Սրան է ձգտում «Հայ գրքի կենտրոն» հ/կ-ի՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Դարձ առ գիրք» միջազգային փառատոնը:
Հայ առաքելական եկեղեցին հոկտեմբերի առաջին օրերին նշում է Թարգմանչաց տոնը՝ ի հիշատակ սուրբ թարգմանիչ Վարդապետներ Սահակի, Մեսրոպ Մաշտոցի եւ նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսես Կլայեցու: Հիշեցնենք, որ թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթեւին աշակերտած շուրջ 100 սաներ:
Թարգմանչաց տոնի առիթով առաջին անգամ հոկտեմբերի 1-7-ը մեզանում կանցկացվի «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնը: Սպասվում են հյուրեր Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իրանից եւ այլ երկրներից:
«Առավոտը» զրույցի հրավիրեց փառատոնի կազմակերպիչ, «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանին:
– Վերջին տարիներին գրքի հետ առնչվող տարբեր միջոցառումների անցկացումը ընդհանուր հաշվով արդյունք չի տալիս: Գիրքը շարունակում է անցանկալի մնալ լայն հասարակությանը: Ի՞նչ կտա գրքի այս հերթական ձեռնարկը:
– Կտրականապես համամիտ չեմ ձեր կարծիքին: Հայաստանի պատմության (թե խորհրդային եւ թե անկախ) ընթացքում երբեք չի եղել, որ որեւէ գիրք կամ դրա հետ առնչվող միջոցառում գովազդվի արտաքին գովազդի վահանակի միջոցով: Այսօր շուրջ 100 վահանակներ տեղադրված են Սեւան եւ Գյումրի տանող մայրուղիներում: Միայն նշեմ, որ դրանք անգլերեն են, բոլորն էլ նույն տեսքի եւ բնույթի: Իսկ սա եւ գովազդի մյուս միջոցները կնպաստեն գրքի նկատմամբ հարգալից մթնոլորտի ձեւավորմանը: Ավելին, մի քանի օրից Երեւանում եւ մարզերում կհայտնվեն գիրք գովազդող ավտոբուսներ, արդեն մայրաքաղաքի կանգառներում նկատել եք գովազդային վահանակներ, որոնց թիվը առաջիկա օրերին կավելանա: Տոնակատարության օրերին էլ օպերայի հրապարակը կվերածվի գրքի կենտրոնի, կհայտնվեն փուչիկներ, նույնիսկ օդապարիկ՝ դարձյալ գրքի հետ կապված տարբերանշաններով: Փառատոնի պաշտոնական բացման օրը՝ հոկտեմբերի 2-ին, Խնկո-Ապոր անվան գրադարանի մոտից երթով, ինչն ակնկալում է նաեւ շոուի տարրեր, կշարժվենք դեպի Ազատության հրապարակ: Փառատոնը բազմաֆունկցիոնալ է, կկայանան սեմինարներ, գրքային հիմնախնդիրների մասին քննարկումներ, գրքարվեստին նվիրված գրաֆիտի, պատկերապատման, կավճանկարչության եւ այլ «մրցույթներ»: Այս ամենը կուղեկցվի թատերականացված շոու- ծրագրով՝ այրուձիով, կառքով, կենդանի տիկնիկներով… Կուզեինք փառատոնը դառնար ավանդական: Ի վերջո, մեզ շանս է տրված՝ 2012թ. Երեւանը հռչակված է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ցանկալի է այս փառատոնը եւ գրքի հետ առնչվող գալիք միջոցառումները, այդ թվում նաեւ ողջ 2012թ., միայն տոնախմբություններ չլինեին, այլ նպաստեին նրան, որ ի վերջո լուծվեին գրքի ընթերցանության հետ կապված հիմնախնդիրները:
– Փառատոնի ձեր ներկայացրած նույնիսկ այս ուրվագիծը ակնկալում է ֆինանսական զգալի ներդրում…
– Փառատոնի անցկացման մինիմում ծրագրի առումով հույսներս մենք ենք՝ «Հայ գրքի կենտրոնի» անդամներս: (Կենտրոնում ընդգրկված են Խնկո-Ապոր անվան գրադարանը, «Անտարես» հոլդինգը, «Պրինտ-ինֆոն», «Ակտուալ արվեստ» եւ «Հոգեւոր Հայաստան» հ/կ-ները, «Արտ բրիջ» խանութ-սրահը, «Արտ ֆիլմ գալերին», «Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի դպրոցը եւ «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը- Ս. Դ.): Իսկ մաքսիմումի համար ակնկալում ենք իշխանությունների եւ գործընկերների աջակցությունը: Ի դեպ, այսօր փառատոնի նախապատրաստական աշխատանքներին սիրով մասնակցում են նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի դեսպանատները:
– Այնուամենայնիվ, համոզվա՞ծ եք, որ միջազգային այս փառատոնում ընդգրկված տարբեր միջոցառումների շարքը կտա ցանկալի արդյունք:
– Մինչ այս յուրաքանչյուր հրատարակչություն կամ գրքի հետ առնչվող յուրաքանչյուր հիմնարկ ինքն իր ուժերով էր փորձում գիրքը խրախուսող ինչ-որ աշխատանք անել: Փորձեմ ձեր հարցին պատասխանել հետեւյալ համեմատությամբ. մի բան է, երբ թեկուզ նույն գաղափարով մարդիկ գործում են իրարից անջատ, մեկ այլ բան՝ երբ գաղափարախոսները համախմբվում են ու հանդես գալիս մեկ ճակատով: