Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՀՀ-Ի ԴԵՄ

Սեպտեմբեր 15,2010 00:00

Կառնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը, ով երկար ժամանակ ուսումնասիրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, կանխատեսել է, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա բախումները կշարունակվեն: Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի հայտարարություններում վերլուծաբանը լուրջ հակասություններ է տեսնում: Ըստ «Ա1+»-ի՝ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Վաալն ասել է. «Երկրի նախագահը հանդես է գալիս սպառնալիքներով, իսկ պաշտպանության նախարարը պատերազմի հնարավորության մասին շարունակ կատակում է»։ Հակասությունը վերլուծաբանը բացատրում է այն հանգամանքով, որ Իլհամ Ալիեւը սպառնալիքներով հանդես է գալիս տարբեր լսարանների առաջ եւ միայն իր վարկանիշը բարձրացնելու համար։ Թոմաս դը Վաալը գտնում է, որ Ադրբեջանը պիտի հասկանա, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական եղանակով լուծելու դեպքում չի կարող հաղթել: Նման հայտարարության համար վերլուծաբանը հիմք է ընդունել հետազոտության արդյունքները, որտեղ հաշվի են առնվել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքն ու հայկական բանակի հզորությունը: «Բացի նորագույն զենքեր կրելուց, պատերազմում հաղթանակ տոնելու համար պետք է կարողանալ հենվել զորքերի վրա, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող: Պատերազմի դիմելու դեպքում ադրբեջանական կողմը ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ»,- ասել է վերլուծաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել