Իսրայելա-պաղեստինյան խաղաղ եւ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Եգիպտոսում: Արդեն այդ երկիր է մեկնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը: News.am-ի մատուցմամբ, Հիլարի Քլինթոնը նախօրեին հայտարարել է, թե եկել է ժամանակը, որ բանակցությունների մասնակիցները կարողանան համաձայնության հասնել: Նրա խոսքով, Իսրայելը պետք է երկարաձգի Արեւմտյան ափին բնակավայրերի շինարարության սառեցման ժամկետը: Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, թե դա տեղի չի ունենա, սակայն աշխատանքների ծավալը կնվազի: Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասն էլ սպառնացել է դուրս գալ բանակցություններից՝ «եթե իսրայելցիները սկսեն շինարարական աշխատանքները»:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», իսրայելա-պաղեստինյան բանակցությունների երկրորդ փուլը կայանալու է եգիպտական Շարմ-Էլ-Շեյխում եւ շարունակվելու է Երուսաղեմում: Հիշեցնենք, որ կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին, Վաշինգտոնում: