Նոյեմբերյանի բնակիչ Սեդա Փաշիկյանը զրկվել է նպաստից, քանզի ինչ-որ պաշտոնյա չի տարբերում զրոն ութից եւ երկուսից:
58-ամյա Սեդա Փաշիկյանն ապրում է միայնակ, Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի 7-րդ շենքի թիվ 3, 26 քմ մակերեսով բնակարանում: Առաջին հարկի նրա բնակարանի դռան վրա դեռ խորհրդային ժամանակներից է «3» նկարված: Մանկուց հաշմանդամ, այդպես էլ չամուսնացած Սեդան այստեղ բնակվում է արդեն 25 տարի: Այս տարվա հունիսի 3-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի քարտուղարը զանգել է Սեդային եւ հայտնել, որ նրա բնակարանում այլ անձ կա գրանցված: Հաջորդ օրը Սեդան գնացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի անձնագրային բաժանմունք: Բաժանմունքի աշխատողները տվյալների համակարգչային բազան ուսումնասիրելով՝ հայտնել են, որ Սեդա Փաշիկյանը գրանցված է ոչ թե Նոյեմբերի 29-ի փողոցի 7-րդ շենքի 3, այլ՝ նույն շենքի 23 բնակարանում, որտեղ հաշվառված է նաեւ 1984 թվականին ծնված Թեհմինե Անանյանը: Վերջինս ամուսնացած է, բնակվում է Նոյեմբերյան քաղաքի այլ հասցեում, սակայն հաշվառված է հայրական տանը: «Ո՞վ է իմ բնակարանի համարը փոխել»,- զարմանում է Սեդա Փաշիկյանը եւ ցույց տալիս տան բոլոր փաստաթղթերը, ուր բնակարանի համարը միայն մեկն է՝ թիվ երեք:
Սեդան պահում է Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի 1994 թվականի մայիսի 2-ի նիստի թիվ 5 արձանագրությունը, որով թիվ 3 բնակարանը սեփականաշնորհվել է իրեն: Անձնագրային բաժանմունքում Սեդային հորդորել են 1100 դրամ մուծել համապատասխան հաշվեհամարին, որպեսզի միայնակ կնոջը վերահաշվառեն սեփական բնակարանում: Անձնագրի վավերականության ժամկետն էլ անցել է եւ անձնագրային բաժանմունքում խորհուրդ են տվել նոր անձնագիր ստանալ: Սեդան պահպանել է հին անձնագրի պատճենը: Նախկին՝ 1996 թվականի նոյեմբերին տրված անձնագրում բնակարանի համարը ջնջումով է գրված, երկնիշ համարի առաջին թիվը մի տեսակ ձվաձեւ է, նման եւ 0-ի, եւ 8-ի: Սեդան կարծել է, որ նախկին անձնագրում իր բնակարանի համարը նշված է «03» եւ ոչ թե «83», որովհետեւ փոքր այդ շենքում 83 բնակարան չկա: Նոյեմբերյանի քաղաքապետարանի քարտուղար Արմինե Ամիրաղյանը հայտնեց, որ քաղաքապետարանը միշտ իր տված տեղեկանքներում Սեդա Փաշիկյանի բնակարանի համարը նշել է «83»: Սեդա Փաշիկյանն էլ ասում է, որ քաղաքապետարանը Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն՝ իր բնակության վայրի մասին տեղեկանքն ուղարկում է առանձին կարգով, ինքը տեղյակ չի եղել, որ քաղաքապետարանը բնակարանի համարը «83» է նշել:
Այս ամենը ի հայտ է եկել Տավուշի մարզում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում: Հունիսից դադարեցրել են մանկուց հաշմանդամ, հաշմանդամության 3-րդ խումբ, նաեւ շաքարախտ եւ խպիպ (զոբ) հիվանդություն ունեցող Սեդա Փաշիկյանին ամսական 10 000 դրամ ընտանեկան նպաստի վճարումը: Ուշագրավ է, որ «Փարոս» համակարգի կողմից տրված ընտանիքի սոցիալական անձնագրում Սեդայի բնակարանի համարը նշված է «03»: Սեդան բողոքել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, նաեւ՝ դատախազություն: Սոցապնախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը նրան տեղեկացրել է, որ դիմումն ուղարկվել է Տավուշի մարզպետարան: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանը ամեն ինչ իրար է խառնել, Սեդա Փաշիկյանին տեղեկացնելով. «ՀՀ վերահսկիչ պալատի մասնագետները հունիս ամսին կատարել են ստուգումներ եւ պարզել, որ Ձեր հասցեում (ք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի շենք 7, բնակարան 3) հաշվառված է նաեւ Թեհմինե Անանյանը: Քաղաքապետարանի կողմից տրվող տեղեկանքում այդ մասին նշված չի եղել: Ներկայացված սխալ տեղեկատվության պատճառով Դուք զրկվել եք նպաստ ստանալու իրավունքից»: Ափինյանը չի հասկացել, որ որ ոչ թե Թեհմինե Անանյանն է գրանցված եղել թիվ 3 բնակարանում, այլ՝ 0-ն 2-ի եւ 8-ի տեղ դնելով, Սեդային գրանցել են ուրիշի բնակարանում: Նույն սխալը կրկնել է նաեւ սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանը, ով Սեդային նաեւ տեղեկացրել է. «Ձեր ընտանիքին ավելի է վճարվել 266 000 դրամ, որից 120 000-ը ենթակա է վերադարձման՝ պետբյուջե»: Սեդան տարակուսում է, ինքը միայնակ թոշակառու լինելով՝ ամեն ամիս 10 000 դրամ ընտանեկան նպաստ է ստացել:
Սեդա Փաշիկյանի դիմումի համաձայն, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության ավագ տեսուչ, ավագ լեյտենանտ Անի Դանիելյանը քննություն է կատարում, որ դեռ ավարտված չէ: Փաստաբան Դավիթ Փարսադանյանը հայտնեց, որ սպասում են քննության ավարտին: Եթե պարզվի, որ այս գործում հանցակազմ կա, ապա Սեդա Փաշիկյանի նպաստի խնդիրը ինքնըստինքյան կլուծվի: Հակառակ դեպքում՝ փաստաբանը մտադիր է հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան: Սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային գործակալությունում, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքներով, դադարեցվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվող 37 անձանց ընտանեկան նպաստի վճարումը: Բացի բնակարանում այլ անձանց հաշվառված եւ այդ մասին սոցիալական ծառայություն չհայտնելու դեպքերից, նպաստի դադարեցման պատճառներ են նշված հողի եւ անասունների քանակի մասին համայնքապետարանների տված կեղծ տեղեկանքները, բնակարանային սխալ ծածկագիրը (օրինակ, համայնքապետարանների կողմից տանը վթարայնության տեղեկանք տալը): Մեր տվյալներով՝ Վերահսկիչի մասնագետները այլոց բնակարանում ուրիշ անձանց հաշվառված լինելու՝ իրենց կողմից բացահայտած ոչ բոլոր փաստերն են ներկայացրել սոցիալական ծառայություն:
Վերահսկիչի բացահայտած խախտումները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն դրանց արդյունքներով մարդիկ 6 ամսով զրկվում են ընտանեկան նպաստից: Օրինակ, Սեդա Փաշիկյանը, ով մեղավոր չէ, որ չգիտես ով 0-ն եւ 8-ը իրար է խառնել: