Պատգամավորներն այս պահին հարմար չեն գտնում ԼՂՀ ճանաչումը
ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանը սկսվեց ծույլ, անհավես, տխուր, առանց շուքի: Փաստորեն, ԱԺ նիստերի դահլիճը խոստացված ժամկետում պատրաստ չեղավ, եւ պատգամավորները ստիպված էին հերթական նստաշրջանը սկսել տնվորի կարգավիճակում: Ըստ ամենայնի, ԱԺ նիստերի դահլիճը վերջնականապես պատրաստ կլինի հաջորդ քառօրյային՝ հոկտեմբերի 4-ին, եւ հերթական քառօրյան, հավանաբար, կսկսվի առավել հանդիսավոր, ըստ որոշ լավատեղյակների՝ ԱԺ հիմնանորոգված դահլիճում առաջինը կհնչի ՀՀ նախագահի ուղերձը: Երեկվա նիստի օրակարգը եւս տաղտկալի էր, իսկ ընդմիջումից հետո դահլիճը գրեթե դատարկ էր: Միակ աղմկահարույց հարցը «Ժառանգության» հայտնի օրինագիծն էր՝ ԼՂՀ ճանաչելու մասին, որը թեպետ գտնվում է օրակարգում, բայց կքննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայի երկրորդ նիստի ընթացքում: Պատգամավորների կարծիքը այս օրինագծի նկատմամբ զարմանալի համերաշխ էր: Բոլորը՝ բացի «Ժառանգությունից», դեմ էին այս պահին հարցի քննարկմանը: «Քանի որ իմ տեսակետը ոչ իշխանության տեսակետին է համահունչ եւ ոչ էլ իրենց (նկատի ունի «Ժառանգությունը»- Մ. Ե.), չեմ ուզում մեկնաբանել»,- ի պատասխան «Առավոտի» խնդրանքի՝ մեկնաբանել «Ժառանգություն» խմբակցության առաջարկությունն այն մասին, որ Հայաստանը պետք է ի վերջո ճանաչի ԼՂՀ անկախությունը, ասաց քաղաքագիտության դոկտոր, ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը;
ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը իրեն հատուկ անմիջականությամբ ասաց. «Գիտեք, միշտ անկեղծ եմ եղել, հասկանո՞ւմ ես, իսկապես, չեմ ուզում ձեւական ստից-մտից բաներ խոսել, բայց, օրինակի համար, մի կողմից՝ ես մտածում եմ, որ մեր բարձր մակարդակի ղեկավարներն ամենայն հավանականությամբ ավելի կոմպետենտ են, ավելի գիտեն այս երեւույթը, եւ այս պարագայում ես, լինելով էս երկրի հպատակ, էս երկրի քաղաքացի, չեմ կարծում, որ, ասենք, հիմա մի քայլ կատարելը, որը մեզ համար բոլոր կողմերից չէ, որ տեսանելի է՝ ինչով է հետագայում հղի, ինչ հետեւանքներով, ուստի ես այդ հարցի վերաբերյալ ձեռնպահ վիճակում եմ: Չեմ կարող պնդել եւ ընդունումը, եւ չընդունումը»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովիի նախագահ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ եթե անգամ հարցը քննարկվի, միեւնույն է՝ քվեարկությունը լինելու է բացասական, եւ այդ քվեարկության արդյունքները շատ ավելի ծանր են լինելու, քան բուն քննարկումը. «Հիմա հաշվե՞լ ենք դրա վնասները, դա կօգտագործվի, չէ՞, Ադրբեջանի կողմից: Մենք մինչեւ հիմա էլի ունեցել ենք այդպիսի իրավիճակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած օրինագիծն էր ներկայացվել, քվեարկվեց եւ օրակարգ չմտավ, մինչդեռ հիմա պետք է քննարկվի, որովհետեւ ընդդիմության իրավունքն է: Բայց սա բավականին լուրջ հարց է: Ես կառաջարկեի մեր գործընկերներին, որ գոնե զգային մթնոլորտը, եթե իրենց պետք է քննարկումը, թող լինի, առիթ է՝ օգտագործենք, թեր ու դեմ կարծիքները հնչեն եւ այլն: Ինքս կողմ եմ Ղարաբաղի հարցով ցանկացած բաց քննարկման, բայց եթե գործը հանկարծ հասնի քվեարկության, եւ քվեարկության արդյունքները լինեն բացասական, իսկ ես վստահ եմ, որ այս պահին այդպես էլ կլինի, դրան ես դեմ եմ»: Ի պատասխան մեր դիտարկման՝ այսինքն, հիմա ժամանակը չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, պարոն Ռուստամյանն ասաց. «Ճանաչելու ձեւն ու եղանակը կա, դա ԱԺ-ով չէ, որ պարտադիր պետք է տեղի ունենա: Մինչեւ հիմա տարբեր երկրների անկախությունը ՀՀ-ն ճանաչել է նախագահի մակարդակով: Բայց ակնհայտ է, որ այսօր ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն իրենց առջեւ նման առաջնահերթություն չեն դրել: Ուրեմն, ինչո՞ւ, այս ամենը հստակ իմանալով, մենք կարող ենք քվեարկության դնել մի հարց, որը հստակ չի անցնելու: Իսկ այսպիսի համազգային հարցերը պետք է դրվեն այն պահին, երբ ոչ թե պիտի անցնեն, այլ պետք է միաձայն անցնեն: Գաղտնիք չէ, որ այդ քվեարկության արդյունքները անպայման կօգտագործվեն թե Ադրբեջանում, թե Թուրքիայում»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, ով իրեն նույնպես «կոմպետենտ» չի համարում, «Առավոտին» ներկայացրեց իր կարծիքը. «Ժառանգության» այդ առաջարկությանը ես հանձնաժողովում դեմ եմ քվեարկել եւ, բնական է, այն կարծիքին եմ, որ այդպիսի լուրջ հարցը չեն բերում անընդհատ մտցնում (ԱԺ օրակարգ- Մ. Ե.): Կարծում եմ, ընդհանրապես, ցավոք, կան կուսակցություններ, կան քաղաքական գործիչներ, որոնց համար Ղարաբաղը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Ի վերջո, արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերը որոշում են արտաքին քաղաքականության պատասխանատուները եւ իշխող կուսակցությունը: Եվ եթե այդ քայլերը վերջիններիս կողմից չեն ձեռնարկվում, ուրեմն նրանց համար ավելի տեսանելի է, թե Ղարաբաղի ճանաչումը որ փուլում է անհրաժեշտ եւ երբ է պետք: Հետեւապես, ես գտնում եմ, որ սա ժամանակավրեպ հարց է, եւ բնական է, որ ես դեմ եմ այդ հարցն այսօր քննարկելուն»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին հարցրինք՝ ի՞նչ է մտածում այն մասին, որ եւ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները եւ այժմ ընդդիմադիր Դաշնակցությունը միաձայն դեմ են արտահայտվում «Ժառանգության» հերթական նախաձեռնությանը, ավելին, գրեթե բոլորն այդ նախաձեռնությունը համարում են պոպուլիստական քայլ: Պարոն Սաֆարյանը առանձնապես հուզված չէր իր գործընկերների այս վերաբերմունքից եւ ասաց. «Նման գնահատականները թողնում եմ այդ գնահատականները տվողների խղճին, երեւի մարդիկ քաղաքականությունը ընկալում են որպես պոպուլիզմի դրսեւորում, եւ իրենք դրանով են զբաղված: Ես իրենց պիտի հիասթափեցնեմ եւ հավաստիացնեմ, որ «Ժառանգությունը» դրանով չի զբաղվում: Ավելին, ժամանակն ապացուցեց, որ ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգության» կողմից շրջանառության մեջ դրված օրինագծին դեմ բերվող բոլոր փաստարկները հիմնազուրկ էին: Ասում էին, թե դա կմեծացնի պատերազմի հավանականությունը, մինչդեռ առանց դրա էլ պատերազմի հավանականությունն այնքան մեծացավ, որ հարկադրված եղան ռուսական ռազմաբազաներին ապավինել»: Պարոն Սաֆարյանը նկատեց նաեւ, որ Հայաստանը պետք է իր օրակարգում պահի ԼՂ ճանաչման հարցը. «Եթե դա խնդիր է լուծում, եթե սթափեցնում է միջազգային հանրությանը, հասկանալի է դարձնում, որ Հայաստանը կարող է այլեւս չհանդուրժել, թույլ չտալ ադրբեջանական սադրանքները, ապա հարցը պետք է պահել օրակարգում: Ինչ վերաբերում է ինֆորմացվածությանը, ապա «Ժառանգությունը» շատ ինֆորմացված է, ղարաբաղյան հարցով այլեւս գաղտնիքներ չկան, փառք Աստծո, բոլորին են հայտնի սեղանին դրված անընդունելի տարբերակները, այնպես որ, բովանդակային առումով այն, ինչ դրված է սեղանին, մեզ համար անընդունելի է, եւ դրա պատասխանը պետք է լիներ Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից»: