Հանքավանի անտառի տասնյակ ծառերի հատման մեղավորները, ամենայն հավանականությամբ, չեն պատժվի: «Ոստիկանության համար շատ դժվար կլինի Հանքավանի անտառում անտառահատումների փաստի առթիվ քրեական գործ հարուցել»,- կարծում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը:
Հանքավանում անօրինական ծառահատումների գործը վարում է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժինը, որի կանչով «ԷկոԼուրի» աշխատանքային խումբը սեպտեմբերի 10-ին հրավիրվեց ցուցմունք տալու եւ դեպքի վայրը մատնացույց անելու: Ոստիկանության համար նախաքննության հիմք է հանդիսացել «Առավոտ» օրաթերթում տպագրված Հանքավանի անտառում անօրինական անտառահատման մասին «ԷկոԼուրի» նյութը:
«Մենք կացնի եւ սղոցի ձայներ լսեցինք, գնացինք այդ ուղղությամբ: 25-30 մ հեռավորության վրա ես մի երիտասարդի նկատեցի, բայց լավ չտեսա, քանի որ ճյուղերն ու ծառերը խանգարում էին: Շատ կարճ ժամանակում նա հեռացավ: Ես տեսա հատված ծառեր, լուսանկարեցի դրանք: Հետո մենք նյութ գրեցինք եւ տարածեցինք լրատվամիջոցներին»,- ցուցմունք տվեց «ԷկոԼուրի» տեխնիկական խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը: Ինչպես մեզ ասացին քննիչները, քրեական գործ հնարավոր կլինի բացել այն դեպքում, եթե վնասն անցնի 400 000 դրամից: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս հաշվել վնասը, եթե պաշտոնական փաստաթղթերում դա ոչ թե անտառ է, այլ արոտավայր: Տարածքը Հանքավան համայնքի հաշվեկշռին է տրվել, ապա վաճառվել անհայտ անձանց: Ստացվում է, որ հետաքննությունն անցկացվում էր ոչ թե անտառում, այլ մասնավոր արոտավայրում, որտեղ ոչ մեզ, ոչ քննիչներին՝ ոչ ոք չէր հրավիրել:
Նման անտառները, որ պաշտոնական փաստաթղթերում նշված են որպես արոտավայրեր, թփուտներ, գյուղատնտեսական նշանակության հանդեր, միայն այդ շրջանում ավելի քան 500 հա են: Այդ մասին Հանքավանում մեզ ասաց Մեղրաձորի անտառտնտեսության անտառապահ Նորիկը (ազգանունը չասաց): Նա էլ հենց հայտնեց կառավարության որոշման համարը` 2003թ. դեկտեմբերի 4-ի թիվ 1628Ն որոշումը, որով փոխվել է 500 հա անտառի կարգավիճակը (կառավարության կայքում տվյալ որոշումը բացակայում է, քանի որ որոշումները թվագրված են՝ սկսած 2004թ.-ից):
Ստացվում է, որ եթե անտառներին չվերադարձվի նախկին կարգավիճակը, ապա կարելի է անարգել հատել ամբողջ 500 հա անտառը: