Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչները ոգեւորված են

Սեպտեմբեր 16,2010 00:00

Ադրբեջանը ճանաչում է հայ փախստականների վերադառնալու իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում, ադրբեջանցի դիմումատուների պաշտպաններն ու երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն հերքել Հայաստանի ներկայացրած փաստարկները: Ըստ panorama.am-ի՝ նման գնահատական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ գործի քննության ավարտից հետո: Ըստ նրա, եղել է նաեւ բանավոր ելույթ. «Ադրբեջանցիների պնդումներն էմոցիոնալ էին եւ չէին կարող հանգեցնել իրենց հայցով հանգամանքների հիմնավորմանը: Իրավական առումով նրանք չհերքեցին Հայաստանի ներկայացրած փաստարկները»: Հիշեցնենք, որ երեկ առավոտից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում էր ղարաբաղյան հակամարտության ընթացքում փախստականների կարգավիճակում հայտնված վեց ադրբեջանցիների հայցն ընդդեմ ՀՀ-ի: Իսկ մի քանի ժամ անց սկսել է քննել նաեւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»՝ հայ փախստականի եւ նրա ընտանիքի բողոքն ընդդեմ Ադրբեջանի գործը: «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով պատասխանող կողմ հանդիսացող Հայաստանը երկու հիմնական փաստարկ է ներկայացրել ՄԻԵԴ-ին: Նախ՝ «Հայցը ընդհանրապես դուրս է դատարանի իրավազորությունից»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Նրա կարծիքով, ադրբեջանցի դիմումատուներն իրենց գանգատը ներկայացրել են դատարանում գործերի ընդունելության պայմանների խախտումներով: Մասնավորապես, չի պահպանվել վեցամսյա ժամկետի կանոնը, եւ որ ավելի կարեւոր է՝ Հայաստանն իրավասություն չունի ԼՂՀ-ում եւ նրա հարակից տարածքներում. «Մենք պնդում ենք եւ ներկայացնում ենք համապատասխան հիմքեր եւ փաստարկներ, որ թե միջազգային իրավունքի սկզբունքներով, թե ընդհանրապես քաղաքական դաշտում առկա իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը չունի իրավազորություն, այսինքն՝ չի իրականացնում էֆեկտիվ վերահսկողություն ԼՂՀ եւ հարակից տարածքներում»: Կոստանյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է բազմաթիվ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ ԼՂՀ իշխանությունները, միջազգային հանրության կողմից չճանաչված լինելով հանդերձ, ինքնուրույն են լուծում երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, ռազմական եւ մյուս ոլորտներին առնչվող խնդիրները:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի հայցվորները պնդում են, որ մինչեւ 1992 թվականը ապրել են Լաչինում, սակայն պատերազմի հետեւանքով ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը եւ մինչ օրս, ըստ գործի նյութերի, անկարող են այնտեղ վերադառնալ՝ «հայկական կողմի օկուպացիայի պատճառով»։ Հայցվորները պնդում են, թե ոչ միայն կորցրել են իրենց տունն ու կարողությունը, այլեւ զրկվել այն տեսանելի ապագայում օգտագործելու, ժառանգելու կամ զարգացնելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մերժել նրանց դիմումները՝ Լաչին վերադառնալու վերաբերյալ։ Իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հայցվոր Մինաս Սարգսյանը նշել է, որ մինչեւ 1992 թվականը ընտանիքով ապրել է հիմնականում հայերով բնակեցված Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, սակայն ադրբեջանական զորքերի ռմբակոծությունից հետո ողջ գյուղը, այդ թվում՝  հայցվորի ընտանիքը, ստիպված է եղել լքել բնակավայրը։ Հայցվոր Մինաս Սարգսյանն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է իրեն բռնի տեղահանելու, սեփականությունից զրկելու, հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք կիրառելու, ինչպես նաեւ հայկական գերեզմանատներն ու խաչքարերը պղծելու համար։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ լսումների ընթացքում բարձրացվել է Գյուլիստան գյուղի նկատմամբ Ադրբեջանի արդյունավետ վերահսկողության հարցը, սակայն պատասխանող կողմն՝ ի դեմս Ադրբեջանի շահերի պաշտպանների, չի կարողացել հիմնավորված հերքել դա: Հայցի ներկայացման ժամկետների վերաբերյալ էլ փաստաբանները պարզաբանել են՝ թե իր իրավունքի շարունակական ոտնահարման պարագայում Մինաս Սարգսյանը 2006 թվականին է դիմել ՄԻԵԴ այն պատճառով, որ այդ ժամանակ պաշտոնական հայտարարություն է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի տապալման մասին, եւ դիմումատուն հայրենի տուն վերադառնալու հեռանկար այլեւս չի տեսել: Պատասխանելով ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցին՝ արդյոք հայ փախստականների վերադարձի հարցը ներառվա՞ծ է բանակցային գործընթացում, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ Չինգիզ Ասգարովն ասել է. «Այո: Ադրբեջանի կառավարությունը ճանաչում է հայ փախստականների վերադարձի իրավունքը»,- եւ հավելել, որ այդ հարցը մաս է կազմում ներկայումս ընթացող բանակցությունների: Ադրբեջանցի պաշտոնյան զավեշտալի մեկնաբանություն էլ է արել՝ նշելով, թե քանի որ Հայաստանը պահանջում է նախ միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ապա անդրադառնալ փախստականների վերադարձի խնդրին, ուստի իրենք առաջարկում են, որ սկզբում վերադառնան ադրբեջանցի փախստականները, իսկ մնացած բոլոր հարցերը քննարկվեն հետագայում:
Հայցերը ներկայացվել են տարբեր ժամանակահատվածներում՝ 2005 թվականի ապրիլին եւ 2006-ի օգոստոսին, դատարանը որոշել է դրանց վերաբերյալ վճիռը հրապարակել միեւնույն օրը՝ մի քանի ժամվա տարբերությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել