Ընտանեկան բռնության վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները
Կանանց իրավունքների կենտրոնը այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին նախաձեռնել եւ իրականացրել է դատական ակտերի ուսումնասիրություն՝ ՀՀ ընդհանուր իրավասության մարզային եւ Երեւան քաղաքի դատարաններում, որը հնարավորություն է ընձեռում ստանալու տեղեկություններ մեր երկրում ամուսնալուծությունների ընդհանուր քանակի, ամուսնալուծության պահանջ ներկայացնողների, ամուսնալուծությունների հիմնական պատճառի եւ հիմքի վերաբերյալ, ինչպես նաեւ 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 1-ը ՀՀ-ում ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնությունների եւ ամուսնալուծությունների վերաբերյալ համառոտ եւ վիճակագրական տվյալներ: Իրականացված ուսումնասիրությունը նաեւ տեղեկություն կտա ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ ավարտված դատական ակտերի բավարարման եւ մերժման մասին, ինչպես նաեւ ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացնելու հիմքի, պահանջը ներկայացնող սուբյեկտի, պահանջի նկատմամբ մյուս կողմի առարկությունների, դրանց հիմքերի եւ անհրաժեշտ այլ տվյալների մասին:
Ուսումնասիրվել են նաեւ ծնողական իրավունքներից զրկման պահանջի ներկայացման դեպքերը եւ դրա իրավական հետեւանքները, որոնց վերաբերյալ կներկայացվի համապատասխան տեղեկություն: Ի տարբերություն վերոհիշյալ երկու պահանջների քանակի՝ այս պահանջի ներկայացման դեպքերը հաշվետու ժամանակաշրջանում այնքան էլ մեծ թիվ չեն կազմում. դա խոսում է դրական երեւույթի մասին:
Այսպիսով, ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀ-ում 01.01.2010-ից մինչ 01.05.2010 թ. գրանցվել է 3600 փաստացի ամուսնություն (ՔԿԱԳ մարմիններում) եւ 713 ամուսնալուծություն (դատական կարգով եւ ՔԿԱԳ մարմիններում): Առաջին հայացքից ամուսնությունների գերազանցող թիվը թվում է թե խոսում է դրական երեւույթի մասին, սակայն ընդամենը վեց ամսվա կտրվածքով 713 թիվն այդքան էլ գոհացնող չէ՝ այն պարզ պատճառով, որ ստացվում է՝ 5 ամուսնացողից 1-ը ամուսնալուծվում է: Ամուսնալուծության վերը նշված հիմնական պատճառները փաստում են, որ ընտանեկան բռնությունը առկա է ՀՀ-ում, եւ դրա կանխման համար պետության կողմից սահմանված մեխանիզմների բացակայությունը ենթադրում է խնդրի բարդացում եւ խորացում:
Այդ իսկ պատճառով Կանանց իրավունքների կենտրոնի անմիջական մասնակցությամբ մշակված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո արդյունավետ ազդեցություն կունենա ընտանեկան բռնությունների կանխման եւ դրանց անցանկալի հետեւանքների վերացման համար, ինչպես նաեւ հիմնական մեխանիզմի առկայությունը հնարավորություն կտա ամուսիններին՝ դիմելու ոչ թե ամուսնալուծության, այլ ավելի արդյունավետ միջոցների, որոնք նախատեսում է նշված օրենքի նախագիծը: Ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում են ընտանեկան բռնությունների հետ կապված հարաբերությունները, սահմանում են ընտանեկան բռնության հասկացությունը, նրա տեսակները, կողմերը, ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող մարմինների շրջանակը եւ այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունները կանխարգելելու հատուկ միջոցների իրականացման համար նախատեսված հատուկ միջոցները եւ դրանց ընդունումը:
Ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերի նվազեցման հիմքերի ստեղծելուն, ինչպես նաեւ ՀՀ-ում ընտանեկան բռնության կանխարգելմանն ու ընտանեկան բռնությունից տուժած անձանց պաշտպանություն եւ աջակցություն ապահովելու նպատակով: Օրենքը կնպաստի ընտանեկան բռնության առնչությամբ հարուցվող քրեական գործերի քանակի նվազեցմանը: Օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը վերապահվում է ընտանեկան բռնության նախանշանների բացահայտման եւ դրա վաղ կանխարգելման լիազորություններ, որով կապահովի ընտանեկան բռնության հետեւանքով տուժած անձի անհետաձգելի եւ արդյունավետ պաշտպանությունը: Այն ստեղծելու է նաեւ տուժողների համար մատչելի սոցիալական օգնության կանոնակարգված համակարգ, որը կղեկավարվի պետական լիազոր մարմնի կողմից: Այսպիսով, նախագիծը առավել առաջնային տեղ է տալիս բռնության կանխարգելմանը, քան պատժի կիրառմանը: