Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ «ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» ՉԱՆՑԱ՞Վ

Սեպտեմբեր 16,2010 00:00

\"\"«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այն անընդունելի եւ վտանգավոր է համարում:

Նախօրեին Հայ ազգային կոնգրեսը հրապարակել էր իր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մշակված բանաձեւի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ մի նախագիծ, որն առաջարկում էր որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից հնարավոր նախաձեռնության օրինակ միջազգային հեղինակավոր այդ կառույցում շրջանառության մեջ դնել: «Առավոտը» երեկ հրապարակել է ե՛ւ այդ բանաձեւի նախագծի հիմնական դրույթները, ե՛ւ դրա վերաբերյալ առաջին արձագանքները: Հիշեցնենք, որ այն անընդունելի էր համարել ոչ միայն դիվանագիտական առանձին մի շրջանակ, որի ներկայացուցիչներից մեկ-երկուսի հետ մենք զրուցել էինք, այլեւ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Թե ՀԱԿ-ի առաջարկած բանաձեւի հատկապես ի՞նչն է, որ անընդունելի է, երեկ մանրամասնեց Ստեփան Սաֆարյանը:
Նախ, նրա դիտարկմամբ, անթույլատրելի է տասնամյակներ շարունակ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն ու անգործությունը միջազգային կազմակերպություններում Ղարաբաղի խնդիրը հայկական շահերի տեսանկյունից առաջ մղելու, որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու կամ փաստաթուղթ ներկայացնելու առումով: «Ժառանգության» ներկայացուցիչը նաեւ անընդունելի համարեց այն, որ հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ԼՂ խնդրի վերաբերյալ այս վերջին բանաձեւի առնչությամբ մեր դեսպաններն արդեն հուսահատ հարցազրույցներ էին տալիս՝ հավանական համարելով ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւի ընդունումը, իշխանություններն էլ քարոզչական հնարքներ էին բանեցնում եւ մեկնաբանում, թե այդ բանաձեւը ընդունվելու դեպքում որեւէ պարտավորեցնող ազդեցություն չունի եւ այլն: «Բայց մյուս կողմից՝ այն, ինչ առաջարկում է ՀԱԿ-ը՝ որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շրջանառության մեջ դրվելիք նախաձեռնության հնարավոր օրինակ, ոչ միայն չի հակակշռում ադրբեջանական այդ նախագծերին, այլեւ հակառակը՝ Հայաստանի եւ ԼՂ-ի համար նոր մեծ ռիսկեր է ստեղծում: Նախ, Հայաստանը չպետք է նման վախվորած տեքստեր (ՀԱԿ-ի բանաձեւի նախագիծը նկատի ունի- Ն. Մ.) դնի շրջանառության մեջ՝ խուսափելով հստակորեն խոսել Արցախի կայացած անկախության ու պետականության, ԼՂՀ-ի ճանաչման հրամայականի, ժողովուրդների ինքնորոշման՝ ԼՂ բնակչության կողմից արդեն իրացված իրավունքի մասին: Այդ կապակցությամբ բանաձեւի օրինակում ընդամենը հանդիպում են այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են, օրինակ՝ «մարդու իրավունքներ» եւ «հիմնարար ազատություններ», որոնք միջազգային փաստաթղթերում ավելի հստակ ամրագրված ժողովուրդների իրավունքից տարբերվող հասկացություններ են: Կամ՝ նախագծում կան «սահմանադրական իրավունք», «մարդասիրական իրավունք» ու նմանատիպ այլ ձեւակերպումներ: Խոսքը նախագծի այս պարբերությունների մասին է՝ «Վերահաստատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհերքելի սկզբնաղբյուրն ու անվիճելի պատճառը եղել եւ մնում են ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչության դեմ, ի պատասխան նրա սահմանադրական իրավունքները, այդ թվում՝ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրականացնելու օրինական փորձին», «Վերահաստատում է շարունակական կիրառելիությունը բոլոր համապատասխան միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը իրավիճակին վերաբերող»: Այսինքն՝ ինքնորոշման իրավունքը՝ որպես այլեւս կայացած փաստ, ուղղակի շրջանցված է այս ՀԱԿ-ի առաջարկած տեքստում, ինչը, կարծում եմ, Հայաստանի համար, որպես դիրքորոշում, ուղղակի անթույլատրելի է»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն անընդունելի համարեց նաեւ առաջարկված բանաձեւում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վկայակոչումը: Նրա համոզմամբ, 1993թ.-ին ՄԱԿ ԱԽ-ում ընդունված թիվ 822, 853, 874 եւ 884 հայտնի եւ ԼՂՀ-ի ու Հայաստանի շահերին հակասող բանաձեւերը վկայակոչելը՝ ամրագրելով, որ հայկական ուժերը իսկապես ագրեսիա եւ օկուպացիա են իրականացրել, ուղղակի անթույլատրելի է: «Ինձ համար անընդունելի է նաեւ տեքստում ամրագրված կոնկրետ նաեւ այս՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներ» ձեւակերպումը, որովհետեւ եթե մենք՝ ՀՀ քաղաքացիներս, խոսում ենք ԼՂ հայ բնակչության իրավունքների, դրանք հարգելու մասին, ապա պետք է հիշենք, որ այդ նույն հայ ազգաբնակչությունն արդեն ընդունել է Սահմանադրություն, որով ԼՂՀ ներկայիս բոլոր տարածքները սահմանադրորեն պատկան տարածքներ են, որոնք մենք իրավունք չունենք անվանել «ԼՂ շրջակա» կամ առավել եւս՝ «գրավյալ» տարածքներ: Այդպիսի ձեւակերպումը, իմ պատկերացմամբ, դարձյալ անթույլատրելի է»,- ընդգծեց Ստ. Սաֆարյանը: Նա «վտանգավոր» որակեց նաեւ Կոնգրեսի առաջարկած բանաձեւի եզրափակիչ՝ 9-րդ կետը, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան «որոշում է մնալ այս հարցով շահագրգռված»: Պատգամավորի համոզմամբ, այդ կետով, ըստ էության, ՄԱԿ-ին պարտավորեցնում եւ ԼՂ հարցում անընդհատ ճնշումներ բանեցնելու եւ ինչ-որ բաներ պարտադրելու, հակամարտությանն օպերատիվ արձագանքելու, միջամտելու իրավունք ենք վերապահում, այն էլ՝ բանաձեւի նախագծում պարունակվող այսպիսի ձեւակերպումներով եւ իրավական բազայով, որոնք արդեն իսկ կան մասնավորապես Ադրբեջանի կողմից ընդունված բանաձեւի խորապատկերին, նաեւ 2008թ. ընդունված բանաձեւում: «Դա Հայաստանի վրա ճնշումների շատ մեծ դաշտ է բացում եւ անթույլատրելի է: Վերջին հաշվով, մենք բոլորս հայտարարում ենք, որ ԼՂ հիմնախնդրով զբաղվելու համար ԵԱՀԿ-ն լավագույն տարբերակն է, հատկապես մեզ համար, որովհետեւ այնտեղ որոշումները կոնսենսուսով են ընդունվում, այնտեղ Հայաստանն ունի վետոյի իրավունք, որն օգտագործեց 1996թ.-ին Լիսաբոնի գագաթաժողովում: Եվ եթե հիմա մենք ՄԱԿ-ին պարտավորեցնում ենք ԼՂ հարցով շահագրգիռ լինել եւ անընդհատ անդրադառնալ դրան՝ մոռանալով, որ դա մի կառույց է, որն իր որոշումներն ընդունում է մեծամասնությամբ, եւ գոնե իսլամական համերաշխության ֆոնին Ադրբեջանն այնտեղ խնդիր չունի, ապա դա, իմ կարծիքով, լրջագույն վտանգներ է ստեղծում Արցախի խնդրի համար: Ըստ իս, այսպիսի նախաձեռնությամբ Հայաստանը չպետք է հանդես գա ոչ միայն ՄԱԿ-ում, այլեւ որեւէ այլ միջազգային ատյանում»,- եզրափակեց Ստ. Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությամբ հանդես եկած ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդգրկված են նախկին եւ բավականին փորձառու դիվանագետներ: Կարծում եք, ձեր մատնանշած վտանգները նրանք հաշվի չե՞ն առել կամ ի՞նչն է նրանց ստիպել այդպիսի՝ Ստ. Սաֆարյանի ասելով, խոցելի փաստաթուղթ կազմել: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ պատգամավորն ասաց, թե դրան պետք է պատասխանեն բանաձեւի հեղինակները, բայցեւ նկատեց, որ մենք ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւերին հակակշռելու փորձերով շրջանառության մեջ ենք դնում մի բան, որով ինքներս ենք նպաստում հարցը ՄԱԿ տեղափոխելու, «որտեղ քվեարկության մեխանիզմը, ինչպես փորձն է ցույց տալիս, ուղղակի վտանգներ է պարունակում Հայաստանի Հանրապետության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել