Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ, ԲԱ ՎԵ՞ՐՋԸ

Սեպտեմբեր 15,2010 00:00

\"\"Հայաստանի Հանրապետության պետական կառույցները ընդամենը եւ միայն արձանագրում են, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են

Դեռեւս գարնանը՝ ապրիլի 22-ին, «Կանխել Սյունիքի գյուղերի ամայացումը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ապրիլի 19-21-ը աշխատանքային այցով Սյունիքում է եղել եւ մարզի գյուղերի ղեկավարները խնդրել են քայլեր ձեռնարկել՝ գյուղերը ամայացումից փրկելու համար: Իսկ անցած հանգստյան օրերին

Տավուշ էր այցելել Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի պատվիրակությունը՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Ինչպես Սյունիքում Արմեն Գեւորգյանին, այնպես էլ Տավուշում Վազգեն Մանուկյանին տեղացիները տեղեկացրել-ահազանգել են, որ գյուղերը դատարկվում են՝ հարկ է մի բան անել:

Հասկանալի է, որ մարզ այցելած պաշտոնյան հրաշագործ չէ, կախարդական փայտիկ չունի, որ մեկ վայրկյանում բոլոր հարցերը լուծի, պետական կառավարման հզոր համակարգը պետք է մի բան անի: Բայց Սյունիքի գյուղերից հնչած ահազանգից մոտ 5 ամիս է անցել: Այս հինգ ամսում ՀՀ կառավարությունը ամենաքիչը 20-25 նիստ է գումարել: Չեմ հիշում, որ որեւէ անգամ որեւէ մեկը անդրադարձած լիներ կոնկրետ Սյունիքի գյուղերի ամայացման հարցին: Փոխարենը՝ երբ ՀԽ պատվիրակությունը Տավուշի սահմանամերձ գոտիներում ու գյուղերում էր, հայրենի կառավարությունն էլ Տավուշի հանգստյան գոտում էր՝ Դիլիջանում խոսում-զրուցում էին «Հայաստանը ճգնաժամից հետո» թեմայով: Թե ով եւ ինչպես է որոշել, որ Հայաստանում ճգնաժամը անցել է՝ պատկան կառույցները չեն ասում: Ինչպես չեն ասում, թե ինչու 5 ամիս մատը մատին չեն խփել Սյունիքի գյուղերի ամայացումը կանխելու համ կանխելու գործընթացը սկսելու համար, ինչպես չեն ասում՝ եթե Սյունիքի նկատմամբ են անտարբեր, ապա ո՞րն է եւ ո՞ւր է երաշխիքը, որ «քաղցր աչքով մտիկ կանեն» Տավուշին: Գյուղերի ամայացումը մեկ օրում չի սկսվել, դրան նպաստող պատճառները ամիսների եւ տարիների ընթացքում են կուտակվել: Ու եթե գյուղերը շարունակում են դատարկվել, եթե ոչ մի պաշտոնյա դրա համար նախատինքի խոսք չի լսում, աթոռից չի զրկվում, նշանակում է, որ Հայաստանը դեռ խորը, շատ խորը ճգնաժամի մեջ է:

Հանրային խորհրդի www.publiccouncil.am կայքի գլխավոր էջում շատ մեծ տառերով գրված է՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծոյ»: Սա բոլորը գիտեն: Բայց Հայաստանում բազմաց ձայնը պետական կառույցները երբեք հաշվի չեն առել՝ սկսած հայ-թուրքական արձանագրություններից, վերջացրած օտարալեզու դպրոցների վերաբացման հարցով: Այդ դեպքում որքանո՞վ են արդարացված բազմաց վճարած հարկերից Հանրային խորհուրդ պահելու ու գործուղումների ծախսերը, պետական որեւէ պաշտոնյա խոստացե՞լ է, որ ամայացող գյուղերի հարցում բազմաց ձայնը կլսի: Հանրային խորհրդի 12 հանձնաժողովներից մեկն էլ պետք է զբաղվի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերով: 165 անդամ ունեցող այս հանձնաժողովում միակ քննարկումը եղել է այս տարվա մարտի 26-ին: Ուրիշ ոչինչ: Հա՜: Մի անգամ էլ Ուջանում մի թեթեւ քեֆանման բան են արել, մեկ էլ Հանրային խորհրդի տարածքային եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը դարձել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ:

Եթե այսպես շարունակվի, ապա կարելի է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», ավելացնել մեկ բառ՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական, արձանագրային պետություն է», որովհետեւ բոլոր հարցերում էլ խնդիրը արձանագրելուց այն կողմ չենք անցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել