Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԵՎ ՈՒՐԱԽ ԾՆՈՒՆԴԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Սեպտեմբեր 15,2010 00:00

\"\"Երեխայի ծննդյան օրվա առիթով ծաղրածու եւ հեքիաթների հերոսներ հրավիրելն ավելի թանկ արժե, քան ճոխ սեղան գցելը:

Յուրաքանչյուր փոքրիկ երեխայի համար կա մեկ տոն՝ ծննդյան օրը, որն ամենասիրելին է նրա համար: Ծնողները հաճախ են դիմում տարբեր միջոցների, որպեսզի իրենց երեխայի ծննդյան տոնն ավելի գեղեցիկ, հետաքրքիր ու անմոռանալի դարձնեն՝ մեծ քանակությամբ փուչիկներ են գնում, հրավառություններ են կազմակերպում, ծաղրածուներ ու հեքիաթների հերոսներ են հրավիրում տուն կամ մանկապարտեզ: Այս ամենի կազմակերպման համար ծնողները հաճախ ստիպված են լինում ծախսել 100 հազար դրամից ավելի գումար, քանի որ միայն ծաղրածուի ծառայություններից օգտվելու դեպքում պահանջվում է 10-25 հազար դրամ: Իսկ եթե ծաղրածուի հետ հեքիաթների հերոսներ էլ են գալիս, դա էլ արժենում է 10-15 հազար դրամ: Մոտավորապես այդքան գումար էլ վճարում են ուտելիքների եւ տոնական տորթի համար: Իսկ եթե ծնունդը կազմակերպվում է մանկական սրճարանում եւ հեքիաթի հերոսները երեխաներին ուրախացնում են հենց սրճարանում, ապա 100 հազար դրամը երբեմն չի էլ բավականացնում:

Միջին եկամուտ ունեցող ընտանիքի համար սա անհասանելի է: Նրանք պետք է մեկ ամբողջ ամիս չուտեն-չխմեն, որպեսզի իրենց երեխայի համար հեքիաթային եւ ուրախ ծնունդ կազմակերպեն: Ստացվում է, որ երեխայի ծնունդը փոքր-ինչ հետաքրքրացնելը միայն հարուստների համար է, մյուս երեխաները պետք է բավարարվեն սովորական ծնունդներով:

Մենք փորձեցինք ծաղրածուներ ու հեքիաթների հերոսներ առաջարկող մի քանի ընկերություններից պարզել, թե ինչո՞ւ են նրանց ծառայություններն այդքան թանկ: Մեզ հետ զրույցում այս շուկային քաջատեղյակ ընկերություններից մեկի ղեկավարը, որը չցանկացավ անունը հրապարակել, պարզաբանեց. «Միայն հագուստի վարձակալման համար պահանջվում է 5000 դրամ: Տրանսպորտի համար՝ 2-3 հազար դրամ, նայած, թե որտեղ է գտնվում տոնակատարության վայրը: Գոնե 2-3 հազար էլ այդ մարդը չաշխատի՞: Դեռ շատ ընկերություններում ծաղրածուի աշխատած գումարը կիսվում է ղեկավարության հետ, դրա համար էլ ավելի թանկ է: Հեքիաթների հերոսների հագուստներն արժեն $1200-1300, ինչպե՞ս գնենք: Մենք ամսական կարող է 2 պատվեր ունենանք ընդամենը: Որ գնենք, մեր ծառայություններն ավելի թանկ կլինեն: Շատ հայաստանյան ընկերություններ, որոնք հեքիաթների հերոսներ են առաջարկում, այդ հագուստը կարում են, սակայն հագուստը հագած հերոսներին նայելով՝ դժվարանում ես ասել, թե ինչ կենդանու է նման: Դրա համար էլ նրանք կարողանում են իրենց, օրինակ, Միկի Մաուսին 6 հազարով տեղ ուղարկել, որը ոնց որ հայկական արտաքինով տղամարդ լինի: Իսկ մեր հասարակությունը շատ պահանջկոտ է: Ուզում են անպայման «Դիսնեյլենդի» մուլտֆիլմերի հերոսների կրկնօրինակները լինեն: Օրինակ, երբ նոր մուլտֆիլմ է դուրս գալիս, զանգում են ու միանգամից հարցնում՝ ունե՞նք այդ հերոսին: Այդ հագուստները «Դիսնեյլենդից» են գալիս, չեն կարող այդքան կարճ ժամանակում Հայաստանում հայտնվել, մինչեւ հասնում են՝ նոր մուլտֆիլմեր են դուրս գալիս: Շատ է լինում, որ հաճախորդները հարցնում են՝ «Բարբի» ունե՞ք: Պատասխանում ենք, որ «Բարբի» տիկնիկը պարզապես աղջիկ է, ուղղակի գեղեցիկ հագնված: Ասում են՝ չէ, մենք հենց նույն արտաքինով աղջիկ ենք ուզում: Կամ հարցնում են՝ եթե մի տասը հատ ձեր գել ու գազաններից ուզենք՝ զեղչ չե՞ք անի: Նրանց համար Միկի Մաուսը, Թոմն ու Ջերրին գել ու գազաններ են»:

Մնացած ընկերությունների հետ զրույցում մենք ներկայացանք որպես ծնող, որը ցանկանում է օգտվել այդ ժամանցային ծառայություններից: Դիմեցինք Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղ, որտեղից մեզ հայտնեցին, որ մեկ ծաղրածու հրավիրելը արժեր 25 հազար դրամ, դա էլ այն դեպքում, երբ ծաղրածուն զբաղեցնելու էր ընդամենը 15 երեխայի, դրանից շատ երեխաների համար ավելի գումար պետք է վճարեինք, իսկ մուլտֆիլմերի կամ հեքիաթների հերոսներից ամեն մեկի արժեքը 15 հազար դրամ է: Այս գումարի մեջ չէր մտնում տրանսպորտը, եթե, իհարկե, Կենտրոն վարչական շրջանի բնակիչ չեք: Ծայրամասեր հասնելու համար այս ընկերության ծաղրածուի եւ այլ աշխատակիցների տեղափոխության գումարն էլ պետք է վճարեինք: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է այդքան թանկ եւ ի՞նչ ծառայություններ են մատուցվում այդ գումարի շրջանակներում, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Մեր որակը բավականին բարձր է: Չեմ կարող ասել ինչով, բայց բարձր է: Դուք պետք է հրավիրեք, տեսնեք մեր ծառայությունների որակը եւ համեմատեք այլ ընկերությունների առաջարկածի հետ: Մեր ծաղրածուն խաղեր է կազմակերպում, մրցույթներ, որի հաղթողներին էլ նվերներ է տալիս: Այդ նվերները մենք ենք գնում: Հաշվի առնելով, թե ինչ տարիքի երեխաներ են լինելու, ըստ այդմ էլ ընտրում ենք նվերները՝ դրանք հիմնականում լինում են խաղալիքներ, նկարազարդ ալբոմներ եւ այլն: Եթե մեկ ծաղրածուի հետ ցանկանում եք որ գան 3 մուլտհերոսներ, ապա այդ դեպքում զեղչ կարող ենք անել»:

«Բումբումիկ» եւ «Ակունք» ընկերություններում գրեթե նույն գինն էր. ծաղրածուն տոնակատարությունների էր այցելում 12 հազար դրամով, հեքիաթների հերոսներից ամեն մեկն էլ՝ 7-8 հազար դրամով: «Բումբումիկում» եթե ծաղրածուի հետ միասին մեկ հեքիաթի հերոս էլ գա, զեղչ են անում՝ 19-ի փոխարեն 17 հազար դրամ են պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել