Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը հայտնում է, որ քաղաքում ակտիվացած սողանքների վրա պետական մարմինների ուշադրությունը գրավելու եւ բնակչության մտահոգությունը հայտնելու համար քաղաքում ստորագրահավաք է իրականացվում: Դիլիջան քաղաքի եւ շրջակա գյուղերի տարբեր հատվածներում՝ Բլդանի, Հովվաջրի, Պարզ լճի եւ Հաղարծնի տարածքներում սողանքի մոտ 160 օջախ կա: Կինեմատոգրաֆիստների Դիլիջանի հանգստյան տան մատույցներում սողանքն սկսել է գործել 1982 թվականից, 1998-ի երկրաշարժից հետո այն ավելի է ակտիվացել: Արարատ Ալիխանյանի համոզմամբ, անհրաժեշտ է հակասողանքային աշխատանքներ կատարել Դիլիջան քաղաքի սողանքավտանգ թաղամասերի ջրամատակարարման-ջրահեռացման ցանցերում, որպեսզի կանխվի ջրի մուտքը դեպի հողի ներքին շերտեր: Նաեւ՝ սողանքային գոտիներում նվազեցնել այգիների ոռոգումը, կատարել ամրացման աշխատանքներ՝ սողանքից տուժած ճանապարհներին եւ անտառապատումներ՝ լանջերի թեքություններին: