Պատգամավորները հետեւում էին ծառերի տակից
Երեկ Հերացու փողոցում բախվել են վրացական NUG 101 համարանիշով «BMW X-5» մակնիշի «Ջիպ» եւ «Միլենա» տաքսի ծառայության «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 0301 համարանիշով ավտոմեքենաները: Մեզ հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ տաքսու վարորդին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր ժամանեցին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Մինչ նրանք հետաքննիչի հետ դեպքի վայրում զննման աշխատանքներ էին կատարում, ականատեսները սկսեցին միմյանց հայտնել՝ «արա, դեպուտատները եկան»: Իսկապես, վթարի վայր էին եկել Հանրապետական կուսակցության պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը եւ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո):
Երբ փորձում էինք դեպքի վայրում լուսանկարել վթարված ավտոմեքենաները, հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշեց խանգարել: «Արա, վեկալ էս ապարատդ ու գնա էստեղից, ո՞վ ես դու». այս խոսքերով եւ ագրեսիվ կեցվածքով Աղաբաբյանը փորձում էր դեպքի վայրից հեռացնել ինձ: Սակայն Գալուստ Սահակյանը կանխեց իր աներորդուն: Երբ Գալուստ Սահակյանն իր պատգամավորական ավտոմեքենայով հեռացավ վթարի վայրից, Աշոտ Աղաբաբյանը իր հետ եկած հաստավիզներին ցույց էր տալիս իմ ուղղությունը, հրահանգելով, որ ապարատը ձեռքիցս վերցնեն: Իսկ որոշ ժամանակ անց նշված տարածք եկած պատգամավորները հեռու քաշված, դիահերձարանի մոտ, ծառերի տակ կանգնած լուռ հետեւում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Գալուստ Սահակյանն առանց անուններ տալու տեղեկացրեց, որ իրենք շտապել են վթարի վայր, քանի որ վթարված ավտոմեքենան իրենց պատգամավոր գործընկերներից մեկինն է:
Տեսահոլովակը՝ «Առավոտի» նախորդ համարում