Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԵՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Սեպտեմբեր 15,2010 00:00

\"\"Դեկտեմբերի 19-ին Բելառուսում տեղի կունենան նախագահական հերթական ընտրություններ, որին մասնակցելու մասին ակնարկել է նաեւ 1994թ.-ից այդ երկիրը ղեկավարող գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Հիշեցնենք, որ 2005թ.-ին Բելառուսում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Լուկաշենկոն հնարավորություն ստացավ նախագահի պաշտոնում վերընտրվել անսահմանափակ անգամ:

Երեքշաբթի օրը ընտրությունների օրը նշանակել է իշխանությունների վերահսկողության տակ գնվող խորհրդարանի ստորին պալատը: Այդ առաջարկին կողմ է քվեարկել 110 պատգամավորներից 108-ը: «Մեր տեսանկյունից, ընտրություններն այդ օրը նշանակելը ամենաօպտիմալն է: Մենք պետք է 2011թ. ոտք դնենք արդեն նոր ձեւավորված կառավարությամբ»,- հայտարարել է խորհրդարանի պետական շինարարության հարցով հանձնաժողովի ղեկավար Վասիլի Բայկովը:

Սպասվում է, որ առաջիկայում ընտրություններին հետեւելու համար երկրի ԱԳՆ-ն պաշտոնական հրավերներ կուղարկի միջազգային համապատասխան կազմակերպություններին: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան: Ի տարբերություն 2006թ. ընտրությունների, այս անգամ ընդդիմությունը չի կարողացել միասնական թեկնածու առաջադրելու շուրջ համաձայնության գալ: Նախագահական ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են տասնյակ քաղաքական գործիչներ, որոնցից 8-ը ընդդիմադիրներ են: Սպասվող ընտրությունները մեկնարկելու են Մինսկի եւ Մոսկվայի առաջնորդների միջեւ լարված եւ փոխարենը Բելառուսի եւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ որոշակի ջերմության պայմաններում:

BBC-ն՝ անդրադառնալով այս երկրում տեղի ունեցող զարգացումներին, փոխանցում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որով վերջինս «զառանցանք» է որակել համացանցում տեղադրված տեսագրությունը, որտեղ մի տղամարդ, ներկայանալով որպես ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, հայտարարում է, թե հավաստի տեղեկություն ունի, որ Մոսկվան Բելառուսի նախագահին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագրեր ունի: Տեսագրության մեջ տղամարդը մթեցված դեմքով եւ դիմակով է, իսկ ձայնը՝ տեխնիկական միջոցներով փոխված:

«Հազիվ թե արժե ուշադրություն դարձնել դրան եւ առավել եւս մեկնաբանել այդ զառանցանքը»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, թե դա «ավելի շատ նման է նախընտրական շիզոֆրենիայի»:

Սկանդալային տեսահոլովակը՝ «Պուտինն ուզում է սպանել Լուկաշենկոյին» վերտառությամբ, համացանցում հայտնվել է անցած շաբաթ եւ ակտիվորեն քննարկվում է բլոգներում: Բելառուսում քաղաքական գործիչները համարում են, թե այդ տեսահոլովակի ի հայտ գալը վկայում է, որ Մոսկվայի եւ Մինսկի միջեւ տեղեկատվական պատերազմը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել