Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոմանին չի ճանաչել

Սեպտեմբեր 15,2010 00:00

Աբովյան քաղաքի 55-ամյա բնակիչ Գագիկ Գեղամյանը օրերս կրկին դիմել էր «Առավոտին», դժգոհելով, որ իր տղայի կալանքի ժամկետը նորից երկարացրել են 2 ամսով: Այս երկարաձգման համար հիմք է հանդիսացել այն, որ քրեական գործը քննող քննիչը համարում է, որ չկան այն բոլոր հիմքերը, որ Գ. Գեղամյանի որդին՝ Ռոմանը, ազատության մեջ գտնվելով՝ չի թաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից, առանց հարգելի պատճառի չի ներկայանա եւ կխուսափի քրեական պատասխանատվությունից, ինչպես նաեւ նշանակված պատիժը կրելուց:

Հիշեցնենք, որ այս քրեական գործը հարուցվել է Աբովյան քաղաքում գտնվող տան առք ու վաճառքի հետ կապված եւ այն այժմ քննում է Պետեկամուտների կոմիտեի հատուկ քննչական վարչությունը («Առավոտ», 26.08.2010, 28.08.2010): Գեղամյանները այս բնակարանը գնել են իրենց բարեկամուհի Վարդուհի Թամրազյանի միջնորդությամբ, որն ունեցել է անհրաժեշտ լիազորագրերը, եւ դրա համար վճարել են $35 հազար: Քանի որ բնակարանի տերը Հայաստանում չի եղել, Գեղամյանները ստիպված են եղել սպասել 5 ամիս, սակայն բացահայտվել է, որ Վարդուհին վաճառված բնակարանի գումարն իրականում չի հանձնել այս տան նախկին տիրոջը, ինչից էլ սկսվել են քաշքշուկները: Չնայած Չարենցավանի եւ Աբովյանի ոստիկանությունների քննչական բաժիններում Գեղամյանները արդարացվել են՝ ճանաչվելով բարեխիճ գնորդ, ՊԵԿ-ի քննիչները համոզված են, որ Ռոման Գեղամյանը վաշխառու է եւ անասելի բարձր տոկոսներով գումար է տվել, որի փոխարեն էլ հափշտակել է այս բնակարանը: Նկատենք, որ քրեական գործի հարուցման օրվանից՝ անցյալ տարվա օգոստոսի 21-ից, Ռոման Գեղամյանը այս գործում եղել է վկայի կարգավիճակում եւ այս գործին առնչվել է այնքանով, որ այս տունը գրանցվել է նրա անունով: Տան գումարը տվել է նրա հայրը:

Այս փաստի իրավացիությունը ապացուցելու համար Գագիկ Գեղամյանը մեզ էր ներկայացրել նաեւ վիճելի տան նախկին սեփականատեր Ս. Մ.-ի ցուցմունքն այն մասին, որ նա իրականում Ռոման Գեղամյանի հետ ընդհանրապես կապ չի ունեցել, չի տեսել նրան, չի էլ ճանաչել, լսել է միայն Վարդուհի Թամրազյանից, որից էլ վերցրել է տոկոսով գումար ու տվել իր լիազորագիրը, չիմանալով ինչի համար է տալիս: Նա գրել է նաեւ, որ իրականում մեղադրում է Վարդուհուն եւ միայն այդ աղջիկը պետք է պատասխան տա այս ամենի համար: Նշենք, որ Ռոմանի փաստաբան Մարինե Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ վաշխառության մեղադրանքն առաջադրվել է միայն Վարդուհու ցուցմունքների հիման վրա, եւ որ այլ ապացույցներ չկան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել