Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ նկատի ուներ

Սեպտեմբեր 15,2010 00:00

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հանդես գալով հայտարարությամբ՝ մեջբերումներ արեց Ալեքսանդր Շիրվանզադեի «Բարեգործություն եւ առեւտուր» հոդվածից, որն իր հերթին մեջբերել է մեր թերթը («Առավոտ», 22.07.10). «Բարեգործությունը մի գործունեություն է, որը բխում է մարդկային սրտի բնական եւ անկեղծ զգացմունքից, այն է՝ օգնել անօգնականին: Բայց օգնեցեք այնպես, որ աջ ձեռքով տալիս ձախ ձեռքը չիմանա, թե տալիս եք: Եթե ձեռքը գրպանը տանելուց բարեգործի գլխում ծագում է այն միտքը, թե կարող է իր տվածով փառք վաստակել, կամ եթե մտածում է, թե այն մարդը, որին օգնում է, պիտի խոնարհվի իր առջեւ, այն ժամանակ նա բարեգործի աստիճանից անպայման գլորվում է եւ ընկնում վաճառականի աստիճանը, քանի որ կամենում է ստանալ իր տվածի փոխարեն: Արդ՝ կարելի՞ է այդ ինքնանպատակ շահադիտական զգացմունքը բարեգործության սրբազան անունով մկրտել: Այլեւս չենք խոսում, թե ինչ քստմնելի միջոցներով է նա ձեռք բերել այն, որի մի չնչին կտորը շպրտում է կարոտյալին: Սակայն երեւում է, որ մեր մեջ ոչ միայն կարելի է, այլեւ՝ է, որ առեւտուրը ոչ թե առեւտուր է անվանվում, այլ ազգասիրություն, մարդասիրություն եւ բարեգործություն: Այդ է ամենազազրելին, այդ է, որ անբարոյականացնում է մի ամբողջ հասարակություն: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջեւ սողունի պես ստորանում են, ոտներն են լիզում իրենց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ»:

Թեպետ Վիկտոր Դալլաքյանը ոչ մի անուն չհնչեցրեց (միայն ասաց, թե Շիրվանզադեի այս խոսքերը արդիական են նաեւ այսօր) եւ իր ամբողջ հայտարարությունը մեջբերում էր հոդվածից, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հաջորդն էր ցուցակագրվել հայտարարության համար, նախքան իր հայտարարությունը հնչեցնելը՝ հարկ համարեց ասել. «Իսկապես ես շատ կուզենայի, որ մեր երկրում շատ լինեին այնպիսի բարեգործներ, ինչպես նշել է Շիրվանզադեն եւ ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել