Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԿԳ-Ն ՍԿՍՈՒՄ Է ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ

Սեպտեմբեր 15,2010 00:00

Այսօրվանից Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) սկսում է խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Երեկվա ասուլիսում ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա պես Արմավիրի եւ Արարատի մարզերի Արմավիրի ու Այգեվանի մասնաճյուղերում 1կգ խաղողը կմթերեն 130 դրամով, իսկ Տավուշում՝ 120 դրամով: Պարոն Գրիգորյանն ասաց, որ չնայած խաղողի բերքն այս տարի նախորդից մոտ 30%-ով ավելի է, ընկերությունն այս տարի 10%-ով պակաս խաղող կմթերի: Ընկերության խաղողի պահանջարկը կազմում է ընդամենը 6 հազար տոննա, բայց հանուն խաղողագործության զարգացման կմթերի 29 հազար տոննա: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ գյուղացին խաղողի իրացման խնդիրներ չի ունենա. «Գործարաններին կստիպեն յուրաքանչյուրին իր չափով գյուղացուց խաղող վերցնել, գյուղացին խաղողի իրացման խնդիրներ չի ունենա: Հարցն այն է, թե երբ կվճարեն գյուղացուն, ինչպես միշտ, կարծում եմ՝ այս տարի էլ խաղողի առնվազն 30%-ի դիմաց կվճարեն հաջորդ գարնանը միայն»:

ԵԿԳ գործադիր տնօրենն էլ նշեց. «Նորից ունեցանք ընկերության արտադրանքի վաճառքի անկում, այն այս տարի կազմեց մոտ 35%, որը հիմնականում պայմանավորված էր ռուսական շուկայի դանդաղ վերականգնմամբ, դրա հետեւանքով մոտ 28%-ով էլ նվազել է ընկերության շահույթը»: Պարոն Գրիգորյանի տեղեկացմամբ, չնայած իրացման ծավալների անկմանը, ռուսական շուկայում հայկական կոնյակի պահանջարկի աճ է արձանագրվել. «Շուկայում մեր արտադրանքի անկման ֆոնին ընկերության մասնաբաժնի մեծացումը պայմանավորված է նրանով, որ շուկայում մեր մրցակիցների իրացման ծավալները ավելի շատ են նվազել»: Նա նաեւ ասաց, որ ընկերության արտադրանքի տեսակարար կշիռը մեծացել է նաեւ տեղական շուկայում՝ մոտ 10%-ով: Ընկերության տնօրենը նաեւ անդրադարձավ վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, թե հնդիկներն այնքան են հետաքրքրված հայկական կոնյակով, որ այն վիսկիից շատ են նախընտրում. «Հնդկաստանը շատ յուրահատուկ շուկա է, եւ «Արարատ» կոնյակն այնտեղ վաճառելը շատ բարդ է, ու չեմ կարծում, որ հետաքրքրությունն այդքան մեծ է»:

Արա Գրիգորյանը նաեւ նշեց, որ այժմ մեծածավալ աշխատանքներ են տանում չինական շուկայում, որտեղ առաջատարը ֆրանսիական կոնյակն է. «Չինացիները նախընտրում են «Պեռնո Ռիկար» եւ «Լյուի Վյութոն» ընկերությունների արտադրած կոնյակները: Բայց նկատենք, որ այս ընկերությունների բյուջեները այնքան մեծ են, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի հետ նույնիսկ չի կարելի համեմատել: Հետո էլ չինական շուկա մուտք գործելը շատ հեշտ է թվում, մինչդեռ ողջ գործընթացն իրականում բավականին բարդ է. մինչեւ չինացուն բացատրես, թե որտեղ է Հայաստանը կամ ինչ է Արարատը, տարիներ են պետք»:

Նա նաեւ անդրադարձավ Բելառուսում հայկական կոնյակ արտադրելու Լուկաշենկոյի մտադրությանը: Այս մասին «Առավոտը» սեպտեմբերի 11-ի համարում տվել է ԵԿԳ-ի պարզաբանումները, սակայն պարոն Գրիգորյանի երեկվա խոսքը ավելի կտրուկ էր. «Հայաստանում կա սպիրտի ավելցուկ, քանի որ կոնյակը լավ չի վաճառվում։ Ես էլ այսօր պատրաստ եմ լավ գնով սպիրտը վաճառել, բայց հայկական կոնյակ կարելի է համարել միայն այն խմիչքը, որ արտադրված է խաղողի որոշակի սորտերից եւ շշալցված է Հայաստանում։ Ոչ ոք չի կարող հայկական կոնյակ շշալցել Հայաստանից դուրս, դա օրենքի խախտում է, դա կրիմինալ է»: Պարոն Գրիգորյանը անլուրջ է համարում Բելառուսի՝ հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվելու ցանկությունը. «Երկու տարի առաջ էլ որոշել էին՝ ինչո՞ւ գնալ Ավստրիա դահուկ քշելու, եթե կարելի է տեղում սար ստեղծել։ Հետո որոշեցին՝ ինչո՞ւ բանան ներկրել, եթե կարելի է բանանը տեղում արտադրել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել