Պատճառը Ա. Շիրվանզադեն եւ Վ. Դալլաքյանն են
ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի անունից երեկ մի զարմանալի հայտարարություն տարածվեց, ընդ որում՝ այդ հայտարարությունը տարածում էր ոչ թե անձամբ պարոն Բոստանջյանը, այլ նրա կուսակից Նաիրա Զոհրաբյանը: Հայտարարության տեքստը հակիրճ էր՝ 8 տող, սակայն երեկ պատգամավորների եւ լրագրողների խոսակցության թեման այդ տողերն էին: Հիշեցնենք, որ նախորդ օրն անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ հայտարարությամբ, ավելի ճիշտ՝ ընթերցեց Ալեքսանդր Շիրվանզադեի «Բարեգործություն եւ առեւտուր» հոդվածը: Ընդամենը: Ոչ մի կոնկրետ անուն չհնչեց: Սրան անմիջապես արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը, հայտարարելով, թե շատ կուզենար, որ մեր երկրում «լինեին այնպիսի բարեգործներ, ինչպես նշել է Շիրվանզադեն եւ ինչպիսին է Գագիկ Ծառուկյանը»: Թվաց՝ մեկն ասաց, մյուսը՝ իր վրա վերցրեց, պատասխանեց, ու հարցը փակված է: Բայց կատարվեց շատ զարմանալի եւ տխուր մի բան: Վիկտոր Դալլաքյանի վաղեմի եւ անբաժան ընկեր, վերջերս նաեւ նրա որդու հարսանիքի քավոր Վարդան Բոստանջյանի անունից տարածված հայտարարությամբ ամեն ինչ խառնվեց: Հայտարարության մեջ գրված էր. «Ինձ չափազանց վշտացրեց, եթե կուզեք՝ զայրացրեց «նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ» արտահայտությունը, քանզի, որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ եւ պատգամավոր, ես պաշտպանում եմ այն սկզբունքներն ու մոտեցումները, այն հրամայականները, որոնց կրողն է ԲՀԿ-ն, եւ որն ինձ հոգեհարազատ է: Նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ եւ Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը» :
Վերոհիշյալ տողը, որից «վշտացել էր» Վարդան Բոստանջյանը, ամբողջությամբ հետեւյալն է. «Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջեւ սողունի պես ստորանում են, ոտներն են լիզում իրենց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ»: Վիկտոր Դալլաքյանը պատասխանելով մեր հարցին՝ ասաց. «Ընդհանրապես, եթե ես որեւէ մեկին նկատի եմ ունենում, դա ասում եմ ուղղակի»: Մեր մյուս հարցերին պարոն Դալլաքյանը հրաժարվեց պատասխանել, ասելով. «Ես մեկնաբանություն չունեմ, ինձ համար պարզ է, թե ում կողմից եւ ինչպիսի մթնոլորտում է գրվել այդ հայտարարությունը: Ընդամենը նշեմ, որ սա այն դեպքն է, երբ իմ կողմից դրսեւորվող ներողամտության ավելցուկն ակնհայտորեն գերադասելի է վրեժխնդրության պակասից»:
Հ. Գ. Մենք զրուցեցինք նաեւ Վարդան Բոստանջյանի հետ, բայց պայմանավորվեցինք, որ այդ զրույցը հրապարակման համար չէ: