Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավաքարարը «թաքցրել» է իր «եկամուտները»

Սեպտեմբեր 16,2010 00:00

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Արամյանի վարույթում է գտնվում գումարի բռնագանձման պահանջով քաղաքացիական գործ: Հայցվորն է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Արաբկիր սոցիալական ծառայությունների տարածքային բաժինը (ՍԾՏԲ), իսկ պատասխանողը՝ հավաքարար Պայծառ Կարապետյանը:
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, Պ. Կարապետյանը 2009թ. մայիսից  ստացել է նպաստի իրավունք: Նշանակվել է ամսական 21000 դրամ  ընտանեկան նպաստ՝ 1 տարի տեւողությամբ: Նրա խնամքի տակ են 6 անձ՝ 80-ամյա թոշակառու ամուսինը, տղան՝ երկու երեխայով, 11 տարեկան հիվանդ թոռը, որը հիվանդության համար ստանում է 11 200 դրամ թոշակ: 11-ամյա  երեխան, որը սովորում է 3-րդ դասարանում, ըստ բժշկական պատմության, «ունի գիտակցության կորուստ, գլխացավեր, նրա զարգացումը չի համապատասխանում իր տարեկիցների ֆիզիկական վիճակին»: Ըստ քաղաքապետ Գ. Բեգլարյանի կողմից տրված վկայականի՝ «նա ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք»:
Պայծառ Կարապետյանը մեկ տարի անց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետի  գրությամբ Արաբկիրի ՍԾՏԲ-ին է տրամադրում անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված իր ընտանիքի կազմում աշխատող անձանց մասին տեղեկատվություն: Այդ տեղեկատվության  համաձայն, Պայծառ Կարապետյանը միակ աշխատողն է: Նա հավաքարար է աշխատել, սակայն, ըստ «Փարոսի» հաշվարկների, եթե իր աշխատելու մասին տեղեկատվություն տրամադրեր, կզրկվեր նպաստ ստանալու իրավունքից: Ի դեպ, Պ. Կարապետյանը մի քանի ամիս է, ինչ աշխատում է «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ում որպես հավաքարար եւ ստանում է 45 000 դրամ աշխատավարձ:
Մինչ նշված հիմնարկում հավաքարար աշխատելը՝ Պ. Կարապետյանը չի թաքցրել, որ երբեմն ծանոթների տներում մաքրություն է արել, իր բառերով՝ «քոծություն» եւ անգամ այդ ժամանակ նրան ասել են, թե «թաքցնում ես գումարները», եւ սոցիալական աշխատողները պահանջել են, որ տանտիրուհիներից նա բերի փաստաթղթեր՝ իր ծառայությունների մասին:
(Պատկերացնու՞մ եք՝ որեւէ մեկի պատուհանը լվանալիս կամ բուրդը չբխելիս, 500-1000 դրամի համար, տանտերը բարաթ տա):
Նպաստի վճարումը դադարեցվել է, իսկ  Պ. Կարապետյանից սոցապը պահանջում է  վերադարձնել ստացած 252 000 դրամը: Արաբկիրի ՍԾՏԲ-ն, տեղյակ լինելով  Կարապետյանի ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմաններին, խնդիրը ներկայացնում է Արաբկիրի սոցիալական աջակցության  խորհրդի քննարկմանը, խորհուրդը  թույլատրում է  այս ընտանիքին ավելի ստացած նպաստի հետգանձումը կատարել մասնակի՝ 126 000 դրամի չափով, 1 տարվա ընթացքում:
Բայց քանի որ ընտանիքը իսկապես ծանր պայմաններում է եւ չի կարողանում վճարել ժամանակացույցով նախատեսված  ամսական 10 500 դրամը, Արաբկիրի  սոցիալական ծառայության տարածքային բաժինը  հայցով դիմել է դատարան: Դատական նիստը կայանալու է  սեպտեմբերի 18-ին:
Խմբագրություն այցելած Պ. Կարապետյանը շվարած էր: Ընտանիքում միակ աշխատողն է ու  չի կարողանում ծայրը ծայրին հասցնել, բոլորը գիտեն իր ընտանիքի դժվարությունների մասին, բայց ոչ ոքի դա չի հետաքրքրում. «Հիվանդ երեխային, որն ունի կրթության եւ խնամքի առանձնահատուկ պայմանների կարիք, պետությունը վճարում է ընդամենը 11 200 դրամ թոշակ, դրանով ինչպե՞ս հոգամ նրա հոգսերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել