Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԵՐԱՇԽ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՆԵՆՔ»

Սեպտեմբեր 16,2010 00:00

\"\"Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ պատասխանեց մի քանի հարցերի

Կառավարությունը երեկ խորհրդարան էր եկել՝ լսելու եւ պատասխանելու պատգամավորների հարցերին: Հնչում էին հիմնականում ագրարագյուղացիական եւ սոցիալական հարցեր: Միայն օրվա վերջում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նախարարին հարց ուղղեց բանակի մասին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախ շնորհակալություն հայտնեց այն անձանցից, այն կազմակերպություններից, որոնք այս օրերին ճիշտ գնահատական տվեցին այն ամենին, ինչ տեղի ունեցավ պաշտպանության նախարարության ենթակա զորամիավորումներում եւ որոշ զորամասերում. «Ճիշտ եք, մեր նորօրյա պատմության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը բանակն է, եւ բանակն այսօր հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորը: Ես չէ, որ դրա մասին պետք է խոսեմ, ես շարունակողն եմ այն գործընթացների, որ իրականացվել են 92 թվականից սկսած, մեր անկախությունից ի վեր: Պարզապես մենք ուզում ենք յուրաքանչյուրս ինչ-որ բան ավելացնել: Բոլոր ուղղություններով համապատասխան աշխատանք տարվում է կարգապահության ամրապնդման ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի պատմության մեջ 2007-ը եղել է այն տարին, երբ մեր կորուստները եղել են ամենաքիչը: 2010 թվականի առաջին կիսամյակում, մինչեւ հունիսի 18-ի դեպքը, ՀՀ զինված ուժերում արտակարգ պատահարների քանակը երկու անգամ ավելի քիչ էր, քան 2007-ին, եւ այս պահին էլ քիչ է: Պարզապես տեղի ունեցան դեպքեր, որոնք հասարակական հնչեղություն ստացան, եւ հասարակությունը մտահոգված է: Կարծում եմ՝ ճիշտ է մտահոգված: Բայց այսպիսի լայն հարձակում սկսել նախարարության վրա, կարծում եմ՝ ճիշտ չէ»: «Մենք պետք է փորձենք պարզաբանել, թե այսօր բանակը քանի ճակատով է մարտնչում: Մի ճակատը հայտնի է՝ դա Ադրբեջանն է, մյուս ճակատները պետք է բացահայտենք, եւ եթե ես բացահայտեմ, շատ խիստ ձեւով պատժվելու են: Ոչ թե մեր մեղքերի համար, ոչ թե նրա համար, որ բանակում կան սխալներ, եւ բանակն այնպիսի կառույց է, որտեղ կլինեն սխալներ, այլ այն իրողության համար, որ այսօր միտումնավոր հարձակում է գնում բանակի ուղղությամբ, ենթատեքստի տակ ես շատ բան կարող եմ տեսնել, եւ ինքս վերլուծություններ կանեմ»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Մինչ այդ նախարարը պատասխանել էր լրագրողների մի քանի հարցերի: Պատերազմի հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նախարարն ասել էր. «Պատերազմի հավանականությունը պաշտպանության նախարարը երբեւիցե չպետք է բացառի: Ես նրա համար եմ, որպեսզի մշտապես պատրաստ պահեմ մեր երկրին ագրեսիայի դեպքում մեր ժողովրդի հետ միասին դիմագրավելու: Իսկ դիմագրավելու առաջին պայմանը համապատասխան մթնոլորտի ստեղծումն է: Կարեւոր է, որ մենք համերաշխ, միասնական մթնոլորտում լինենք: Բայց այսօր, այս պահին չեմ տեսնում, որ Ադրբեջանը կարող է մարտական գործողություններ սկսել, չնայած իրենց գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ իրենք ուզում են ինչ-որ բաներ հրահրած լինել»: Ադրբեջանի կողմից C-300-ի ձեռք բերման հավանականության մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Մեր ունեցած տեղեկությունները խոսում են այն մասին, որ տվյալ փաստը չի հերքվել, եւ Ադրբեջանը երեւի ձեռք կբերի այդ համակարգը, որը պաշտպանական բնույթի համակարգ է: Մենք այդ համակարգից մտավախություն չունենք, մանավանդ, մի քանի անգամ ավելին (քանակությամբ նկատի ունեմ) մենք ունենք այդ համակարգից եւ ավելի լավ ենք տիրապետում, թե այդ համակարգը ինչպես կարելի է գործարկել, ինչպես մարտական վիճակի բերել եւ համապատասխան խնդիր կատարել»:
Զինծառայող Արտակ Դավթյանի մահվան մասին հարց տրվեց, թե ինչու են սպանությունները ներկայացվում որպես ինքնասպանություն, նախարարն ասաց. «Միակ դեպքն է եղել, որ ասել ենք, որ ի սկզբանե վարկածն է այդպիսին: Այսօր քրեական գործ է հարուցված, կան մեղավորներ: Գործն անձամբ իմ վերահսկողության տակ է գտնվում, եւ մեղավորները իրենց պատիժը կստանան»: Նախարարը հերքեց տեղեկությունները, թե «Զանգակատուն» կոչված զորամասում սպաները բողոքի ցույց են արել. «Զանգակատանը նման դեպք չի եղել, որեւէ դեպք չի եղել»:
«ՉԻ» հարցին՝ ճի՞շտ է, որ Գլխավոր շտաբի պետի եւ նախարարի հարաբերությունները լարված են եւ իրար անգամ չեն բարեւում, նախարարը հարցով պատասխանեց. «Ո՞վ է ասում»: «Զինվորականներից մեկը»,- ասաց լրագրողը: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ինչպե՞ս կարող են Գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը օրը մի քանի անգամ հանդիպել եւ չբարեւել, այդպիսի բա չկա, մենք նորմալ մթնոլորտում ենք աշխատում»: «168 ժամի» թղթակիցը նկատեց՝ «Գլխավոր շտաբի պետը հայտնի է որպես կաշառակեր»: Նախարարը սա եւս հերքեց. «Նման բան չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել