Երեկ «Առավոտ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ Արաբկիրի թիվ 31 մանկապարտեզում մի քանի երեխաների մոտ աղիքային ինֆեկցիա կա: Այս պահին այդ երեխաները հոսպիտալացված են: Ընդ որում, մեզ ահազանգողները մտավախություն ունեն, որ երեխաները վարակը ձեռք են բերել մանկապարտեզում տրվող սննդի միջոցով:
Այս հանգամանքը մանկապարտեզի տնօրեն Մարինա Ամիրյանը բացառեց: Նրա խոսքերով. «Քաղաքի մանկապարտեզները սննդի նույն մատակարարից են օգտվում: Եթե վարակը սննդի միջոցով լիներ, ապա բոլոր մանկապարտեզներում պետք է վարակվածության դեպքեր լինեին: Ծնողները ժամը 17.30-ին մեզ մոտից տանում են իրենց երեխաներին, իսկ թե տանն ինչ են ուտում՝ չեմ կարող ասել»: Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ մանկապարտեզում պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տարածքային կենտրոնը ստուգումներ է անցկացնում:
Կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ չնայած դեպքեր են արձանագրվել, սակայն, նախնական հետազոտության տվյալներով՝ դա մանկապարտեզի հետ կապված խնդիր չէ. «Ինֆեկցիաներով երեխաները 5-են եւ տարբեր խմբերից: Եթե մանկապարտեզի հետ լիներ խնդիրը, սա իմ նախնական կարծիքն է, հիվանդացությունը ամեն խմբում կլիներ ոչ թե 1 երեխայի, այլ 10-15 երեխայի մոտ: Ինֆեկցիայի 1 դեպք էլ կա ուրիշ մանկապարտեզում, բայց այդ մանկապարտեզը մեր տարածքում չէ»: Ըստ տիկին Բալասանյանի, այս պահին հետազոտությունները շարունակվում են, եւ 2-3 օրից վերջնական պատասխան կտան, թե վարակի աղբյուրն որտեղից է եւ ինչ իրավիճակ է մանկապարտեզում: