Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի դրամատուրգները հայ դասականներին չգիտեն

Սեպտեմբեր 15,2010 00:00

Մինչդեռ պնդում են, թե հայերն իրենց մշակույթը լավ չեն ճանաչում

Սեպտեմբերի 13-19-ը իրանցի դրամատուրգներն ու գրողները Հայաստանի եւ Իրանի գրողների միության համատեղ ծրագրի շրջանակներում մեկ շաբաթվա ընթացքում կմասնակցեն դրամատուրգիային նվիրված գիտաժողովների, հայ դրամատուրգների հետ հանդիպումների ու թատերական ներկայացումների, կայցելեն տեսարժան վայրեր ու թանգարաններ: Օրինակ՝ Իրանի «Աֆրազ» թատրոնի հրատարակչության տնօրեն Ազամ Քյանաֆրազը հարեւանների գրականությունը մատենաշարերով ներկայացնում է տարածաշրջանի երկրներում: Այդ հրատարակչությունը՝ թարգմանիչ, ռեժիսոր եւ սցենարիստ Անդրանիկ Խեչումյանի աջակցությամբ, արդեն թարգմանել եւ տպագրել է հայ դրամատուրգների՝ Կարինե Խոդիկյանի, Սամվել Խալաթյանի, Գագիկ Կարապետյանի, Հովհաննես Երանյանի պիեսները, «Հայկական հեքիաթներ եւ առասպելներ» գրքով իրանցի ընթերցողին ներկայացրել Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի գործերից:

«Առավոտը» զրուցեց ՀՀ ժամանած իրանցի գործիչների հետ, որոնք առաջին անգամ էին մեր երկրում:

Դրամատուրգ, թատերաքննադատ, Իրանի դրամատուրգների միության վարչության անդամ Բեհզադ Սեդդիղին վստահեցրեց, որ Իրանում լավ հարաբերություններ ունեն տեղի հայերի հետ: Նա ցավով փաստեց ընթերցողների թվի օրեցօր նվազման մասին. «Դա հարեւան երկրներում եւ Եվրոպայում համաճարակի նման մի բան է դարձել: Իրանում վերջին տարիներին ժողովուրդն ավելի շատ հետեւում է քաղաքական դեպքերին, քան գրականությանը»: Մեր զրուցակիցը, բացի ժամանակակից դրամատուրգներից, որոնք պարսկերեն թարգմանվել են միայն վերջերս, հայ դասական ոչ մի գրողի, դերասանի կամ ռեժիսորի անուն չգիտեր:

Դրամատուրգ, ռեժիսոր, Դրամատուրգների միության փոխնախագահ Մոհամադ Յաղուբին կարծում է, որ իրենք ավելի շատ են տեղյակ հայ դրամատուրգիային, քան հայերը՝ իրանականին: Բայց որեւէ հայ գրողի անուն չկարողացավ նշել. «Ցավալի է, որ հարեւաններ ենք ու միմյանց մշակույթի մասին գրեթե ոչինչ չգիտենք»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միտումներ կան իրանական արվեստում: Նա պատասխանեց. «Այն, ինչ ստեղծվում է, այսօրվա իրանցու կամ ընդհանրապես մարդու պահանջների մասին է, որը դառնում է համամարդկային: Նաեւ իշխանության մեջ եղած ընդվզումներն են ներկայացվում արվեստի միջոցով»: Մ. Յաղուբին նաեւ նշեց. «Նախկինում գրողը գումար գտնելու, գիրքը տպագրելու խնդիր չուներ, այժմ մեզ մոտ էլ գրողներն իրենք պետք է գումար հայթայթեն, որպեսզի իրենց գիրքը ընթերցողին հասանելի դարձնեն»:

Դրամատուրգ, Իրանի դրամատուրգների միության նախագահ Մոհամմադ Ամիր Յարահմադին էլ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս են ապրում ստեղծագործողներն Իրանում, պատասխանեց. «Ես լավ եմ ապրում, բայց չկա մի երկիր, որտեղ դրամատուրգը ապահովված լինի: Մենք փորձում ենք գոնե նվազագույնը ստեղծագործողների համար ապահովել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել