Երեկ «Հայացք» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը «Առավոտի» հարցին, թե ի՞նչ ընթացք է տալիս ոստիկանությունը, երբ մամուլում հրապարակումներ են լինում՝ կապված պետական պաշտոնյաների, օլիգարխների եւ կառավարության անդամների կողմից թույլ տրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հետ՝ պատասխանեց, որ մամուլում, երբ այդ հրապարակումները ուղեկցվում են փաստացի լուսանկարներով, ՀՀ ոստիկանապետի կողմից նշանակվում է ծառայողական քննություն, ու երբ պարզվում է, որ այդ ամենը «մոնտաժված չէ», ապա մեղավորները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ենթարկվում են պատասխանատվության: ՃՈ պետը նաեւ հայտնեց, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ անգամ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ ոստիկանապետի կողմից ենթարկվել են կարգապահական տույժերի:
Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա 8 ամիսներին Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1221 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 165, վիրավորվել՝ 1677 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը պակասել է 8-ով, զոհերինը՝ 49-ով, իսկ վիրավորներինը՝ 59-ով: Արձանագրված ցուցանիշը Մարգար Օհանյանը զգալի հաջողություն համարեց. «Այո, ես ոգեւորվում եմ այս թվերից, երբ մեկ մարդու կյանք էլ փրկում ենք՝ դա մեծ հաջողություն է»:
Պարոն գնդապետը նաեւ ասաց, որ տարվա 8 ամիսներին արձանագրվել է հետիոտների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 16515 դեպք: Այդ թիվը, ըստ Մ. Օհանյանի, իրական պատկերը չի արտացոլում, քանի որ ճանապարհային ոստիկանները շատ հաճախ խնայում են մարդկանց եւ չեն տուգանում: Ըստ Մ. Օհանյանի՝ «Այս 16 հազար մարդուց դժվար է առանձնացնել օլիգարխներին, պաշտոնյաներին, բանվորներին, գյուղացիներին»: Նա հիշեցրեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը եւ հավատացրեց, որ անխտիր տուգանում են բոլոր օրինախախտներին:
Մ. Օհանյանը նաեւ նշեց, որ այս ոլորտում աստիճանաբար կարգուկանոն է հաստատվում: «Դժվար է, ժանանակ էր պետք, որ մարդը սովորի իր հորեղբոր տղայի վրա ակտ գրել: Կարծում եք ճանապարհային ոստիկանները ռոբո՞տ են, միայն գեղարվեստական ֆիլմերում է այդպես»,- ընդգծեց նա:
Վերոնշյալ ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանների կողմից կազմվել է 470273 արձանագրություն, որից 79 621-ը՝ ամրագոտիներ չկապելու համար: