Այսօր կկայանա ԵՊՀ ուսանողական խորհրդի լիագումար նիստը, որի ընթացքում կընդունվի հետեւյալ հայտարարությունը՝ ուղղված ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւին եւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն Դե Բրիշամբոյին՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շաբաթների ընթացքում կատարած սադրանքների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ԵՊՀ ուսանողներն իրենց անհանգստությունն են հայտնում վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ: Կարծում ենք, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքը ներկայումս հանդիսանում է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ քաղաքականությունը, որի հետեւանքներն են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին ադրբեջանական դիվերսիոն խմբերի ակտիվացման փորձերը, արձակվող կրակահերթերը, հաճախակի դարձած բազմաբնույթ սադրանքները եւ որպես հետեւանք՝ մարդկային զոհերը: Ցանկանում ենք ընդգծել, որ ԵՊՀ ուսանողությունը չի ցանկանում պատերազմ, բայց եւ չի վախենում պատերազմից: Հայտնում ենք Ձեզ, որ վերջերս հաճախակի դարձած սադրանքների հարցում ԵՊՀ ուսանողները դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքից: Որպես հակամարտության կարգավորման միջնորդ կողմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արդար գնահատական տա եւ դատապարտի սահմանային հատվածում տեղի ունեցող սադրանքների կազմակերպիչ կողմին՝ Ադրբեջանին, եւ ոչ թե սահմանափակվի կողմերին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչեր անելով: Ադրբեջանը 1938-ի Գերմանիան չէ, եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է 1938-ի Սուդետական մարզը, թույլ մի՛ տվեք Չեմբեռլենի եւ Դալադիեի սխալը. ագրեսորին զսպել եւ խաղաղեցնել է պետք, ոչ թե սիրաշահել: Կոչ ենք անում Ձեզ ձեռնարկելու քայլեր՝ զսպելու ագրեսորին՝ նավթադոլարային գլխապտույտի մեջ ընկած ադրբեջանական ղեկավարությանը, հակառակ պարագայում կխաթարվի անվտանգությունը ողջ տարածաշրջանում»: