«Ուկրաինայի լեզուների մասին» օրենքի նախագծում, որը պատրաստել է Ռեգիոնների կուսակցությունը եւ շուտով կներկայացնի Գերագույն Ռադային, թվարկվում է 16 լեզու, որոնք կարող են համարվել ռեգիոնալ։ Ըստ tert.am-ի, այդ մասին տեղեկացնում է Analitica.at.ua կայքը։ Այդ լեզուներն են՝ բելառուսերենը, բուլղարերենը, հայերենը, գերմաներենը, մոլդավերենը, ռուսերենը եւ այլն։ Օրինագիծը թույլ է տալիս բոլոր մակարդակների տեղական խորհուրդներին ներմուծել ռեգիոնալ լեզուներ։ Դա թույլատրվելու է այն դեպքում, եթե տվյալ լեզուն կրողների թիվը կազմում է տվյալ տարածքի բնակչության առնվազն 10%–ը, իսկ եթե, այդուհանդերձ, լեզուն կրողների թիվը 10%–ից պակաս լինի, ապա այդ խնդիրը լուծում կստանա տեղական խորհրդի որոշմամբ։