Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ»՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ

Սեպտեմբեր 15,2010 00:00

Կցուցադրվեն նաեւ նախորդ դարի 30-40-ական թվականներին նկարահանված ֆիլմեր

Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կիրականացվի «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ամիս» ծրագիրը: «Կինոաշունը» կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Կտեւի մինչեւ նոյեմբերի 10-ը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ըստ նրա, մինչեւ 1991 թվականը Հայաստանում, պլանային տնտեսության պայմաններում, կինոարտադրանքի իրացման հիմնախնդիր չի եղել. «Այն ժամանակ գոյություն ունեին հաստատություններ՝ կինոթատրոններ, կինովարձույթներ եւ կինոցանցեր, որոնք հստակ մշակված մեխանիզմով «Հայֆիլմի» արտադրանքը հասցնում էին հանդիսատեսին: Իսկ անկախացումից հետո իրավիճակը փոխվեց, կինոյի տարածման միջոցները վերացան»: Գ. Գեւորգյանի խոսքով, չնայած հայկական կինոյի խորհրդային շրջանի հետահայաց ցուցադրությունների խնդիրը ստանձնել են հայկական հեռուստաալիքները, սակայն հայ հանդիսատեսը աղոտ պատկերացում ունի ժամանակակից արտադրանքի մասին. «Որոշ փառատոների կամ այլ միջոցառումների շրջանակներում կազմակերպվող ցուցադրությունները բավարար չեն հայ հանդիսատեսի պահանջները բավարարելու, շուկայում մշտական ներկայություն ապահովելու եւ ժամանակակից հայ կինոն մշակութային կյանքի բաղկացուցիչ մաս դարձնելու համար: Հենց այս խնդիրներին լուծում տալու համար Ազգային կինոկենտրոնը որոշեց նախաձեռնել «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ամիս ծրագիրը»:

Կինոկենտրոնի տնօրենի փոխանցմամբ, այսուհետեւ հոկտեմբեր ամիսը նախատեսվում է հայտարարել ազգային կինոյի ամիս. «Ամեն տարի այս ամսին կլինեն ազգային կինոյի բազմաժանր ցուցադրություններ՝ մայրաքաղաքում եւ մարզերում»:

Գ. Գեւորգյանը հայտնեց, որ մեկ ամսվա ընթացքում կներկայացվեն հին ու նոր ֆիլմերը, նույնիսկ այնպիսի ֆիլմեր, որոնք նկարահանվել են 30-40-ական թվականներին, սակայն մինչ օրս կամ շատ քիչ են ցուցադրվել, կամ էլ ընդհանրապես չեն ցուցադրվել:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կինոցուցադրություններ կիրականացվեն «Մոսկվա» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում, Տիկնիկային թատրոնում, երկու բուհերի՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճներում: Ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն նաեւ Կասկադում եւ Սիրահարների այգում՝ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:

«Ծրագիրն ավելի նպատակային եւ ամբողջական դարձնելու համար բուհերում կցուցադրվեն անկախությունից հետո արտադրված ժամանակակից ֆիլմերը, որոնց համար կինոյի ամսվա շրջանակներում հայտարարվելու է լավագույն գրախոսականների մրցանակաբաշխություն»,- ասաց բանախոսը, հավելելով, որ բոլոր դահլիճներում ֆիլմերի ցուցադրությունը լինելու է անվճար, բացի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերից, որտեղ էլ տոմսերի արժեքը կտատանվի 300-500 դրամի սահմաններում:

Նշենք, որ «Կինոաշունը», մյուս կինոփառատոների եւ միջոցառումների պես, հայտնի ֆիլմով չի բացվելու: Եվ որպես գաղտնիք, Գ. Գեւորգյանն ասաց, որ սպասվում է մեծ շոու, որի ընթացքում առաջին անգամ կցուցադրվի դեռեւս արտադրության մեջ գտնվող հայ կինոյի ստեղծման պատմության մասին ֆիլմ: Նշենք նաեւ, որ «Կինոաշունը» դեռ հովանավորներ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել