Ռուսաստանի կառավարությունն առավելագույնս արագ չեղյալ կհայտարարի օգոստոսի 15-ին ռուսաստանյան հացահատիկի արտահանման վրա սահմանված արգելքը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ հայտնում է tert.am-ը։ Նա ասել է, որ Ռուսաստանը էմբարգոյից կհրաժարվի այն ժամանակ, երբ երկրի հացահատիկային պաշարի մասին իրավիճակը հստակ դառնա։
Նա նաեւ հույս է հայտնել, որ ապագայում իշխանությունները ստիպված չեն լինի նման միջոցների դիմել։
«Երկրում բավականին հացահատիկ կա։ Մենք լիովին բավարարում ենք ներքին պահանջարկը։ Նույնիսկ պահուստ ունենք։ Այնուամենայնիվ, վատ բերքը մնում է վատ»,- ասել է նա։ «Մինչեւ հաջորդ տարվա բերքահավաք արգելք է սահմանվում հացահատիկի արտահանման համար… Անկասկած, նման որոշում կառավարությունը հեշտությամբ չի կայացրել… Հենց որ շուկան վերականգնվի, հստակեցվի հացահատիկային բալանսը, այդ միջոցը չեղյալ կհայտարարվի։ Եվ ես հուսով եմ, որ ապագայում մենք ստիպված չենք լինի դիմել նմանատիպ մեխանիզմների եւ գործիքների»,- խոստացել է Պուտինը։