Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե սեպտեմբերի 17-ին Կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ խոսվելու է ՀՀ իշխանությունների ներքաղաքական, սոցիալ-տնտեսական բնագավառում արձանագրած ձախողումների մասին: Նա իշխանություններին մեղադրել է ոչ կոմպետենտության, ապաշնորհության եւ անգործության մեջ՝ ընդգծելով, թե՝ գործող իշխանությունները, Լ. Զուրաբյանի ձեւակերպմամբ՝ «ձախողումային», «տապալական» են դարձել, քանի որ բոլոր հարցերում տապալվում են:
ՀԱԿ ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված բանաձեւի նախագծին, որի քննարկումն ու քվեարկությունը ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանից տեղափոխվել է 65-րդ նստաշրջան: Լ. Զուրաբյանի ասելով, փոխանակ Ադրբեջանի քայլերը չեզոքացնելու համար հակաքայլեր կատարելուն, իշխանությունները մի գլուխ հայտարարում էին, որ այդ փաստաթուղթը գրոշի արժեք չի ունենալու ԼՂ բանակցային գործընթացի վրա, եւ բացարձակ անգործության էին մատնվել: Ավելին, Զուրաբյանը հեգնել է, թե՝ բանաձեւի քննարկումը մի քանի օրով հետաձգելը իշխանությունները համարեցին Հայաստանի դիվանագիտական կորպուսի հաղթանակ: ՀԱԿ ներկայացուցչի դիտարկմամբ, Ադրբեջանն այդ բանաձեւը որպես գործիք է օգտագործում՝ միջազգային հանրության եւ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ-ի վրա ճնշումներ բանեցնելու եւ իր ուզածը պարտադրելու համար: Նա հենց դրանով է բացատրում նաեւ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ին ներկայացված բանաձեւը հետաձգելը՝ արձանագրելով, թե Ադրբեջանին հաջողվեց այս փուլում իր ուզածը ստանալ՝ ԼՂ-ին հարակից տարածքներում մարդասիրական առաքելություն ուղարկելու տեսքով, ուստիեւ՝ որոշեց բանաձեւի նախագիծը տեղափոխել ՄԱԿ-ի հաջորդ նստաշրջան: