Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեանիմանիան» ավարտվեց

Սեպտեմբեր 15,2010 00:00

Սեպտեմբերի 9-13-ը Երեւանում անցկացված «Ռեանիմանիա» անիմացիոն միջազգային երկրորդ փառատոնում լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել չինացի ռեժիսոր, սցենարիստ, անիմատոր Լիու Ջիանիի «Փիրսինգ 1» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց «Ձեղնահարկում. ո՞ւմ տարեդարձն է այսօր» լիամետրաժ ֆիլմին:

«Լավագույն հեռուստատեսային կրթական ֆիլմ» հայտարարվեց անգլիացի ռեժիսոր Փիթ Բիշոփի «Նավթի պատմությունը», իսկ հայ ռեժիսոր Նաիրա Մուրադյանը վերցրեց ժյուրիի հատուկ նշումն իր «Հրեշտակի քաղաքը» նկարի համար: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» համարվեց իտալական «Մեծ աղմուկ» նկարը, իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ»՝ խորվաթական «Միրամարե» ֆիլմը:

Երեւանյան այս փառատոնում ժյուրին շատ շռայլ էր՝ բացի հատուկ նշումներից, հանձնեց նաեւ խրախուսական մրցանակներ՝ գերմանական «Մոբիլ» ֆիլմին:

Մանկական ֆիլմերի շարքում գերմանական «Բոբ» ֆիլմը արժանացավ մանկական ժյուրիի մրցանակին: Կարճամետրաժ ֆիլմի լավագույն երաժշտության համար ժյուրին մրցանակը հանձնեց նորվեգական «Բարկացած մարդը» ֆիլմին, իսկ իսպանական «Վիսենտան» էլ՝ կրկին ժյուրիի հատուկ նշմանը: Անիմատորներ Մաքս Հաուարդը, Կարինե Արոյանը եւ Լուսին Քասարջյանը «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի կողմից արժանացան Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակին: Անիմացիոն արվեստի մեջ զգալի ավանդի ու ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից պատվոգրեր հանձնվեցին Լյուդմիլա Սահակյանցին ու Գայանե Մարտիրոսյանին: Կինոբեմադրիչ, նկարիչ Ստեփան Անդրանիկյանն էլ արժանացավ նախարարության ոսկե մեդալին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել