Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց հյուրանոցի եւ սպասարկման օբյեկտների

Սեպտեմբեր 16,2010 00:00

Ընդունվեց Գլխավոր պողոտայի վերակառուցման էսքիզային նախագիծը

\"\"
Այսպիսին կլինի Գլխավոր պողոտայի Սարյան-Մաշտոց
հատվածը` վերակառուցումից հետո:

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած քաղաքաշինության խորհրդի նիստում քննարկվեցին Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոցի կենտրոնական փոստից մինչեւ Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման էսքիզային նախագիծը եւ Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը: Խորհրդի նիստը վարում էր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Գլխավոր պողոտայի Սարյան–Մաշտոց հատվածի վերակառուցման նախագիծը քաղաքաշինության խորհրդում նախկինում արդեն քննարկվել էր, վերջին քննարկումը տեղի էր ունեցել մոտ երկու ամիս առաջ: Հեղինակային խմբի առաջարկությունն այն ժամանակ քաղաքաշինության խորհրդի կողմից չէր ընդունվել: Իսկ այժմ, հաշվի առնելով քաղաքաշինության խորհրդի նախագահ, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու խորհրդի անդամների դիտողություններն ու առաջարկները, ներկայացվել էր փոփոխությունների ենթարկված եւ հիմնովին փոփոխված նոր նախագիծ: Նախագծի նոր տարբերակից հանվել էր Գլխավոր պողոտայի այդ հատվածում վերգետնյա սպասարկման օբյեկտներ ու հյուրանոց կառուցելու առաջարկությունը: Դրանք նախկինում Երեւանի քաղաքապետի ու քաղաքաշինության խորհրդի կողմից համարվել էին անընդունելի, որպես հիմնավորում մասնագետները նշել էին, որ հյուրանոցի առկայությունը Գլխավոր պողոտայի այդ հատվածում անհարիր է զբոսավայր-ճեմուղու հիմնական ֆունկցիոնալ նշանակությանը: Կառույցն անընդունելի էր նաեւ ծավալատարածական առումով: Երեւանի քաղաքապետի պահանջով նախագիծը խստորեն վերանայվել է՝ ստորգետնյա հատվածի լայնությունը նախկին 45 մետրի փոխարեն նախատեսվում է 33 մետր, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ պահպանել գոյություն ունեցող ծառուղիները: Քաղաքապետը նշեց, որ հատկապես այս հանգամանքը անչափ կարեւոր է՝ ընդգծելով, որ ամեն ինչ պետք է անել կանաչ զանգվածը պահպանելու համար: Երկհարկանի ստորգետնյա կառույցի վրա առաջարկվում է ստեղծել կանաչ գոտիներ ու ջրային մակերեսներ: Ըստ նախագծի՝ Սարյան–Մաշտոց հատվածը ամբողջությամբ պահպանելու է ճեմուղու իր նշանակությունը, Սարյան փողոցից դեպի Գլխավոր պողոտա կկազմակերպվեն աստիճանաձեւ անցումներ:
Ստորգետնյա հատվածը բաղկացած կլինի 2 հարկից: Առաջինում կտեղակայվի առեւտրի կենտրոն, երկրորդում՝ ավտոկայանատեղի: Նիստին ներկա բոլոր ճարտարապետները ողջունեցին ներկայացված նախագիծը՝ նշելով, որ նախկին տարբերակի համեմատությամբ կատարված փոփոխությունները ակնհայտ են: Նախագծում ներառվեց նաեւ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկությունը՝ Գլխավոր պողոտան դիտարկել որպես մեկ ամբողջություն եւ որպես ընդհանուր կանաչ գոտի շարունակական դարձնել մինչեւ Խանջյան փողոց:
Քաղաքաշինության խորհրդի անդամների մոտ գերակշռող էր հետեւյալ կարծիքը՝ սա այն դեպքն էր, երբ քաղաքաշինական խնդիրներն ու կառուցապատողի առաջարկության նպատակները համընկել են: Քաղաքաշինության խորհրդի անդամ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց. «Շատ ողջունելի է, որ նախկին քննարկման ժամանակ եղած մտահոգությունները քաղաքապետը ի չիք դարձրեց: Մեր մտահոգություններն էլ վերացան, քանի որ ներկայացվեց մի նախագիծ, որը բոլորին բավարարում էր: Այսինքն՝ մենք գործ կունենանք Գլխավոր պողոտայի մի հատվածի հետ, որը ծանրաբեռնված չի լինի ավելորդություններով, ուղղակի կկատարի իր ֆունկցիան, կանաչի զանգվածը ավելի մեծ կլինի, եւ չեն կտրվի ծառեր»: Խորհրդի մեկ այլ անդամի՝ Գարիկ Ռաշիդյանի կարծիքով էլ՝ «Նախագիծը դրական է, ավելի օրգանական, աստիճանաձեւ լուծումներն ու զարգացումները ընդունելի են: Ողջունելի է նաեւ ստորգետնյա տարածության ռացիոնալ օգտագործումը, քանի որ այսպես կանաչ տարածությունը չի տուժում, ինչը որպես գերխնդիր իր խոսքում նշեց նաեւ Երեւանի քաղաքապետը: Մուտքերի եւ ելքերի ուղղահայաց կապը շատ լավ ապահովվում է»: Ալբերտ Զուրաբյանն ասաց. «Նախորդ նախագծում ներկայացված ծավալները ինձ համար անընդունելի էին: Իսկ այս տարբերակը՝ առանց հյուրանոցային համալիրի, շատ համոզիչ է: Ողջունում եմ նաեւ Գլխավոր պողոտան ընդհանուր առանցքով դիտարկելու գաղափարը»: Իսկ Լեւոն Իգիթյանը այս նախագիծը համարեց Երեւանի քաղաքապետի, ճարտարապետական խորհրդի եւ ներդրողի համատեղ հաղթանակը եւ «միանշանակ ընդունելի նախագիծ»:
Այսպիսով՝ քաղաքաշինության խորհուրդը միաձայն դրական եզրակացություն տվեց ներկայացված նախագծին: Հավանության արժանացած այս նախագիծը մինչ վերջնական հաստատումը կլրամշակվի «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից:
Քաղաքաշինության խորհրդի քննարկմանը ներկայացված Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը քննադատության ենթարկվեց: Դիտողությունները հիմնականում առնչվում էին ընդհանուր քաղաքաշինական միջավայրին համահունչ չլինելուն, արտաքին չափերի մեծությանը, եկեղեցու չափից ավելի բարձրությանը եւ այլն: Հեղինակային խմբին առաջարկվեց, բոլոր դիտողությունները հաշվի առնելով, պատրաստել նոր նախագիծ ու կրկին այն ներկայացնել քաղաքաշինության խորհրդի քննարկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել