Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՋՐԻ ԽՆԴԻՐ

Սեպտեմբեր 16,2010 00:00

\"\"Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ քաղաքներում թե խմելու, թե ոռոգման ջրամատակարարման եւ ջրահեռացման վիճակը անմխիթար է եւ մտահոգիչ:

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի խնդիրների շարքում առաջիններից է քաղաքի ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգի անմխիթար վիճակը: Վթարային վիճակում է Մեղրու խմելու ջրի ներքին ցանցի կեսից ավելին: Համայնք մտնող ջրագծի 800 մ հատվածի վթարված լինելու պատճառով՝ Մեղրիում հնարավոր չի լինում երկար ժամերով ջրամատակարարում ապահովել: Բացի այդ, մեղրեցիներին չի գոհացնում նաեւ խմելու ջրի որակը: Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը բազմիցս է բարձրաձայնել խնդիրը, համակարգի անմխիթար վիճակի մասին խոսել է նաեւ Սյունիքի մարզխորհրդի վերջին նիստի ժամանակ: Արդեն 3 տարի չի վերականգնվում Մեղրու Վազանցի փողոցի ջրահեռացման 120 մ խցանված հատվածը, որը հակասանիտարական վիճակի ստեղծման պատճառ է դարձել եւ բնակչության դժգոհությունը հարուցել, ինֆեկցիոն հիվանդությունների տարածման լուրջ վտանգ ստեղծել: Ինչպես տեղեկացնում է Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրինությանը բացմիցս է տեղյակ պահվել խնդրի մասին, սակայն մինչեւ օրս «սայլը տեղից չի շարժվել»: «Կրկին գրավոր դիմեցինք Պատրիկ Լորենին, այս հատվածի համար խողովակաշար են ուղարկել, բայց դեռ աշխատանքներ չեն տարվել»,- ավելացնում է պարոն Հայրապետյանը:
Լուրջ խնդիր է նաեւ այգեգործությամբ զբաղվող մեղրեցիների հողատարածքների ոռոգման հարցը: Համայնքի բնակչության 25%-ից ավելին զրկված է հողատարածքները ոռոգման ջրով ոռոգելու հնարավորությունից: Բնակչության մի մասը խմելու ջուրը ոռոգման նպատակով է օգտագործում, սակայն մյուս մասը տեխնիկական խնդիրների պատճառով նույնիսկ այդ հնարավորությունից է զրկված: Ինչպես մասնագետներն են հավաստում, Մեղրիում ոռոգման համակարգի վերակառուցման անհրաժեշտություն կա:
«Մեղրի» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Դավիթ Ալեքսանյանը, մարզխորհրդի նիստում ներկայացնելով համակարգում կատարված դրական աշխատանքները, նկատել է, որ դեռեւս բավականին աշխատանք կա անելու: Պոմպակայանների 80 տոկոսը կառուցվել է 1970-80-ականներին, այսօր ֆիզիկապես մաշվել եւ շարքից դուրս են եկել բոլոր շարժիչներն ու պոմպերը, մալուխները, էլվահանակները, մղման խողովակաշարերը:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված էր Մեղրիում կառուցել ոռոգման ինքնահոս համակարգ, որը, բացի Նռնաձոր համայնքից, կլուծեր նաեւ մյուս համայնքների հողերը ինքնահոս եղանակով ոռոգելու խնդիրը: Սակայն, չգիտես ինչ պատճառներով, այդ ծրագիրը չիրականացավ եւ պոմպակայանների վերակառուցումից դուրս մնաց Մեղրու տարածաշրջանը: ՋՕԸ-ի եւ Ագարակի քաղաքապետարանի համատեղ աշխատանքի շնորհիվ ընթացիկ տարում կառուցվեց մոտ 500 գծմ խողովակաշար, որը քաղաքի մի քանի թաղամասերի ոռոգման ջուր կմատակարարի»,- ավելացրեց Դավիթ Ալեքսանյանը:
Յուրաքանչյուր տարի մասնակի վերանորոգման աշխատանքներ են տարվում, սակայն ոռոգման համակարգի սարքերն ու խողովակաշարերը հիմնովին վերակառուցման անհրաժեշտություն ունեն, հիմնանորոգման կարիք ունեցող համակարգի հետագա շահագործումը ավելի ու ավելի անհնար է դառնում: Սյունիքի մարզխորհրդի նիստում «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Դավիթ Ալեքսանյանը 1040 ջրօգտագործողների անունից հարցը բարձրացրեց եւ խնդրեց խնդրի մասին տեղյակ պահել տարածքային կառավարման նախարարությանը՝ մասնագետներ գործուղել՝ համակարգի ներկայիս վիճակն ուսումնասիրելու եւ 2011 թվականից հիմնանորոգման աշխատանքներ ձեռնարկելու համար:
Ջրի խնդրում տարածաշրջանի բնակչության համար ուրախալի միայն մի բան կա. 2000 թվականից մինչեւ այսօր Մեղրիում, ի տարբերություն մյուս տարածաշրջանների, կառավարության որոշմամբ ջրի սակագնի 50% զեղչ է կիրառվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել