Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՅԻՆ» ԽՆԴԻՐՆԵՐ

Սեպտեմբեր 15,2010 00:00

Դրանցից որոշները տասնամյակներ շարունակ  չեն վերանորոգվել

«Առավոտը» օրերս անդրադարձել էր Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում գրանցված խախտումներին, որոնք բացահայտվել էին ԿԳՆ կրթության պետական տեսչության ուսումնասիրությունների արդյունքում: Ուստի հետամուտ լինելով խնդրի բազմակողմանի լուսաբանմանը՝ երեկ այցելեցինք Կոնդ թաղամասի թիվ 62 մանկապարտեզ, որը Կրթության պետական տեսչության հրապարակած տեղեկանքում գտնվում է այն նախադպրոցական ուսումնական հաստատությունների շարքում, որոնց շենքային պայմաններն ունեն հրատապ վերանորոգման կարիք: Այդպիսիք են թիվ 96 (վթարային), թիվ 20, 163, 33 մանկապարտեզները:

Ռուսթավելու 19 հասցեում գտնվող թիվ 62 մանկապարտեզը՝ ըստ Կրթության պետական տեսչության հրապարակած տեղեկանքի, կառուցվել է 1935-ին: Տնօրեն Սոֆյա Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է մանկապարտեզի շենքը վերջին անգամ վերանորոգվել: Նա պատասխանեց՝ 10 տարի առաջ: Նշված մանկապարտեզ է այցելում 60 երեխա, այն ունի 3 խաղասենյակ եւ մեկ դահլիճ, սակայն շենքային պայմաններն անզեն աչքով էլ երեւում են, որ հեռու են կատարյալ լինելուց:

Երեկ ստացանք նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի պատասխանը՝ Երեւանի կենտրոն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից հայտնաբերված խախտումների կապակցությամբ: Ըստ այդմ՝ 13 մանկապարտեզ չունի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Այս մասին տիկին Սողոմոնյանը տեղեկացրեց. «Կենտրոն վարչական շրջանի՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի (օգտագործման) գրանցման վկայական չունեցող թիվ 7, 10, 11, 12 նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ վկայականների ստացման գործընթացը սկսված է, թիվ 8-ինը եւ 18-ինը ավարտման փուլում է, մնացած 15-ը ունի սեփականության վկայական»: Այն, որ, ըստ տեսչության ստուգումների՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների տնօրենների հետ օրենքով սահմանված կարգով չի ստորագրել աշխատանքային պայմանագիր, տիկին Սողոմոնյանը պատասխանեց. «Նշված վարչական շրջանի 21 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների եւ Երեւանի քաղաքապետի միջեւ 25.04.2011թ. կնքվել է աշխատանքային պայմանագիր»: Հաստիքացուցակի եւ դրույքաչափերի հետ կապված խախտումների մասին էլ Գ. Սողոմոնյանն ասաց. «Նշված շրջանի բոլոր նախադպրոցական հաստատությունների 2010-ի հաստիքացուցակն ու տարիֆիկացիան հաստատված են Երեւանի քաղաքապետի 27.05.2010թ. որոշմամբ»: Անդրադառնալով նրան, որ գործող 21 մանկապարտեզների տնօրեններից բարձրագույն մասնագիտական կրթություն եւ որակավորում ունի ընդամենը 12-ը, տիկին Սողոմոնյանը նշեց. «Այս վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ոչ մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող տնօրենների աշխատանքային ստաժը առնվազն 5 տարուց ավելի է, որը փոխարինում է մասնագիտական կրթությանը (ըստ «ՀՀ ուսումնական հաստատությունների ղեկավար եւ մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերն ըստ պաշտոնների հաստատելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի 29.01. 2007թ. հրամանի)»: Իսկ ջեռուցման եւ շենքային պայմանների բարելավման կապակցությամբ վարչության պետը նշեց. «Երեւան քաղաքի 2010թ. բյուջեով նախատեսվել եւ իրականացվում է չջեռուցվող 101 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջեռուցման համակարգի ստեղծումը: Արդեն 83 հաստատությունում աշխատանքներն ավարտված են: Իսկ ձմռան նախաշեմին բոլոր մանկապարտեզները կունենան ջեռուցման համակարգ: Շենքերի վերանորոգման հարցը դեռ քննարկման է դրված: Հոկտեմբերից էլ կսկսվի բուժքույրերի վերապատրաստումը, քանի որ մեր մանկապարտեզներում ոչ մի լիցենզավորված բուժքույր չունենք»: Նկատենք նաեւ, որ միայն շենքային պայմանները չեն, որ անմխիթար են մանկապարտեզներում, այդպիսի վիճակում են նաեւ ուսումնամեթոդական ծրագրերը, ինչը մտնում է ԿԳՆ նախադպրոցական կրթության բաժնի եւ ԿԱԻ գործառույթների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել