Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵ՞ՐՆ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ, ԹԵ՞ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

Սեպտեմբեր 15,2010 00:00

\"\"(Ինֆորմացիոն աջակից՝ «Վեդի-Ալկո»)

Ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ին։ Սակայն մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու պատասխանատու պաշտոնյաները Անթալիա ժամանել են մի քանի օր շուտ։ Նրանք զբաղված են նախապատրաստական աշխատանքներով։

Այստեղ են նաեւ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։ Նրանք կազմակերպիչների հետ ճշտում են մեր կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականների համար բնակության եւ մարզումային լավագույն պայմաններ ապահովելու խնդիրները։

Երեկվանից սկսվել է տարբեր երկրների ծանրորդների ներհոսքը։ Կազմակերպիչների խոսքերով, այս առաջնությունը մասնակիցների քանակի առումով ռեկորդային է լինելու, քանի որ հենց այստեղից է սկսվում 2012թ. օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվառումը։

Հայաստանի կանանց հավաքականը Անթալիա ժամանելու է սեպտեմբերի 16-ին։ Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ մրցավայր գալիս են՝ Էլեն Գրիգորյանը (53 կգ քաշային կարգ, Քասախ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ քաշային կարգ, Գյումրի), Մելինե Դալուզյանը (69 կգ քաշային կարգ, Գյումրի), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ քաշային կարգ, Քասախ)։

Մելինեն եւ Հռիփսիմեն առաջին անգամ են հանդես գալու իրենց համար սովորականից մեկ քաշ բարձր կարգում։ Ու չնայած դրան, նրանք ասպարեզ մտնելու են մեդալ նվաճելու վճռականությամբ։ Քանի որ մեր տղաների առաջին մեկնարկը 77 կգ քաշայիններինն է լինելու, նրանք Անթալիա կգան սեպտեմբերի 20-ին։

Մասնագետներն ու հայ մարզասերները մեր հավաքականների առաջատարներից առաջին հերթին մեդալներ են ակնկալում։ Եվ սպասելիքներն, իհարկե, հիմնավորված են։ Սակայն աշխարհի այս առաջնությունը, թերեւս, այլ՝ հեռանկարային նպատակներ է առաջադրել բոլոր երկրներին։ Խոսքը 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի հնարավորին չափ շատ վարկանիշային միավորներ վաստակելու մասին է։ Ու այստեղ իր կարեւորագույն դերակատարությունն ունի թիմի յուրաքանչյուր անդամ, նրա վաստակած ամեն մի միավոր։

 

Հ. Գ. Այնպիսի տպավորություն է, թե Անթալիայում տեղյակ չեն, որ իրենց մոտ ծանրամարտի աշխարհի առաջնություն է անցկացվելու։ Օդանավակայանից մինչեւ Անթալիա՝ քաղաքի փողոցներում ոչ մի պաստառ չկա, որ հիշեցնի մարզական այս խոշոր իրադարձության մասին։ Հեռուստաալիքներն էլ կես ժամը մեկ խոսում են ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի ու ամեն մարզաձեւի մասին, բացի ծանրամարտից։ Գուցե ծանրամարտն այստեղ այն հարգը չունի՞։ Կամ էլ տեղացիները մեդալների հո՞ւյս չունեն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել