Ասում է երգչուհի Էռնա Յուզբաշյանը: Գուցե դա՞ է պատճառը, որ մենահամերգը կրում է «Միայն քեզ համար» խորագիրը:
Էռնա Յուզբաշյանը Կ. Ծատուրյանի (ձախից) եւ Կ. Մարգարյանի հետ:
1970-80-ականների համար ոչ միայն Հայաստանում հայկական էստրադայի իրական աստղեր էին Զառա Տոնիկյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը: Նրանցից ոչ մեկը չհասցրեց պրիմադոննա կոչվել, որովհետեւ կտրուկ փոխվեցին ժամանակները, փոխվեց սոցիալական իրականությունը եւ երգչուհիները հեռացան հայրենիքից: Ցավոք, եղավ նաեւ ֆիզիկական կորուստ՝ Էլվինա Մակարյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին:
Հայկական էստրադային երգի վերոհիշյալ երգչուհիները երբեք չեն իջնում ոչ միայն մեր հիշողության բեմից, այլեւ ազգային էստրադայի իսկապես աստղերին արժանի հարթակից:
Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 30-ին «Միայն քեզ համար» համերգային ծրագրով հանդես կգա ամերիկաբնակ երգչուհի Էռնա Յուզբաշյանը: Կկայանա նաեւ նրա առաջին CD-ի շնորհանդեսը:
1993-ից Է. Յուզբաշյանը բնակվում է ԱՄՆ-ում, սկսած 2006-ից էլ՝ 5 անգամ բեմ է բարձրացել հայրենիքում:
Երգչուհու հետ կարճատեւ զրույցից պարզեցինք, որ նա մտադրված է վերջնական վերադառնալ հայրենիք: Պատճառն այն չէ, թե ԱՄՆ-ում «անհարթություններ» կան: «Շատ եմ ուզում վերադառնալ… Ինչ-որ մի օր պետք է դա տեղի ունենար, հիմա ժամանակն է»,- ասաց Էռնան:
Դիտարկմանը, թե երգարվեստի սիրահարները իսկապես անհամբեր սպասում են աստղի մենահամերգին, երգչուհին հիշեց իր 13-ամյա դստեր՝ Ալեքսանդրա Մանեի խոսքը, որ ասել էր վերջերս մոր ձայնագրությունները ուշադիր լսելուց հետո՝ «մամա, դու իսկական աստղ ես…»:
Անդրադառնալով կայանալիք համերգին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ծանոթ երգերից բացի, կհնչեն նաեւ նորերը, հպարտությամբ էլ նշեց մաեստրո Օրբելյանի կողմից իրեն չորս երգ վստահելու փաստը: Ասաց նաեւ, թե այս անգամ բեմից պատրաստվում է նաեւ անկեղծ զրուցել հանդիսականի հետ: Կառչեցինք այս խոսքից եւ հետաքրքրվեցինք երգչուհու անձնական կյանքի մասին: Նա միայն ժպտաց. «Սիրտս ազատ է սիրո համար»:
Հետաքրքրվեցինք, թե ընդհանրապես իր կյանքում ի՞նչն է պակասում: «Փառք Աստծո, կարծես այն ամենը, ինչն անհրաժեշտ է՝ ունեմ: Օրինակ, այս պահին կողքիս են նաեւ պրոդյուսերներս՝ Կարեն Ծատուրյանը (Ծատ) եւ Կարեն Մարգարյանը: Կուզեի ունենալ նաեւ անհրաժեշտ ֆինանսի այն չափաբաժինը, ինչն իսկապես հարկավոր է ցանկացած մարդու, իմ դեպքում՝ արտիստին, ինչու չէ, հենց արժանապատիվ ապրելու համար»,- նշեց Էռնան: