Մի քանի ամիս առաջ հիմնադրված Ժողովրդահայրենասիրական ուժերը եւս սկսում են հանրահավաքների շրջանը: Նրանք նույնպես խոստանում են արդյունավետ հանրահավաքներ անցկացնել՝ երկրի առաջ ծառացած մի շարք խնդիրներ լուծելու համար: Ի տարբերություն ՀԱԿ-ի համապետական-հանրապետական հանրահավաքների, ժողովրդահայրենասերները լոկալ հանրահավաքներ կանցկացնեն: ՀԺԿ գրասենյակում երեկ կայացած հերթական հավաքի ժամանակ հայտարարվեց, որ 15 օրից հանրությանը կտեղեկացնեն, թե որ գերատեսչության առաջ է լինելու իրենց առաջին միջոցառումը: Կոմկուսի անդամ, «Ժողովրդահայրենասիրական անհատ քաղաքացիների» հասարակական խորհրդի նախագահ Իշխան Թովմասյանը վստահեցրեց, որ իրենց թիվը հասնում է 4000-ի, եւ իրենք, ի տարբերություն այլ ուժերի, եթե հավաքվեցին, չեն ցրվելու. «Կկանգնենք այնքան, մինչեւ գերատեսչությունը ընդունի իր սխալը եւ ուղղի»: Մինչ այդ, սակայն, նախապես տարբեր գերատեսչությունների հանձնվելու են կոչ-դիմումներ՝ 10 առաջարկով: Առաջարկներից մեկն էլ հետեւյալն է. «Չորս միլիարդի հասնող արտաքին պարտք ունեցող իշխանությունները ոչ թե պետք է նստեն եւ մտածեն օրը մի հանձնաժողով, գերատեսչություն, նախարարություն ստեղծելու մասին, այլ ճիշտ հակառակը՝ անհրաժեշտ է սկսել գոյություն ունեցող արդեն իսկ չափից ավելի ուռճացած վարչաապարատային սիստեմի կրճատման գործընթացը»: