլամիստների, ոստիկանների, պրոֆմիությունների, թուրքերի, քրդերի միջեւ: Փաստորեն, Թուրքիան մտնում էր մի պատերազմ, որը կլիներ բոլորինը՝ ընդդեմ բոլորի: Բանակը, կարելի է ասել, երկրորդ անգամ փրկեց Թուրքիան: Սակայն, մյուս կողմից, զինվորականների այդ երկամյա կառավարումն (1980-82թթ.) իր սարսափելի կողմերն ունեցավ. սպանվեցին, անհայտ կորան, ձերբակալվեցին, կտտանքների ենթարկվեցին ահռելի քանակի քաղաքացիներ: Եվ դրանց շրջանում առավել անողոք էին, այսպես կոչված՝ իսլամիստների նկատմամբ: Ասում են, որ ձերբակալվելու համար բավարար էր, որպեսզի մզկիթի կողքով քայլող անցորդն ընդամենը պատկառանքով լի հայացք գցեր մինարեթին… Էրդողանը՝ այդ տարիներին արեւելաթուրքական Ռիզե քաղաքից Ստամբուլ եկած հավակնոտ երիտասարդներից մեկը՝ իր մաշկի վրա հասցրեց ծանոթանալ զինվորականների բազկի «զորությանը». նա չորս ամիս անցկացրել է բանտում: Գործնական քաղաքականության այդ դաժան դպրոցը օգնեց նրան ցուցադրել քաղաքական խուսանավման եւ ճկունության յուրովի «մաստեր-կլաս» իր կողմնակիցներին, ինչը նրա կառավարած ԱԶ կուսակցությանը թույլ տվեց իր ութամյա իշխանության ընթացքում խաղից դուրս թողնել, սովետական տերմինաբանության հանգույն՝ «բանակի եւ քեմալականների անխախտ դաշինքին»:
Սակայն խոսել լիակատար եւ ջախջախիչ հաղթանակի խրախճանքի մասին, կարծես թե տեղին չէ: Դեմ քվեարկեցին Իզմիրը, Ադանան, Անթալիան եւ Էգեյան ու Միջերկրածովյան բոլոր վիլայեթները, արդյունաբերական Էսքիշեհիրը, անբողջ Արեւմտյան Թրակիան, բացի Ստամբուլից, քրդաբնակ վիլայեթներում մասնակցությունը չէր անցնում 30 տոկոսը, չնայած 90-95 տոկոսանոց «այո»-ին: Ուշագրավ է, որ Ստամբուլի, այդ արեւելաեվրոպական մեծագույն մեգապոլիսի 55 տոկոսը կողմ եղավ փոփոխություններին, ընդ որում՝ հիմնականում ի հաշիվ աղքատ թաղամասերի եւ ծայրամասերի: Քաղաքի բարեկեցիկ շրջանները, Քադիքյոյը, Չանքայան, Բեշիթաշը՝ 70-80 տոկոսով «ոչ»-ի օգտին քվեարկեցին:
Բայցեւայնպես, հազիվ թե իսլամականներից խորշող աշխարհիկ բարքերի կողմնակիցները երանի են տալիս ռազմական բռնապետությանը, իսկ բանակի միջամտությունից խորշողներն ամբողջությամբ շարիաթի երկրպագուներն են: Լիբերալ եւ արեւմտամետ շրջանակները Թուրքիայում, ինչպես եւ ԱՄՆ եւ ԵՄ պաշտոնական շրջանակները ողջունեցին սահմանադրական փոփոխությունների գաղափարը հանրաքվեից դեռ ամիսներ առաջ: Նրանք, իրոք, խորշում են Քեմալի անձի պաշտամունքից, Քեմալի եւ քեմալականության շահարկմամբ՝ բանակի միջամտության ցանկացած գաղափարից: Բայցեւ, միեւնույն ժամանակ, նրանք մնում են աշխարհիկ պետության ջատագովը եւ, ի հեճուկս շատուշատ հոռետեսների՝ ընդհանրապես մերժում են իրանական տիպի իսլամականացման հնարավորությունը:
Կարելի է խոսել Թուրքիայի ոչ միայն արեւմտամետ, այլեւ՝ հենց արեւմտյան շրջանակների մասին, առանց ավելորդ՝ «մետ» վերջածանցի, քանի որ նրանք աշխատում եւ ապրում են նույնպես, ինչպես Եվրոպայում: Նրանք չեն բարդույթավորվում Արեւմուտքից եւ այն համարում են իրենց բնական միջավայրը: Այդ շրջանակը, տարեցտարի ստվարանալով՝ նաեւ չի մերժում իսլամը: Ի վերջո, թուրքական իսլամականությունը իմամների շարժում չէ, այլ իմամ-խաթիբների՝ կրոնական ուսումնական հաստատությունների շրջանավարտների, որոնք պարզապես աշխարհիկ հավատացյալներ են դարձել: Եվ, ըստ ամենայնի, հենց դա է հիմք տալիս բազմաթիվ թուրք ինտելեկտուալների՝ մեծ լավատեսությամբ ողջունել հանրաքվեի արդյունքները: Մյուս կողմից, երկարամյա ապօրինի բռնաճնշումներն իսլամիստների նկատմամբ անցյալում՝ հող են հանդիսանում տարբեր ծայրահեղ դրսեւորումների համար. բազմաթիվ են լուրերը պահքի օրերին ծխողներին, ցերեկով ուտողներին ծեծելու, հրապարակային հայհոյելու եւ այլնի մասին: Դա արդեն դառնում է զորեղ 42 տոկոսանոց «ոչ»-ի տեր ընդդիմության ամենօրյա մտահոգության եւ պայքարի կարեւոր ուղղությունը. ինչ՝ ինչ, բայց քեմալականները զինվորական բծախնդրությամբ համապատասխան օրենքներն ու ինստիտուտները վաղուց ստեղծել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել