Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊԱՐՏ ԵՆՔ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ

Սեպտեմբեր 15,2010 00:00

35 տարի բեմում եւ երաժշտական-հասարակական կյանքում

\"\"

Նվագախմբի երաժիշտները լարեցին գործիքները: Սպասումի մի քանի վայրկյան: Բեմում երեւաց դիրիժորը: Ծափահարություններ: Արագ, բայց ոչ շտապ քայլերով նա մոտեցավ վահանակին, թեթեւ, հազիվ նկատելի ժպիտով ողջունեց երաժիշտներին, ապա՝ հասարակությանը, բարձրացավ պոդիումի վրա եւ սկսվեց այն համերգներից մեկը, որին երաժշտասեր հասարակությունը միշտ սպասում է մեծ ակնկալիքով:

Մաեստրո Զավեն Վարդանյան: Հիանալի դիրիժոր, բարձր արտիստականություն ու բարոյականություն կրող հեղինակություն: Դիրիժորի, ուսուցչի, կազմակերպչի անսովոր հատկությունների համատեղությունը, գործունեության նպատակասլացությունը դարձնում են նրան ստեղծագործող անհատ, պահանջվող մեր երաժշտական կյանքում: Նախանձախնդիր, իր բարձր գաղափարներին նվիրված Զավեն Վարդանյանը հանդիսանում է մեր երաժշտական ներկապնակի վառ գույներից մեկը, մեր երաժշտական կյանքի խիղճը: Մարդկային ու պրոֆեսիոնալ անուրանալի բարձր հատկանիշները, անկաշառությունն ու պարզությունը նրան դարձրել են բոլորի հարգանքը վայելող արվեստագետ, որին այդքան սիրում եւ դիմում են տարբեր սերունդների երաժիշտներ՝ բազմատեսակ հարցերով: Երբ հիշում ես Զ. Վարդանյանի համերգները, հոգուդ մեջ զգում ես հիացմունք եւ հասկանում ես, թե որքան նշանակալի է նրա դերը հայ երաժշտական մշակույթում:

Զ. Վարդանյանի համերգային ծրագրերը միշտ աչքի են ընկել նրբագույն ճաշակով: Նրա կատարողական արվեստին հատուկ է եվրոպական կուլտուրան՝ նրա լայն, խորը ըմբռնմամբ: Մեկնաբանություններում զգացվում են երաժշտական հսկայական գիտելիքները, ընդհանրապես գեղարվեստական էրուդիցիան:

Զավեն Վարդանյանն ունի ստեղծագործության ճարտարապետական ընկալում: Նա կարողանում է վարպետորեն կապել ստեղծագործության կարեւորագույն տարրերը՝ ստանալով կուռ եւ ավարտուն կառույց: Նրա կերտած կառույցը՝ իր բոլոր տարրերով եւ ամբողջությամբ, շնչում է ազատ եւ լիաթոք:

Զավեն Վարդանյանը կարողանում է տեսնել ստեղծագործության մեջ գենետիկան: Նրա ակտիվ վերլուծական միտքը կարողանում է գտնել ստեղծագործության գենը, ուսումնասիրել եւ հասկանալ նրա կենսաբանական կառուցվածքը, որի շնորհիվ կարողանում է ցայտուն կերպով ի հայտ բերել ստեղծագործության զարգացման որոշիչ ներքին ուժերը, նրան տարբերակող կենսական, անհատական հատկանիշները: Մյուս կողմից՝ ստեղծագործության փիլիսոփայական կերտվածքը:

Զավեն Վարդանյանն ամբողջական գեղարվեստական երեւույթ է: Նրա ղեկավարությամբ երաժիշտները նվագում են ոգեւորված, հնչողությունը դառնում է հուզաթրթիռ, մթնոլորտը՝ բուրումնալից: Բազմաթիվ անգամ ներկա եմ եղել նրա փորձերին եւ հաճախ զրուցելով նրա հետ, հասկացել եմ, որ նա երբեմն դավաճանում է երաժշտության տառին՝ հօգուտ նրա Ոգու մեջ խոր ներթափանցման: Զ. Վարդանյանի կատարման հնչողությունը, ինչպես նաեւ մեկնաբանումը, երբեք չի լինում լաքապատ: Ղեկավարելիս նա արտահայտում է ոչ թե ինքն իրեն, այլ երաժշտության բնությունն ու իմաստը, նրա տրամաբանության զարգացումը: Նա ղեկավարում է այնպես, որ կատարման մեխանիկական կողմը լսողը չի նկատում: Փորձերն անցկացնում է այնպես, որ յուրաքանչյուր երաժշտի մեջ, ինչպես ինքն է ասում, չսպանվի արտիստը, երաժշտությունը:

Նա էլեգանտ դիրիժոր է, դիրիժոր արիստոկրատ:

Զ. Վարդանյանը լինելով գեղագետ, շատ զգայուն է դեպի հնչյունի գեղեցկությունը, դեպի ստեղծագործության ոճն ու բնույթը: Նկատել եմ, թե փորձերին, թե համերգներին նա կարողանում է պահել նվագախումբը ձեռքերի մեջ, միեւնույն ժամանակ չի խանգարում երաժիշտներին՝ նվագել ոգեւորությամբ եւ անկաշկանդ: Ոչ մի ցուցադրականություն, ոչ մի արտաքին էֆեկտայնություն: Հագեցնելով հնչողությունը առավելագույն արտահայտչականությամբ, նա երբեք չի ընկնում էմոցիոնալ սանձարձակության մեջ, եւ ինչպես քանդակագործ, ծեփում է հնչյունային կերպարներն ու ձեւերը բացառիկ ազնվականությամբ: Նրա դիրիժորությունը երբեք չի փոխակերպվում դերասանության: Նա չի ուզում տպավորություն թողնել, դուր գալ: Նա երբեք չի եղել դիրիժոր՝ ի ցուցադրումն իր անձի: Ամբողջ խնդիրը՝ ի հայտ բերել ստեղծագործության էությունը՝ խոսող ժեստերով: Զ. Վարդանյանն ունի մի կարեւոր հատկություն եւս. նա բացատրում է ամենաբարդ խնդիրն այնպես, որ այն դու տեսնում ես, զգում ես, այն դառնում է շոշափելի, հասկանալի: Նրա մտքի շարադրումը բանաստեղծական է՝ պարզ ու անկաշկանդ:

Զարմացնում է Զ. Վարդանյանի ընդունակությունը՝ խորանալ ստեղծագործոթյան նուրբ շերտերի մեջ, զգալ նրա ներքին տրամադրությունը: Նա կարողանում է ճշտորեն գտնել ստեղծագործության էներգիայի շարժման ուղղությունները, նրա ակտիվացման եւ պասիվացման պահերը, հուզականության ջերմաստիճանը:

Զ. Վարդանյանի տարերքը հնչյունային խոշոր զանգվածներն են: Այստեղ է նրա երեւակայությունը, կամքը, ոգին դրսեւորվում առավել ցայտուն, բնական կերպով:

Նա հավասարապես հրաշալի գիտե ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ օպերային երաժշտությունը: Իր խառնվածքով, իհարկե, նա օպերային-սիմֆոնիկ դիրիժոր է:

Զ. Վարդանյանը եզակի հայրենասեր արվեստագետ է, մինչեւ ուղն ու ծուծը կապված հայկական բնաշխարհի եւ պատմության հետ, հայ գրականության եւ արվեստի հետ:

Զ. Վարդանյանի հետ իմ բարեկամությունը սկսվել է 1975-ից: Ես այն ժամանակ Ճարտարապետների միության փոխնախագահն էի: Նա եկել էր մի խնդրանքով՝ տրամադրել միության դահլիճը իր հիմնադրած ժամանակակից երաժշտության անսամբլի անդրանիկ համերգի համար, որի ծրագիրն էր՝ Շյոնբերգ, Վեբերն, Վարեզ եւ հայ երիտասարդ կոմպոզիտորներ: Այդ օրվանից հետեւել եմ նրա գործունեությանը եւ դարձել նրա արվեստի երկրպագուն:

Զ. Վարդանյանի առաքինությունների եւ կարողությունների մասին շատ կարելի է խոսել: Նաեւ՝ թերությունների: Բայց իմ նպատակը այսօր դա չէ: Ես ուզեցի մի քանի շտրիխով տալ նրա՝ արվեստագետի նկարագիրը միայն: Վստահ եմ, որ ավելի ուշ, մի օր, նրա ստեղծագործական ճանապարհի մասին կգրեն առավել բանիմացները, երբ նա իրականացրած կլինի իր մտահղացումների եւ նպատակների մեծագույն մասը: Դրանք շատ են, բազմազան: Մաեստրո Զ. Վարդանյանն իր գեղարվեստական կյանքի ընթացքում երաժշտասեր հասարակությանը պարգեւել է բազում երջանիկ պահեր, հնարավորություն տալով շփվելու գեղեցիկի հետ: Մաղթենք նրան քաջառողջություն, անսպառ էներգիա եւ կենսունակություն՝ իր ստեղծագործական փնտրտուքների ճանապարհին, որովհետեւ դրանք ծառայելու են արվեստի կերտման դժվար, բայց հետաքրքիր ու օգտակար գործին:

ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆ

Հ. Գ. Ես, ինչպես նաեւ նրան ճանաչող բազմաթիվ մտավորականներ, չենք կարող չհիանալ նրա հոգեկան արիությամբ: Խաբեության հետեւանքով կորցնելով իր տունը, շուրջ երեք տարի թափառելով մի բնակարանից մյուսը, գտնվելով քննչական եւ դատական գործողությունների մեջ, հոգեկան ծանր վիճակում, նա շարունակում է իր դիրիժորական եւ հասարակական փայլուն գործունեությունը: Մենք՝ մտավորականներս, հավատացած ենք, որ այս գործը, որն այժմ գտնվում է դատական գործընթացում, շուտով արդար լուծում կստանա: Իրենց տան մի սենյակը նրանք հատկացրել էին ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հիմնադիր ու երկարամյա տնօրեն, Հռոմի «Տիբերիա» ակադեմիայի եւ Վայմարի շեքսպիրյան ընկերության պատվավոր անդամ, ականավոր արվեստաբան Ռուբեն Զարյանի արխիվին եւ դարձրել այն թանգարան: Այս հոկտեմբերին նշվելու է Ռ. Զարյանի ծննդյան 100-ամյակը:

Կարծիքներ

Գաղտնիք չէ, որ երաժշտական ստեղծագործության ճակատագիրը հիմնականում կախված է կատարողից: Զավեն Վարդանյանի ընդունակությունը՝ մեկնաբանել ներշնչված, նրբորեն ի հայտ բերել ստեղծագործության անտեսանելի շերտերը, ստեղծագործություններին տալիս է հզոր հնչողություն: Իմ իսպանացի կոլեգաները, քննարկելով համերգը, խոստովանեցին, որ իրենք հազվադեպ են ունեցել երջանկություն՝ լսելու սեփական ստեղծագործությունները այսպիսի փայլուն կատարմամբ:

ՌԱՄՈՆ ԽԻՄԵՆԵՍ

«Ռեալ մուզիկալ»

ընկերության նախագահ

Այս օրերին Երեւանի համերգային դահլիճում հնչեց իմ սեփական ստեղծագործությունը՝ դիրիժոր Զավեն Վարդանյանի եւ իր նվագախմբի փայլուն կատարմամբ:

ԿԼԱՈՒԴԻՈ ՊՐԻԵՏՏՈ

Կոմպոզիտոր, իսպանացի սիմֆոնիստ-կոմպոզիտորների ասոցիացիայի նախագահ

Զավեն Վարդանյանի գործունեության գագաթը պիտի համարել նրա ակտիվ մասնակցությունը հայ արդի կոմպոզիտորների գործերի ստեղծման ու կատարման մեջ: Հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումները կամերային երաժշտության ժանրում անքակտելիորեն կապված են Զավեն Վարդանյանի անվան հետ: Այն, ինչ արեցին Արտեմ Այվազյանը՝ հայ էստրադային երաժշտության ժանրում, Ավետ Գաբրիելյանը՝ կվարտետի ժանրում, Թաթուլ Ալթունյանը՝ ժողովրդական երգ ու պարի ժանրում, նույնն արեց Զավեն Վարդանյանը՝ հայ կամերային նվագախմբային երաժշտության ժանրում:

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ,

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիրիժոր Զ. Վարդանյանը հրաշալի դիրիժոր եւ ուսուցիչ է: Նրա շարժումները ասկետիկ են: Նա գեղեցիկ կերպով «երգում» է մեղեդիական գիծը, ճշգրիտ տանում ֆրազան, դնում անհրաժեշտ կետերը:

Պ. ՅՈՒՕԴԻՇՅՈՒՍ

Վիլնյուսի կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ

Ստեղծագործական գործունեությունն ու կատարողական կուլտուրան անփոփոխ արբանյակներ են: 80-ականների հայ կամերային եւ անսամբլային երաժշտության ծաղկմանը մեծապես խթանել է Երեւանի կամերային նվագախմբի գործունեությունը՝ Զ. Վարդանյանի ղեկավարությամբ:

Ս. ԿՈՊՏԵՎ, Մ. ՏԵՐՅԱՆ,

Մ. ՌՈՒԽԻԿՅԱՆ

Սիմֆոնիկ երաժշտությունը եւ գործիքային կոնցերտը

(հոդվածների ժողովածու)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել