Հավատացնում է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը
– Պարոն նախարար, վերջին շրջանում կառավարության նախաձեռնությամբ ընդունված մի շարք որոշումներից եւ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծերից այն տպավորությունն է ստեղծվում, որ արդիական է համարվել հասարակական միավորումների նկատմամբ վերահսկողության խնդիրը, ինչը, ըստ որոշ հ/կ-ների՝ պետական կառույցներին վերապահում է լրացուցիչ վերահսկողական լծակներ:
– Կառավարության նախաձեռնությունը բացարձակապես միտված չէ վերահսկողական լծակների կամ լիազորությունների ավելացմանը, իսկ այդ առնչությամբ պնդումները հավանաբար թելադրված են քաղաքական կամ նմանաբնույթ այլ հաշվարկներով: Իրականությունը հետեւյալն է. մի շարք ոչ առեւտրային կազմակերպություններ (դա մասամբ վերաբերում է նաեւ հ/կ-ներին) օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են արդարադատության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ, իսկ այդ գործընթացի նկատմամբ վերահսկողությունը օրենսդրությամբ վերապահված է նույն նախարարությանը: Ըստ էության, պատշաճ ինստիտուցիոնալ լծակների բացակայության պատճառով նախարարությունը տարիներ շարունակ մեկուսացված է եղել իր օրենսդրական գործառույթների իրականացումից, ուստի ավելի քան հասկանալի պետք է լիներ, որ կառավարությունը տվյալ դեպքում փորձել է սոսկ երաշխավորել օրենսդրության պահանջների կատարումը:
Հավելեմ, որ, ի տարբերություն մյուս տեսչությունների, նորաստեղծ տեսչությունը չունի իր նախաձեռնությամբ կամ որեւէ պաշտոնյայի հանձնարարությամբ ստուգում իրականացնելու լիազորություն. ստուգումներ կարող են իրականացվել միայն օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ հաշվետվությունը չներկայացնելու հիմքով հարուցված վարույթի շրջանակներում հարկ կլինի ստուգումներ իրականացնել:
Նկատենք նաեւ, որ ներկայումս կառավարությունն ամբողջովին վերանայում է վերահսկողական համակարգը, իսկ բարելավման ուղղությունները ոչ թե անհանգստանալու, այլ բացառապես ողջունելու առիթ են: Նախ, էապես սահմանափակվելու են ստուգող մարմինների քանակը եւ լիազորությունների շրջանակը: Արմատապես վերանայվելու են ստուգման հիմքերը, մասնավորապես բացառվելու են «ծրագրավորված ստուգումները», տարբեր մարմինների կողմից կրկնակի ստուգումները եւ այլն: Սրանք չափազանց համարձակ, սակայն մեր հասարակության բնականոն զարգացման ապահովմանը նպաստող միջոցառումներ կլինեն, որոնց արդյունքներին երկար սպասելու կարիք չի լինի:
Ընդհանրապես կառավարությունը ներկայումս որդեգրել է ողջ վարչարարությունը համալիր բարեփոխելու քաղաքականություն, որը միտված է լինելու քաղաքացիներին զերծ պահելու անհարկի բյուրոկրատիայից ու կոռուպցիոն ռիսկերից: Արդեն կառավարության նիստին է ներկայացվել պետական ռեգիստրի այնպիսի նորացված համակարգ, որը կբացառի որեւէ շփում ֆիզիկական անձի եւ պաշտոնյայի միջեւ (հնարավոր կլինի անգամ էլեկտրոնային եղանակով իրականացնել գրանցում) եւ էապես կկրճատի գրանցման ժամկետները:
– Ժամանակին «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը դարձավ լայն քննարկումների առարկա, ԱԺ-ում նախաձեռնվեցին անգամ հանրային լսումներ: Ըստ հ/կ-ների, այդ օրենքը միտված էր վերահսկողության շրջանակներն ընդլայնելուն: Վերանայվե՞լ է, արդյոք, նախագիծը, այդ քննարկումներից հետո:
– Հարցը, գիտագործնական առումով, իրոք, մատչելիներից ու քաղաքական կտրվածքով՝ պարզագույններից չէր, սակայն այն էլ ավելի խրթին դարձավ, քանի որ ակնհայտ փորձեր արվեցին խեղաթյուրելու փաստերը եւ շեղելու բնականոն քննարկումից: Համատեղ քննարկումների արդյունքում համամասնորեն հաշվի են առնվել տարաձայնությունները, եւ վերափոխված տարբերակը լիովին պետք է որ փարատի նախկինում հնչած մտահոգությունները: Հետաքրքիրն այն է, որ դեռ հանրային լսումների ժամանակ, հստակ ներկայացրի իմ դիրքորոշումները նախագծի հետագա ճակատագրի առնչությամբ, պարզաբանեցի, թե կոնկրետ ինչ տեսք է ունենալու վերափոխված նախագիծը, սակայն կարծես պատվախնդրության հարց էր դարձել. արվեց ամեն ինչ, որպեսզի օրինագիծն ավելորդ անգամ հանվի քննարկումից եւ ձգձգվի դրա քննարկումը:
Ավելի քան համոզված եմ, խնդիրը որեւէ իրավաչափ հիմք չունի. այն կարող է սոսկ անհանգստացնել նրանց, ովքեր սովորական են համարում ֆինանսական մեծ շրջանառության մեջ ներքաշվելով՝ զերծ մնալ թափանցիկ գործելաոճից: Վերջին հաշվով, հենց հ/կ-ի յուրաքանչյուր անդամ իրավասու է առնվազն ընդհանուր գծերով իրազեկ լինելու դրա ղեկավարության կողմից իրականացվող գործունեության մասին, ինչը գործնականում անտեսվում է: Սա այն դեպքն է, որ «հ/կ» ասելով, պետք է հասկանալ ոչ թե ողջ կազմը, այլ ֆինանսական միջոցները տնօրինող ղեկավարությանը, եւ հենց այդ հատվածն է հետեւողական իր «մտահոգությունների» մեջ: Ի դեպ, այս «պայքարին» ամենայն հավանականությամբ միացել ու հրահրում են նաեւ նրանք, ովքեր ինչ-ինչ նկատառումներով համառորեն դեմ են եղել հասարակական կազմակերպության անվանման մեջ «միություն» բառն օգտագործելուն, բայց դա արդեն այլ խնդիր է:
– Պարոն Դանիելյան, այն տպավորությունն է, որ քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում: Հայտնի է, որ վերահսկողական լայն լիազորություններ ունեն հասարակական դիտորդները, ի՞նչ ընթացք են ունենում նրանց կողմից ներկայացված հաղորդումները:
– Մոտ 2,5 տարի առաջ օրենքով վերացվեց այդ համակարգում գործող գերատեսչությունը, սակայն հաստիքները չփոխանցվեցին արդարադատության նախարարությանը: Հարկ եղավ առկա ռեսուրսների հաշվին մշակել ինչպես առանձնահատուկ այդ ոլորտում ստուգումներ անցկացնելու հստակ մեթոդաբանություն, այնպես էլ՝ կազմակերպել համապատասխան վերապատրաստումներ: Արդյունքներն արդեն ակնհայտ են, մամուլում եւս լուսաբանվում են նախարարության վերահսկողական ստորաբաժանման արդյունավետ գործունեության արդյունքները: Այսուհետեւ այդ ոլորտում աշխատանքներն առավել արդյունավետ կլինեն:
Հասարակական դիտորդների ինստիտուտը լավագույններից է տարածաշրջանում: Այն ոչ միայն ապահովում է նկատելի անաչառություն, այլեւ ժամանակի փորձություն է անցել եւ այժմ ուղեկցվում է ընդունելի գործիմացությամբ: Արձագանքը դիտորդների հաշվետվություններին, կարծում եմ, համարժեք է եւ գտնվում է իմ անմիջական հսկողության ներքո. յուրաքանչյուր հաշվետվության պատասխան անձամբ եմ տալիս, որոնք անհապաղ տեղակայվում են նախարարության կայքէջում:
– Երկար ժամանակ է, ինչ դատաիրավական բարեփոխումների ընթացքը կարծես չի լուսաբանվում: Այն ներկայումս ի՞նչ դրսեւորումներ ունի:
– Ներկայումս ավարտվել են ծավալուն ու արմատական բարեփոխումներով ուղեկցվող մի շարք հիմնարար օրենսդրական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները: Թերեւս թվարկեմ առավել էական հարցադրումները. արմատապես վերանայվելու է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ինստիտուտը, էապես ընդլայնվելու են անվճար փաստաբանական օգնության շրջանակները (հիմքում դրվելու է ոչ թե գործի բնույթը, այլ՝ անձի սոցիալական վիճակը), վարչական դատավարության շրջանակներում արդարադատության մատչելիության սկզբունքը երաշխավորելու նկատառումով, մոտակա ժամանակներում կստեղծվի վարչական վերաքննիչ դատարան եւ այլն:
Նկատի ունեցեք, որ շրջանառության մեջ է դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որը փոխարինելու է մոտ 60 օրենսդրական ակտի: Այսինքն, վերջապես վարչական պատասխանատվության ոլորտում հնարավոր կլինի ապահովել միասնական չափանիշների կիրառում: Ընդ որում, դատարանները ձերբազատվելու են ցանկացած վարչական ակտի կատարման առնչությամբ մեծաքանակ հայցերի քննարկումից. դատական վեճի առարկա կդառնան միայն այն ակտերը, որոնք սահմանված ժամկետում կվիճարկվեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:
Նորամուծությունների հաջորդ խումբը միտված կլինի դատավարության պարզեցմանն ու արագացված ընթացակարգերի ներդրմանը:
Կարծում եմ, յուրաքանչյուր բարեփոխման, յուրաքանչյուր նորամուծության հիմքում դրված է եւ դրա առանցքն է կազմում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորվածության ապահովումը: Նաեւ համոզված եմ, որ հարկ չի լինի սոսկ խոսքով ներկայացնել բարեփոխումները, դրա դրական ներազդեցությունը հենց հասարակությունը կնկատի: