Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավստրիան ապշած է թուրք-չեչենական «ռազբորկայից»

Սեպտեմբեր 15,2010 00:00

Ավստրիացիներին ապշեցրել է Լինց եւ Մաուտհաուզեն ավաններում չեչենների եւ թուրքերի միջեւ տեղի ունեցած «ռազբորկան»: Դիսկոտեկում մի աղջկա պատճառով սկսված ծեծուջարդի արդյունքում յոթ մարդ է տուժել, մեկը՝ ձերբակալվել: Ավստրիական ոստիկանությունը, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է, թե միջադեպի առնչությամբ սկսված հետաքննությունը կատարվածի հիմքում կրոնական կամ էթնիկ շարժառիթ չի հայտնաբերել:

Հակամարտությունը թուրքերի եւ չեչենների միջեւ սկսվել էր անցած շաբաթ օրը՝ Լինցի դիսկոտեկներից մեկում: Մաուտհաուզենից երկու թուրքեր՝ 19 եւ 20 տարեկան, երկու չեչենների հետ կռվել էին մի աղջկա պատճառով: Նրանք սկզբում վիրավորել էին միմյանց, բայց շատ արագ անցել էին հարցը բռունցքներով պարզաբանելուն, իսկ հետո հանել էին իրենց մոտ եղած դանակներն ու հարվածել իրար: Երկու երիտասարդ թուրքերը դանակից ստացված վնասվածքներով հայտնվել են քաղաքային հիվանդանոցում:

Թուրքերի հայրենակիցները՝ տեղեկանալով կատարվածի մասին, նույն գիշեր որոշել են վրեժխնդիր լինել: Դրա նախաձեռնողը եղել է տեղի սրճարաններից մեկի տերը, որը իր հայրենակիցների մի խումբ է հավաքել եւ մեկնել Լինցի դիսկոտեկ, սակայն դիսկոտեկի անվտանգության աշխատակիցը թուրքերին թույլ չէր տվել ներս մտնել, իսկ չեչեններին ետնամուտքով դուրս էր թողել:

Արդյունքում չեչեններն էին որոշել վրեժխնդիր լինել եւ ծեծել թուրքերին: Հենց այդ նպատակով էլ նրանք մեկնել էին Մաուտհաուզեն, գտել թուրքին պատկանող սրճարանն ու վերջինիս, նաեւ մի հաճախորդի, բեյսբոլի մահակներով ծեծի էին ենթարկել: Թուրքերը դա չէին մարսել եւ մեքենաներով հետապնդել էին չեչեններին եւ երեկոյան արդեն շրջափակման մեջ առել: Թուրքերից մեկը ջարդել էր չեչեններից մեկի մեքենան, նստել ղեկին եւ մեքենայով մտել ուղիղ ամբոխի մեջ: Ականատեսների վկայությամբ, կողմերից յուրաքանչյուրի խմբում եղել է մոտ 20 մարդ: Վիրավորվածներից մեկին ավստրիական ոստիկանությունը հիվանդանոց էր հասցրել ուղղաթիռով:

Հակամարտության կողմերին զսպելու համար ոստիկանությունը գործի է դրել ութ ջոկ եւ պատրաստ է եղել օգտագործել նույնիսկ «Կոբրա» էլիտար ստորաբաժանման ուժերը, կանչվել է շտապօգնության հինգ անձնակազմ, որոնք տեղում վիրավորվածներին առաջին օգնություն են ցուցաբերել:

Լինցի ոստիկանության պետը հայտարարել է, թե առայժմ որեւէ ստուգ տեղեկություններ՝ ծեծկռտուքի իրական պատճառների մասին՝ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել