Սահմանամերձ գյուղի վերանորոգված դպրոցը
2010-11 ուստարում Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Արծնի համայնքի դպրոցը 9-ի փոխարեն 5 առաջին դասարանցի ունեցավ: Սահմանային գյուղի դժվարություններին չդիմանալով՝ բնակիչներն արտագաղթել են: Այժմ դպրոցի 49 աշակերտները կսովորեն վերանորոգված, կահավորված դպրոցում, որը հիմնանորոգվել է Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ: Շուրջ 80 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը Հնդկաստանի կառավարությունն իրականացրել է բարեկամ երկրներին ցուցաբերվող «Աջակցության ու զարգացման ծրագրի» շրջանակներում: Հիմնանորոգվել է 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի համայնքի դպրոցականներին: Վերահատակագծված մասնաշենքում փոխվել են տանիքը, մանրահատակը, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ, կառուցվել է կաթսայատուն: «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ դպրոցին 5 համակարգիչ կնվիրի: Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրայը, որը ներկա էր նորոգված դպրոցի բացման արարողությանը, կարեւորում է որակյալ կրթություն ստանալը. «Կարեւոր է այն միջավայրը, որտեղ մարդը կրթվում է, կարեւորը, որ ցանկություն առաջանա այնտեղ մնալու»: Ժամանակին գյուղի դպրոցում սովորում էր շուրջ 300 աշակերտ, այժմ դա գյուղի բնակչության թիվն է, իսկ փոքրաթիվ աշակերտներից 8-ը հարեւան Ապավեն գյուղից է: Այս առումով կրթօջախի տնօրենը գոհանում է, որ դպրոցի ավագ դասարանները չկրճատվեցին, որը արտագաղթի նոր առիթ կդառնար. «Սա նոր խթան կլինի, աշակերտները հնարավորություն կունենան գեղեցիկի հետ շփվել, նրանք լավ պայմաններում չեն ապրում՝ նոր տեխնոլոգիաների հետ կծանոթանան»,- ասում է միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգարիտա Ռոստոմյանը:
Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք այսօր հանգեցրել են գյուղի երիտասարդների եւ հիմնական աշխատուժի արտագաղթին: Այդ խնդիրների շարքում գյուղապետն առաջնահերթ համարեց ջրի, գազի, մանկապարտեզի, ժամանցի կազմակերպման ձեւերի բացակայությունը, իսկ աշակերտները թեեւ ուրախ են, բայց նրանց համար սպորտդահլիճ ունենալն ավելի կարեւոր էր, որ դասերից հետո զբաղվելու տեղ ունենան. «Ուրիշ տեղերում երիտասարդները համակարգչով են զբաղվում, իսկ մենք դեռ մանկական խաղեր, ֆուտբոլ կամ մեկի տանը հավաքվում ու թղթախաղ ենք խաղում»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գյուղ գալով հասկացել է, թե ինչ դժվար է ապրել սահմանամերձ եւ բազում խնդիրներ ունեցող համայնքում եւ որպեսզի բնակիչները մնան գյուղում՝ կարեւոր է լուծել դրանցից գոնե մեկը: Հիմնադրամը կանգ է առել դպրոցը վերանորոգելու խնդրի վրա՝ «Քանի որ դպրոցն է կրթում գյուղը, գյուղացուն պահում հողի վրա»: